Դատախազությունն ի ցույց դրեց, որ իսկապես նոր Հայաստանի դատախազություն է․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետության դատախազության ստեղծման 101-րդ տարեդարձի և Դատախազության աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին: Վարչապետը հանդես է եկել ելույթով և շնորհավորական խոսք հղել դատախազության բոլոր աշխատակիցներին։ Ստորև՝ Նիկոլ Փաշինյանի ելույթից մի հատված։

«Վերջին մեկ տարվա ընթացքում դատախազության գործունեությունը գնահատում եմ արդյունավետ: Սա չի նշանակում՝ անթերի, ես կարծում եմ՝ մեզանից ոչ մեկի գործունեությունն անթերի չէ, և, ցավոք, դժվար է ասել` կկարողանանք մենք հասնել կատարելիության, թե ոչ: Բայց վերջին մեկ տարվա ընթացքում ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության դատախազությունը հստակ ի ցույց դրեց, որ Հայաստանի Հանրապետության դատախազությունն իսկապես նոր Հայաստանի դատախազություն է և պատրաստ է իրականացնել այն առաքելությունը, պատրաստ է կատարել այն գործառույթը, որ Հայաստանի Հանրապետության իշխանության բարձրագույն կրողը՝ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը, դնում է նրա առաջ:

Այս առումով ես ուզում եմ դատախազության բոլոր աշխատողներին շնորհակալություն հայտնել իրենց կատարած աշխատանքի համար և հույս հայտնել, որ առաջիկայում այդ աշխատանքը կլինի ավելի արդյունավետ և ամեն օրվա, ամեն տարվա հետ Հայաստանի Հանրապետության ավելի ու ավելի շատ քաղաքացիներ, բոլոր քաղաքացիները կտեսնեն, որ դատախազությունն իրենց դատախազությունն է, իրենց ապագան ապահովող դատախազությունն է:

Առաջիկա մեր անելիքներն այս առումով շատ պարզ են. հանցագործը պետք է ստանա իր անխուսափելի պատիժը: Հայաստանի Հանրապետությունից պետք է արմատախիլ արվի քրեական ենթամշակույթը: Հանցագործի տեղը բանտում է և հանցագործի տեղն այնտեղ է, հանցագործն ազատության մեջ պիտի հայտնվի այն պայմաններում, երբ մենք բոլորս ունենանք երաշխիքներ, որ հանրության համար նրա ազատության սպառնալիքներն առնվազն կառավարելիության տիրույթում են: Գլխավոր դատախազը նշեց, ես ուզում եմ շեշտել, որ կոռուպցիայի դեմ պայքարում, այո՛, մեր գործունեությունը, դատախազության գործունեությունը պետք է լինի առավել արդյունավետ: Ընդ որում, կոռուպցիա ասելով մենք չպետք է հասկանանք, այսպես ասած, նախկին կամ ներկա կոռուպցիա: Կոռուպցիան կոռուպցիա է՝ անկախ նրանից դա թույլ է տրվել նախկինում գործած պաշտոնյայի կողմից, թե թույլ է տրվում այսօր գործող պաշտոնյայի կողմից: Այս առումով մենք իսկապես անցյալի և ապագայի ճամփաբաժանի և խաչմերուկի առաջ ենք կանգնած, և ես կարծում եմ, որ իրավապահ համակարգի ամենակարևոր առաքելությունն անցյալի առաջ, բառիս նաև փոխաբերական իմաստով, կարմիր լույս վառելն է և ապագայի առաջ կանաչ լույս վառելը, և այդ ապագայի հասանելիությունը, այդ պաշտպանված, իրավական, օրինական ապագայի հասանելիությունն ապահովելը»։

Մեկնաբանել