Արցախի ոստիկանությունը հերքում է Շուշիի նախկին բանտարկյալի պնդումները

Արցախի ոստիկանությունը հերքում է Շուշիի քրեակատարողական հիմնարկի նախկին բանտարկյալ Տիգրան Օհանջանյանի պնդումները։ Օհանջանյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում հայտարարել էր, որ կալանավայրում գտնվելու ընթացքում բռնության է ենթարկվել տարբեր անձանց կողմից։

Արցախի ոստիկանության հայտարարությունը՝ ստորև․

«Սույն թվականի հունիսի 27-ին «Civilnet.am» էլեկտրոնային պարբերականը տեսանյութ է տեղադրել «Գալիս էին բերդ, ինձ ծեծում ու գնում․ Շուշիի նախկին բանտարկյալ» վերտառությամբ։ Տեսանյութում Տիգրան Օհանջանյան անվամբ` Շուշիի նախկին բանտարկյալը նշում է, որ 2014թ. հունիսի 1-ին զենք-զինամթերք կրելու և ապօրինի պահելու պատճառով ձերբակալել են իրեն, 13 օր անօրեն պահել, ծեծի ենթարկել և գործ հարուցել։ Կալանավայրում իրեն չեն թողել կապ հաստատել հարազատների հետ, և դատապարտել 7 տարի ազատազրկման` ավազակային հարձակման համար, այնինչ ըստ իրեն ինքը միայն զենք զինամթերք է ունեցել։

Շուշիի նախկին բանտարկյալը Շուշիի քրեակատարողական հիմնարկի մի քանի ծառայողների անուններ վկայակոչելով, նշում է, որ ծեծի է ենթարկվել ինչպես նրանց, այնպես էլ ոստիկանության քաղաքային վարչության և նախկին բիզնես գործընկերների կողմից։

Սույն տեսանյութը համացանցում հայտնվելուց անմիջապես հետո, Արցախի Հանրապետության ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի ցուցումով իրականացվել են համապատասխան ստուգումներ, որի ընթացքում պարզվել է, որ Տիգրան Օհանջանյանը 2014թ.-ի հունիսի 9-ին դատարանի վճռով մեղավոր էր ճանաչվել ԼՂՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի 2-րդ մասի, 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով, բնակարան-պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով, զենք կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների օգտագործմամբ որակող հատկանիշներով ավազակություն՝ ուրիշի գույքը հափշտակելու նպատակով հարձակում, կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու կամ դա գործադրելու սպառնալիքով կատարված հանցագործության, ինչպես նաև ևս չորս առանձին հանցագործությունների կատարման համար և դատապարտվել 7 տարի ժամկետով ազատազրկման, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի 100-ապատիկի չափով տուգանքի, այսինքն 100.000 դրամի, որը նրա կողմից վերականգնվել էր։

2016թ.-ի օգօստոսի 25-ին ԼՂՀ ազգային ժողովի կողմից ընդունված համաներման ակտի հիմքով չկրած մասից 14-ը կրճատվել և պատժի կրման ավարտին մնացել էր` 5 տարի 9 ամիս 19 օր:

2018 թվականի դեկտեմբերի 11-ին ԱՀ ոստիկանության քրեակատարողական վարչության, քրեակատարողական հիմնարկի պետի որոշման հիմքով միջնորդագիր է ներկայացվել դատարան, Տիգրան Օհանջանյանին պայմանական վաղաժամկետ ազատելու մասին, իսկ նույն թվականի դեկտեմբերի 26-ին դատարանի որոշմամբ Տիգրան Օհանջանյանը պայմանական վաղաժամկետ ազատվել է պատժի կրումից` 1 տարի 2 ամիս 3 օր չկրած մասը ըստ բնակության վայրի հսկողության տակ գտնվելու պայմանով։

Ի հերքումն տեսանյութում նշած հանգամանքների կարող ենք ներկայացնել հետևյալ փաստարկները, նախ, ԱՀ ոստիկանության ծառայողների կողմից Տիգրան Օհանջանյանի նկատմամբ բռնության՝ ծեծի ենթարկելու դեպքեր չէին կարող լինել, քանի-որ ըստ նրա անձնական գործի ուսումնասիրման պարզվում է, որ որպես օրինակելի դատապարտյալ ԱՀ ոստիկանության քրեակատարողական վարչության քրեակատարողական հիմնարկի պետի կողմից արժանացել է խրախուսման, ավելին Տ. Օհանջանյանը դիմում էր ներկայացրել քրեակատարողական հիմնարկի ղեկավարությանը խնդրելով առանց վարձատրության հիմունքների իրեն ներգրավել տեխնիկատնտեսական աշխատանքների կատարմանը։

