Ունենալու ենք համեմատաբար զով և տեղումնառատ հուլիս․ Սուրենյան

«Այս տարվա հուլիսին հանրապետության տարածքի եղանակակալիմայական պայմանների ձևավորման վրա իրենց հիմնական ազդեցությունն են թողնելու Սև ծովից ներթափանցող խոնավ և սառը օդային հոսանքները»,- տեղեկացնում է արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։ 

Նա նշում է, որ դրանով պայմանավորված՝ հուլիսին միջին ամսական ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է 1 աստիճանով նորմայից ցածր, իսկ տեղումների քանակը՝ նորմայից ավել։ Սա նշանակում է, որ ունենալու ենք համեմատաբար զով և տեղումնառատ հուլիս։

Հանրապետության ամենաշոգ վայրերում (Արարատյան դաշտ, Սյունիքի հովիտներ, Երևան) ամսվա ընթացքում ընդամենը 2-3 օր օդի ջերմաստիճանը կարող է բարձրանալ ընդամենը +37․․․+38 աստիճան։