Փորձագիտական խումբը կպարզի՝ ինչ առողջական վիճակում է Մանվել Գրիգորյանը

Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի միասին եզրակացություն կներկայացնի միջգերատեսչական փորձագիտական խումբը։ Հուլիսի 2-ին նման որոշում կայացրեց Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը։ Հունիսի 18-ին միջնորդությամբ էր հանդես եկել մեղադրող կողմը, սակայն միջնորդության քննությունը հետաձգվել էր։

Այսօր Գրիգորյանի պաշտպանները հանդես էին եկել նրա խափանման միջոց կալանքը փոխելու կամ նրան 10 մլն դրամ գրավով ազատ արձակելու միջնորդությամբ, սակայն դատարանն այն ամբողջությամբ մերժեց։ Այնուհետև դատավորն անդրադարձավ վերոնշյալ միջնորդությանը։ Փորձագիտական խումբը պետք է պատասխանի մի շարք հարցերի, այդ թվում՝ պարզի, թե ինչ հիվանդություններ ունի ամբաստանյալը, արդյոք այդ հիվանդությունները համապատասխանում են կառավարության որոշմանը և կարող է նա կալանքի տակ մնալ այդ պայմաններում։

Պաշտպանական կողմն իր հերթին հարցեր առաջ քաշեց, օրինակ՝ ինչ առողջական վիճակում է եղել Մանվել Գրիգորյանը կալանավորվելիս, և ինչ վիճակում է այժմ։ Ըստ պաշտպանների՝ Գրրգորյանի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է կալանավորման ընթացքում։

Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և պահելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ: Նա կալանավորվել էր 2018-ի հունիսին։

Դեկտեմբերին նա ազատ արձակվեց՝ խափանման միջոցը առաջին ատյանի դատարանը փոխարինեց 25 միլիոն դրամ գրավով։ 2019թ․ հունվարի 22-ին, սակայն, Վերաքննիչ քրեական դատարանը բավարարեց դատախազության բողոքը, և Գրիգորյանը կրկին կալանավորվեց։

Նազիկ Ամիրյանը մեղադրվում է ամուսնու, որդու և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով իրենց պատկանող երեք տներում ռազմամթերթ, պայթուցիկ նյութեր պահելու, ինչպես նաև տարբեր տեսակի հափշտակություններ կատարելու մեջ։

Գևորգ Թոսունյան

Մեկնաբանել