Պուտինը ասել է, թե ինչպես է ընտրվելու իր ժառանգորդը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ծավալուն հարցազրույց է տվել բրիտանական The Financial Times թերթին։ Ի շարս տարբեր հարցերի՝ Ռուսաստանի նախագահը հարցազրույցի վերջում պատասխանել է նաև իր հետնորդի վերաբերյալ հարցին (Պուտինի նախագահության ժամկետն ավարտվում է 2024թ․)։ Հարցազրույցի այդ հատվածը թարգմանաբար ներկայացված է ստորև։

– Պարո՛ն նախագահ, մեծ առաջնորդները մշտապես ժառանգորդներ են նախապատրաստում։ Լի Քուան Յուն պատրաստեց ժառանգորդներին։ Ասացե՛ք, խնդրեմ, ի՞նչ գործընթաց եք օգտագործելու Ձեր ժառանգորդին ընտրելու համար։

– Առանց որևէ չափազանցության կարող եմ ձեզ ասել, որ ես այդ մասին մտածում եմ 2000 թվականից։ Իրավիճակը փոխվում է, փոխվում են մարդկանց նկատմամբ որոշակի պահանջները։ Եվ վերջնարդյունքում ես, առանց որևէ սեթևեթանքի, չափազանցության ու պերճախոսության, կարող եմ ասել, որ վերջին հաշվով որոշումն ընդունելու է ռուսաստանցի ժողովուրդը։ Գործող ղեկավարը ինչ էլ և ինչպես էլ որ անի, ում էլ և ինչպես էլ որ ներկայացնի, վերջին խոսքը ընտրողինն է՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացունը։

– Այսինքն, ընտրությունը ռուսաստանցի ընտրողների կողմից պետք է հավանության արժանանա Դումայի միջոցո՞վ։

– Ինչո՞ւ Դումայի միջոցով։ Գաղտնի ուղղակի քվեարկության միջոցով, համընդհանուր գաղտնի քվեարկության։ Իհարկե, դա այնպես չէ, ինչպես ձեզ մոտ՝ Մեծ Բրիտանիայում։ Մերը ժողովրդավարական երկիր է (ծիծաղում են)։

Ձեզ մոտ մեկ ղեկավարը հեռացավ, երկրորդ ղեկավարը, որը փաստացի պետության առաջին դեմքն է, առաջին դեմքը, որ ղեկավարում է գործադիր իշխանությունը, չի ընտրվում բնակչության գաղտնի ուղղակի քվեարկությամբ, ընտրվում է իշխող կուսակցության կողմից։

Մեզ մոտ այդպես չէ, մեզ մոտ ժողովրդավարական երկիր է։ Մեզ մոտ եթե պետության առաջին դեմքը ինչ-ինչ պատճառներով հեռանում է,- պարզապես պետական գործունեությունը դադարեցնելու ցանկության, ինչպես դա արեց Բորիս Նիկոլաևիչ Ելցինը կամ լիազորությունների ժամկետի ավարտի պատճառով,- մեզ մոտ իրականացվում է ամբողջ երկրի բնակչության գաղտնի ուղղակի քվեարկություն։

Այդպես կլինի նաև այս անգամ։ Իհարկե, գործող ղեկավարը միշտ էլ ինչ-որ մեկին աջակցում է, և այդ աջակցությունը էական է, եթե նա ինքը վայելում է ժողովրդի հարգանքն ու վստահությունը, սակայն վերջին հաշվով ընտրությունը Ռուսաստանի Դաշնության քաղաքացունն է։

– Չեմ կարող չնկատել, որ նախքան ընտրությունները Դուք նախագահի պաշտոնակատարն էիք։

– Այո, հենց այդպես էլ եղել է։ Եվ ի՞նչ։ Ես պաշտոնակատար էի, իսկ որպեսզի ընտրվես և լինես պետության լիարժեք գլուխը, հարկավոր էր գնալ ընտրությունների, ինչը և արեցի։

Ես շնորհակալ եմ Ռուսաստանի քաղաքացիներին, որ այն ժամանակ և հետագա տարիներին նրանք ինձ վստահեցին լինելու Ռուսաստանի պետության գլուխը։ Դա մեծ պատիվ է։

Մարիա Եղիազարյան

Մեկնաբանել