Հակակոռուպցիոն նոր ծրագրով ՀՔԾ-ն լուծարվելու է

Հայաստանի հակակոռուպցիոն նոր ռազմավարության նախագծով` Հատուկ քննչական ծառայությունը լուծարվում է։ Այս նախագիծը հանրային քննարկման է դրվել իրավական ակտերի հրապարակման e-draft.am կայքում։ 

Նախագծում նշվում է, որ Հայաստանի վերջին՝ երրորդ, հակակոռուպցիոն ռազմավարությունը նախատեսված էր 2015-2018 թվականների համար, ուստի 2018 թվականի դեկտեմբերին ռազմավարության գործողության ժամկետն ավարտվել էր։ Նոր նախագիծը ամրագրում է 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրի սահմանումը:

Նախագծով առաջարկվում է Հատուկ քննչական ծառայության կոռուպցիոն, կազմակերպված և պաշտոնեական հանցագործությունների քննության վարչության հաստիքները և գործիքակազմը տրամադրել Հակակոռուպցիոն կոմիտեին։ Բացի այդ, ըստ նախագծի՝ Հատուկ քննչական ծառայության Խոշտանգումների և մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության և Ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության գործառույթները համապատասխան հաստիքներով և գործիքակազմով փոխանցվելու են Քննչական կոմիտեին։

Այսօր Հատուկ քննչական ծառայության ղեկավար Սասուն Խաչատրյանը անդրադարձել է նախագծին՝ ասելով, որ այն արդեն հրապարակվել է. «Եթե այն կարդաք, կտեսնեք, որ նոր հակակոռուպցիոն մարմնի ստեղծումը ենթադրում է ՀՔԾ-ի լուծարում, բայց դա դեռ նախագիծ է, կոնկրետ օրենք այս պահին շրջանառության մեջ չկա, կապրենք-կտեսնենք»,- ասել է։

Գևորգ Թոսունյան