Դիմումը բավարարվել և այդպիսի աշխատանքներ նա կատարել է քրեակատարողական հիմնարկի կաթսայատանը:

Նշենք նաև, որ քրեակատարողական վարչության քրեակատարողական հիմնարկը Արցախի Հանրապետությունում միակ ազատազրկման վայրն է, որտեղ ոստիկանության ծառայողների մուտքը իրականացվում է օրենքով սահմանված հատուկ ընթացակարգի պայմաններում, այսինքն ոստիկանության այլ ստորաբաժանումների ծառայողներ, ինչպես Տ.Օհանջանյանն է նշում մուտք գործել չէին կարող։ Քաղաքացիական անձանց մուտքը քրեակատարողական հիմնարկ ընդհանրապես արգելված է։ Բացի այդ, քրեակատարողական հիմնարկում պահվող դատապարտյալների պահման պայմանները գտնվում է ոչ միայն ԱՀ ոստիկանության ղեկավարության և հսկող դատախազի խիստ հսկողության ներքո, այլև դատապարտյալներին մշտապես այցելում և հանդիպումներ են ունենում «Մարդու իրավունքների պաշտպանի» և «Կարմիր խաչի միջազգային կոմիտեի» Ստեփանակերտի գրասենյակների ղեկավարներն ու աշխատողները։

Առնվազն տարօրինակ են հնչում Տ. Օհանջանյանի այն պնդումները, որ իբր ինքը ավազակային հարձակում չի գործել, այնինչ և նախաքննության, և դատաքննության ընթացքում ամբողջովին ապացուցվել էր Օհանջանյանի մեղքը ինչպես ավազակային հարձակման, այնպես էլ ԼՂՀ քրեական օրենսգրքի ևս 4 այլ հոդվածներով հանցագործությունների կատարման մեջ:

Եվ նախաքննության, և դատաքննության ընթացքում Տ. Օհանջանյանը բազմիցս հնարավորություն էր ունեցել անձամբ կամ փաստաբանի միջոցով վիճարկել կամ բողոքարկել իր նկատմամբ իրականացվող դատավարական գործողությունները, անօրինական գործողություններ կիրառելու դեպքում դիմել հսկող դատախազին, «Մարդու իրավունքների պաշտպանի» և «Կարմիր խաչի միջազգային կոմիտեի» Ստեփանակերտի գրասենյակների ղեկավարներին ու աշխատողները, որոնք սակայն չեն արվել:

Հոգեբանորեն կարող ենք հասկանալ ազատազրկման վայրում տարիներ անցկացրած անձի հիշողություններն ու ապրումները, սակայն ներկայացված հանգամանքները բացարձակապես իրականության հետ աղերս չունեն:
ԱՀ ոստիկանության քրեակատարողական վարչության քրեակատարողական հիմնարկի պահման բարվոք պայմանների մասին արձանագրվել է, ինչպես Արցախյան և Հայաստանյան տարբեր կազմակերպությունների, այնպես էլ օտարերկյա այնպիսի կազմակերպության հաշվետվություններում, ինչպիսին` Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակն է։

Ինչպես նշեցինք Տիգրան Օհանջանյանը կալանավայրում անցկացրած ժամանակաշրջանում արժանացել է նաև խրախուսման, ինչը իր նշված հանգամանքների պարագայում բացարձակապես անհնար է պատկերացնել:

Կարծում ենք Civilnet.am-ի պարբերականի կողմից այս հարցազրույցի հրապարակումը չի կարող տեղավորվել նման զանգվածային լրատվության միջոցին հատուկ գործելաոճում, քանի որ առանց որևէ փաստարկի ու լրագրողական հետաքննության ներկայացնելով նախկին կալանավորի անփաստարկ հանգամանքները, ուղղակի մոլորության է մատնում հասարակությանը և կողմնակալ կարծիք ձևավորում Արցախի Հանրապետության ոստիկանության քրեկատարողական վարչության քրեակատարողական հիմնարկի մասին։ Առաջարկում ենք այսուհետ զերծ մնալ անհարկի և անհիմն տեղակատվություն տարածելուց և համապատասխան հարցումներ և լրագրողական հետաքննություն անցկացնելուց հետո միայն հրապարակել դրանք։

ԱՀ ոստիկանությունը պատրաստ է համագործակցել զանգվածային լրատվության միջոցների հետ և անօրինականության դրսևորումների դեպքում առաջինը դատապարտել և օրենքով սահմանված ամենախիստ միջուցները կիրառել օրինախախտների հանդեպ։

Աղբյուրը՝ Արցախի ոստիկանություն

Տիգրան Օհանջանյանի հետ զրույցը՝ ստորև․

Մեկնաբանել