88-ին, երբ «միացում» էինք վանկարկում, Զանգելանի հետ միանալու խնդիր չկար

Միչիգանի համալսարանի Դիրբորնի մասնաճյուղի Հայագիտական հետազոտությունների կենտրոնի տնօրեն, պատմաբան, դոկտոր Արա Սանջյանը հարցազրույց է տվել ՍիվիլՆեթին։ Ի շարս տարբեր հարցերի՝ պրոֆեսոր Սանջյանն անդրադարձել է Արցախի խնդրի շուրջ ներկա մոտեցումներին, «Արցախը ծախելու» մասին պնդումներին։

– Հայ իրականության մեջ, ընդհանրապես, վերջին երկու-երեք տասնամյակներում Արցախի հարցում տեղի ունեցավ արմատականացում։ 1988-ին ես ուսանող էի Երևանում, հանրահավաքներին սկսեցի մասնակցել երրորդ կամ չորրորդ օրվանից։ Առաջին օրը իբրև սփյուռքահայ ուսանող զգույշ էի։ Բայց, ինչքան որ գիտեմ, առաջին շաբաթը, երբ «միացում, միացում» էինք վանկարկում, Զանգելանի հետ միանալու խնդիր չկար։ Հիմա դարձել է, որ Զանգելանը կամ Կուբաթլուն տալը ազգային մեծ դավաճանություն է։ Ի դեպ Իսրայելում նույն ձևով է եղել սկզբում։ Շատ ավելի մեղմ էին 1967-ի հաղթանակից հետո, քան այսօր։

Կարելի է նման զուգահեռներ գտնել։ Ես կարծում եմ, որ Հայաստանում ով էլ գա իշխանության,- արդեն չորրորդ գործադիր իշխանության ղեկավարն է անկախությունից հետո,- բոլորն էլ վերջիվերջո որոշակի իրականության առջև գիտակցում են միջազգային ակնկալիքների, միջազգային հարաբերությունների ավանդույթները, Հայաստանի աշխարհագրական և տնտեսական սահմանափակումները։ Բոլորն էլ գիտակցում են, որ ինչ-որ տեղ, եթե լուծումը պետք է լինի խաղաղ,- և կարծում եմ բոլոր հայերն էլ նախընտրում են, որ լուծումը լինի խաղաղ, շատ քիչ փոքրամասնություն կա, որ ուզում է պատերազմը շարունակվի,- զիջումներ պետք է լինեն։ Բայց բոլոր իշխանություններն էլ զգույշ են խոսելու այդ մասին ժողովրդի հետ, որովհետև արմատականցման խնդիրը կա։

Ինձ համար ցավալի է, որ իրար մեղադրում են Արցախը ծախելու մեջ։ Ես կարծում եմ, որ դա սխալ քաղաքականություն է։ Այսինքն՝ առաջին, երկրորդ, երրորդ նախագահը և առաջին գործադիր իշխանություն ունեցող վարչապետը, երբ իրենք կամ իրենց անմիջական շրջապատը իրար մեղադրում է Ղարաբաղը տալու, Մեղրին տալու մեջ և այլն, անհարկի սրում են քաղաքական վիճակը Հայաստանում։ Դրանով մենք առավելապես կաշկանդում ենք մեր դիվանագետների դերը, որովհետև, եթե հայ-ադրբեջանական տագնապը Ղարաբաղի շուրջ, դրա հետ կապված բոլոր հարցերը՝ Նախիջևանը, Ադրբեջանի ցանկությունը մի օր տիրանալու Երևանին, մեր ցանկությունը՝ հասնելու Կուր-Արաքսի խառնարան,- ամբողջը պետք է ագուցված լինի Ղարաբաղի հարցի լուծմանը։ Պետք է լինեն շատ երկար և ծանր բանակցություններ, և հավանաբար պետք է գտնվի մի չնաշխարհիկ մոդել Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման, որ մասամբ բավարարի մեր կենսական պահանջները և մասամբ գոհ պահի ադրբեջանցիներին, որպեսզի իրենց կողմից ստորագրող անձը կարողանա Ադրբեջանի ժողովրդի գոնե կեսից ավելիի հավանությանն արժանանա։ Այլապես, եթե իրար գլուխ ջարդելով պիտի լինի հարցի լուծումը՝ պարտված կողմը միշտ պիտի ոխ պահի։ Կարող են ասել, որ թուրքական կողմը լուծել է հայկական հարցը, միջազգայնորեն որևէ մեկը աջակից չէ մեր պահանջներին, բայց հայերը 1970-80-ական թվականներին զինված ակտերով, լոբիստական աշխատանքներով անընդհատ գրգռում են Թուրքիային և Թուրքիայի գլխին անընդհատ փորձանք բերում։

– Ուզում եք ասել, որ նույնը կանեն ազերիները մե՞ր նկատմամբ։

– Հաղթելը պատերազմում դարձյալ խաղաղություն չի բերի։ Խաղաղություն կարող է լինել միայն երկարաժամկետ բանակցություններով։ Եթե որևէ մեկը հայկական կամ ադրբեջանական կողմից մեծ հաղթանակ է ուզում, ապա խաղաղության պայքարում հուսախաբ կլինի։ Անհնար է հաղթել, և դիմացինը երգով- պարով ընդունի իր պարտությունը՝ երկուստեք։ Ղարաբաղի հարցը մի կողմ թողնենք։ Այստեղ ես դժգոհ եմ բոլոր նախագահներից և իրենց շրջապատներից։ Ենթադրում եմ՝ նրանք կարող են շատ հանգիստ իրենց շրջապատին զսպել, որպեսզի իրար չմեղադրեն Ղարաբաղ ծախելու մեջ կամ Մեղրին տալու մեջ, որովհետև այդ բոլորն ի վերջո անլուրջ է։ Այսինքն՝ Հայաստանում չի եղել նախագահ, ով պատրաստ է Ղարաբաղը՝ Ստեփանակերտով, Մարտունիով, Հադրութով, տալ Ադրբեջանին։ Վստահ եմ, որ Հայաստանում չի եղել նախագահ, որ Մեղրին պիտի տար ադրբեջանական իշխանության, ինչպես որ այսօր Հորադիզի շրջանն է, կամ Նախիջևանն է, որը միջանկյալ լուծումներ ունի։ Մենք ավելորդ սրում ենք այս հարցերը, որ օգտակար չէ հանրային համերաշխության համար։ Իհարկե, տարակարծություններ պիտի լինեն ռազմավարական հարցերով և այլն՝ թե ինչ լուծում է մեզ հարմար, նույնը պետք է լինի Ադրբեջանում, եթե մենք մի օր գնանք խաղաղության բանակցությունների։

Գեղեցիկ Ոսկանյան

Մեկնաբանել