Լիբերալիզմի ավա՞րտ․ Պուտինի հայտարարությունը՝ քաղաքագետների անկյունից

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Financial Times թերթին տված հարցազրույցում ասել է, որ լիբերալիզմը իրեն սպառել է։ BBC-ի ռուսական ծառայությունը հոդված է հրապարակել, որում տարբեր քաղաքական և հասարակական գործիչներ վերլուծում են Պուտինի միտքը։ Հոդվածը թարգմանաբար ներկայացված է ստորև։

Պուտինն ասել է, որ լիբերալիզմի դարաշրջանը անցել է։ Ի՞նչ են այդ մասին մտածում քաղաքական փիլիսոփաները։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Financial Times թերթին տված հարցազրույցում հայտարարել է լիբերալիզմի դարաշրջանի ավարտի մասին։ Նրա կարծիքով՝ լիբերալիզմի գաղափարը «իրեն վերջնականապես սպառել է», իսկ նրա այնպիսի տարրեր, ինչպիսին օրինակ բազմամշակութայնությունն է, ցույց են տվել իրենց անհիմն լինելը։

«(Լիբերալ գաղափարախոսության) մի քանի տարրերից․․․ մեր արևմտյան գործընկերները խոստովանել են, որ դրա մի քանի տարրեր պարզապես իրատեսական չեն՝ բազմամշակույթայնություն և այլն։ Օրինակ, երբ միգրացիայի խնդիրը սկսվեց, շատերը խոստովանեցին, որ այն [բազմամշակույթայնությունը – խմբ․], ցավոք, չի աշխատում, և հարկավոր է հիշել հիմնական բնակչության շահերի մասին», – ասել է Պուտինը։

«Այսինքն՝ մեզ համար էլ ամեն ինչ հեշտ չէ, բայց մենք գործում ենք, գոնե ձգտում ենք, աշխատում ենք այդ ուղղությամբ։ Սակայն այդ լիբերալ գաղափարախոսությունը ենթադրում է, որ ընդհանրապես ոչինչ անել պետք չէ։ Սպանի՛ր, գողացի՛ր, բռնաբարի՛ր՝ քեզ հետ ոչինչ չի լինի, քանի որ դու փախստական ես, հարկավոր է պաշտպանել քո իրավունքները։ Ի՞նչ իրավունքներ։ Խախտում ես արել, պատժվի՛ր։ Դրա համար էլ հենց այդ գաղափարախոսությունը իրեն սպառել է, և այն հակասության մեջ է մտել բնակչության ճնշող մեծամասնության շահերի հետ»,- ասել է Պուտինը։

Լիբերալ գաղափարները իրո՞ք սպառել են իրենց։ BBC-ի ռուսական ծառայությունը դրա մասին հարցրել է քաղաքական տեսաբաններին։

Աբբաս Գալյամով, քաղաքագետ

Հայտնի է, որ ժողովրդավարությունը ալիքներով է գալիս։ Յուրաքանչյուր ալիքից հետո տեղի է ունենում ժամանակավոր հետընթաց, երբ որոշ երկրներում ավտորիտարիզմը ինչ-որ ժամանակ փոխարինում է ժողովրդավարությանը։ Հիմա հենց այդպիսի հետընթացի շրջան է․ այն հետևել է 70-ականների վերջից մինչև մոտ 2000-ականների սկիզբը տևած ժողովրդավարական ալիքին։

Այդ ժամանակաշրջանները մշտապես ուղեկցվում են լիբերալիզմի անկման մասին խոսակցություններով։ Այդպես է եղել նաև անցած դարի 30-ականներին և 60-ականներին։ Այն միշտ նույն ձևով է ավարտվում՝ ժողովրդավարական նոր տարանցումներով առաջին հերթին ավտորիտար երկրներում և լիբերալիզմի նկատմամբ հավատի համատարած վերականգնումով։

Պուտինի վարկանիշի անկումը և երկրի ներկայիս կուրսի ճշտության հանդեպ կասկածներ ունեցող ռուս ընտրողների թվի էական աճը, որոնց մենք հետևում ենք վերջին տարում, վկայում են այն մասին, որ հետընթացը ավարտվում է, և ոչ հեռու ապագայում կսկսվի ժողովրդավարական նոր ալիք։ Նախորդը սկսել էր Պորտուգալիայի «մեխակների հեղափոխությունից», իսկ այժմյանը, հնարավոր է, շուտով սկսվի Ռուսաստանում։

Կոնստանտին Գաազե, սոցիոլոգ, Մոսկվայի սոցիալական և տնտեսական գիտությունների բարձրագույն դպրոցի դասախոս

Նույնիսկ Ստալինի ժամանակ գաղափարները չէին մահանում ու ծնվում պետության ղեկավարի հրամանով։ Ես չեմ կարծում, որ Վլադիմիր Վլադիմիրովիչը հստակ պատկերացնում է՝ որտեղ է ավարտվում լիբերալիզմը և որտեղ սկսվում նեոլիբերալիզմը, որն էլ հենց նա քննադատում է։

Լիբերալիզմը որպես կառավարման համակարգ, իհարկե, իրեն սպառել է։ Սակայն լիբերալիզմի գաղափարախոսության հետ դա ոչ մի կապ չունի։

Զանգվածների և էլիտաների բախման և դրա հանդեպ անվստահության աճի պատճառը այն չէ, որ էլիտան կտրվել է մարդկանցից։ Չկա քաղաքացիների առանձին զանգված և էլիտա։ Կան հասարակության առանձին խմբեր, որոնցից մարդիկ գոհ են կամ ոչ։ Միշտ այդպես է եղել և կշարունակվի նույն կերպ։

Այս դեպքում դա պոպուլիզմի հերթական կծիկի լավագույն բացատրությունը չէ։ Խնդիրն այն չէ, որ էլիտան կտրվել է հասարակությունից, այլ այն, որ Արևմուտքի երկրները, և ոչ միայն Արևմուտքի, այլ բոլոր երկրները 2008-ի ճգնաժամից հետո բախվում են այնպիսի մարտահրավերների, որոնց մասին պատկերացում ունենալ չէին կարող։

Վյաչեսլավ Դանիլով, քաղաքագետ, Քաղաքական վերլուծության կենտրոնի գիտական ծրագրերի ղեկավար

Վլադիմիր Վլադիմիրովիչը, իհարկե, փոքր ինչ խտացրել է գույները և հանդես է եկել այնպես, որ իր ասածը լսելի լինի։ Կա «պուտինիզմ» եզրույթը։ Պուտինիզմները հետզհետե զարգանում են Վլադիմիր Վլադիմիրովիչի և նրա կերպարի հետ։

Այստեղ Վլադիմիր Վլադիմիրովիչի ասածը լիբերալիզմի և դրա ճգնաժամի մասին բնականաբար արտացոլում է ոչ միայն նրա տեսակետը, այլ իրականում նաև քաղաքագիտական կորպուսի բավականին մեծ թվով ներկայացուցիչների։ Այն ըստ էության արտահայտված է հեգնական, ինչը հատուկ է Վլադիմիր Վլադիմիրովիչի ներկայիս տեսակին, Պուտինի ներկայիս տարբերակին։

Մեզ միշտ սովորեցրել են, որ Ռուսաստանում կան որոշ խնդիրներ, որ կան ժողովրդավարության ինչ-որ չափանիշներ։ Մեզ սովորեցրել են, որ հարկավոր է Ռուսաստանի քաղաքական համակարգը և քաղաքական մոդելը կառուցել արևմտյանի օրինակով՝ ակնարկելով ամերիկյան և եվրոպական չափանիշները։

Եվ մենք տեսնում ենք, որ մեր ուսուցիչները իրենք են հայտնվել փակուղում։ Այսինքն՝ այն արժեքներն ու նորմերը, որոնք նրանք մեր գլխին են կապել, ոչ թե սխալ են, այլ՝ ճգնաժամի մեջ։ Հենց դա էր ուզում ընդգծել Պուտինը իր խոսքում։

Լուսինե Վարդանյան

Կարդացե՛ք նաև՝

Պուտինը ասել է, թե ինչպես է ընտրվելու իր ժառանգորդը

Մեկնաբանել