#Բռնության_ձայնը․ նամակներ Լյուսիին

Չեխ աղջիկ Էվայի՝ վերջերս տարածված պատմությունը Հայաստանում սեռական բռնության և ոտնձգությունների թեմայի վրա մեծ ուշադրություն է հրավիրել։ Lրագրող Լյուսի Քոչարյանն իր ֆեյսբուքյան էջում #բռնության_ձայնը հեշթեգով հրապարակել է իրեն ուղարկված բազմաթիվ նամակներ, որտեղ աղջիկները պատմում են իրենց նկատմամբ բռնությունների մասին։ ՍիվիլՆեթը առանձնացրել է հրապարակված անանուն պատմությունների մի մասը՝ առանց խմբագրման։

Այնքան էր քսմսվել ինձ իր կեղտոտ մարմնով, սիրտս խառնում ա, որ հիշում եմ

Ուրեմն մի 8֊9 տարի առաջվա պատմություն ա, մի տեսակ արդեն կարողանում եմ գրել սրա մասին, չնայած երկրորդ մարդն եք, ում սա պատմում եմ՝ մամայիցս հետո։ Սա ես գրում եմ հատուկ նրա համար, որ այնպիսի տպավորություն չլինի, որ սա ինչ-որ եզակի դեպք ա, կամ արտառոց մազերի հետևանք։

Ուրեմն ընկերուհիս, որը նաև աշխատանքային կոլեգաս էր, հրավիրել էր ռեստորան ինչ որ երեկույթի։ Շատ լավ ժամանակ անցկացրինք, արդեն պետք է տներով գնայինք, իր ծանոթը առաջարկեց հասցնել աղջիկներին տներով, և այդպես վերջում մնացի ես, և նա ինձ տուն տանելու փոխարեն բերեց ինչ-որ անծանոթ մի վայր, խլեց հեռախոսս, և հետագա իր գործողությունները կարծես Էվայի նկարագրած նույնանման սցենարով լինեին։ Տանջում էր ինձ, փորձում էր թուլացնել, ես ուղղակի Էվայի պես հրաշքով դուրս պրծա դրա ձեռքերից, վազում էի գիշերով (չէի նկատել, որ գիշեր է նույնիսկ, քանի որ, ինչպես կատուն, մկան պես խաղում էր ինձ հետ, տանջում, բաց թողնում, ուզում էր՝ հանձնվեի և ինքնակամ թույլ տայի աներ ինձ հետ, այն ինչ ուզում էր։

Բայց ես հաղթեցի, կարողացա փախչել, չնայած դա շատ կասկածելի հաղթանակ էր, քանի որ այնքան էր քսմսվել ինձ իր կեղտոտ մարմնով, սիրտս խառնում ա, որ հիշում եմ։

Մի խոսքով՝ փախա, ինքը վազեց իմ հետևից, բայց արդեն այն Արմենի նման՝ կարծես բան չի եղել, իրան գժի տեղ դնելով, առաջարկում էր բարիշենք… Մեքենա էի կանգնեցնում, մեկը կանգնեց, դեռ երկար հետապնդում էր ինձ, հետո կանգնեցրեց մեքենան, վարորդին խնդրեց ինձ դուրս հրավիրի, քանի որ կարևոր խոսակցություն ունի, իմ ծանոթն է։

Մի պահ վարորդը երկմտում էր, բայց որոշեց շարժվել, ես իրեն գումար առաջարկեցի։

Այդպես ես հասա տուն, համարյա լուսաբացին։

Ինչ էր կատարվում ինձ հետ, նույնիսկ չեմ կարող բացատրել, պառկել էի կուչ եկած, ու մտածում էի՝ ինչ անեմ։ Քանի որ բռնաբարություն տեղի չէր ունեցել, չգիտեի՝ ինչպես ապացուցեմ եղածը.. զանգեցի կոլեգայիս, եկավ, ասեց որ ՊԵԿ-ում պաշտոնյա է նա, ու իրան ոչինչ չեն անի…

Սա տեղի է ունեցել Երևանում, ոչ թե խուլ ինչ որ տեղ, նման մարդիկ մեր կողքին են։

Ես այդպես էլ ոչինչ չարեցի, փորձեցի մոռանալ, բայց այս պատմությունը վերքերս նորից թարմացրեց…»։

Միակ բանը, որ մտքումս պտտվում էր, ո՛ր տարբերակով ինքնասպան լինեմ

Մի տղայի հետ էի ծանոթացել, մի քանի անգամ հանդիպեցինք, ու նորմալ ադեկվատ մարդու տպավորություն թողեց, էդ ժամանակ ես մենակ էի ապրում Երևանում: Մի անգամ երեկոյան զանգեց, թե գործերով ձեզ մոտ եմ լինելու, վերջացնեմ գամ ձեր տուն կինո կնայենք միասին, ես էլ՝ հիմարս, առանց որևէ հետին մտքի ասեցի՝ հա արի: Ամեն ինչ էնքան հանկարծակի ու արագ եղավ, որ ես չկարողացա նունիսկ դիմադրել, ձեռքով էլ բերանս փակել էր, որ գոռոցս ու լացս հարևանները չլսեին:

Մինչ այդ ես կույս էի: Չասեմ դրանից հետո ինչ կարգի վնասվածքներ էի ստացել, որ ստիպված էի վիրահատվել անմիջապես ու ոսիկանությունում էլ ստիպված խաբել ասել եմ, թե իբր իմ կամքով ա եղել, ինքն էլ ընկերս ա, որովհետև ինքը փաստաբան էր ու նախօրոք զգուշացրել էր, որ լավ կապեր ունի, ու, եթե բողոքեմ, դրանից մենակ ես եմ տուժելու: Քանի ամիս ուշքի չէի գալիս, ոչ մեկին չէի կարող պատմել, միակ բանը որ մտքումս պտտվում էր էն ժամանակ դա ոչ թե ապրեմ, թե ոչ, այլ՝ ո՛ր տարբերակով ինքնասպան լինեմ: Բարեբախտաբար վիրահատությունից հետո՝ վերքերս լավանալու հետ, ես էլ քիչ-քիչ ուշքի եկա, կարողացա կիսվել ընկերուհուս հետ, ու ինքը շատ օգնեց ինձ: Բայց մինչև հիմա ես ահավոր վախենում եմ սեռական հարաբերությունից: Չգիտեմ, հուսամ կգա մի օր, որ աղջիկները ինձ նման չեն վախենա, և Հայաստանում էլ ադեկվատ վերաբերմունք կստեղծվի էս կարգի հանցագործությունների հանդեպ։

Պատմությունները կարդալիս նորից նույն ապրումներս հիշեցի ու համ ձեզ գրում էի, համ լացում։

Տնեցիներին չպատմեցի, որովհետև գիտեի, որ իրենք էլ ուրիշների նման ինձ էին մեղադրելու, ասելու էին՝ դու ես տուն թողել իրեն ու դրանով հրահրել։

Վերջին բռնաբարությունից հետո սթափվեցի, քանի որ կողքս ոչ մեկ չունեի

Այս ամենը կարդալով՝ ես նույնպես վերապրեցի իմ բոլոր զգացումները: Հիմա, որ մեկ-մեկ հիշում եմ, մտածում եմ՝ ինձ հետ չէր կարող նման բան լինել, ու ընդամենը ֆիլմ ա եղել: Ընտանեկան շատ վատ շրջանում էի գտնվում, ծնողներս բաժանվել էին, և մայրս Հայաստանում չէր:

Այդ ընթացքում ծանոթացա մի հասուն տղայի հետ, ու ես՝ հիմարս, մտածեցի, որ Աստված ա իրեն ուղարկել, որպեսզի ինձ թև ու թիկունք լինի և օգնի դուրս գալ բարդ հոգեբանական վիճակից։

Բայց իմ «թև ու թիկունքը» սկսեց իմ թույլ վիճակից օգտվել: Չեմ նշում բազմաթիվ ստորացումները, որոնք հիմնականում այսպիսին էին` սկի մամադ ա քեզ թողել-գնացել, ով պիտի քեզ փրկի, հետս չխոսաս` պապայիդ ու եղբորդ կվնասեմ, բոլորի մոտ քո անունը կգցեմ, քեզ ոչ մեկ չի ուզի ու չի հավատա:

Հանդիպում չի եղել, որ առանց բռնության անցնի, թե՛ ֆիզիկական, թե՛ սեռական և թե՛ հոգեբանական: Հանդիպումներին նույնիսկ արդեն դանակով էի գնում առանց վարանելու, որ կամ իրեն կսպանեմ կամ լավագույն դեպքում ինձ:

Երբ արդեն պիկին էր հասել ամեն ինչ, վերջին բռնաբարությունից հետո սթափվեցի, քանի որ կողքս ոչ մեկ չունեի, պատմեցի ամենամոտ ընկերուհուս մայրիկին:

Բնականաբար զանգահարեց այդ կենդանուն և սպառնաց, որ ոստիկանություն կդիմի: Էլ չնշեմ՝ ոնց էր արդարանում ու ասում, որ ինձ սիրում ա, ուղղակի մի քիչ «իմպուլսիվնի» ա: Ոստիկանություն ցավոք չդիմեցինք, որովհետեւ գիտեի, որ էլի մեծ կապեր ունի ու ինձ սխալ կհանեն: Բայց այդ զանգից հետո վախեցել էր և ինձ հանգիստ թողեց:

Աղջիկներ ջան, ուզում եմ ասել, որ վախը ճահիճ ա, մի վախեցեք և դիմեք համապատասխան մարմինների, որովհետև դրանց նմանները մի փոքր վտանգ տեսնելով դառնում են Կուռկուռի ձագ»։

Իմ ծննդյան օրը ինձ շնորհավորելու էր եկել

Ես գյուղում եմ ապրում, ու նմանատիպ դեպք պատահել է ինձ հետ 5 տարի առաջ գյուղում՝ երևանցի տղայի կողմից, ով իմ ծննդյան օրն ինձ շնորհավորելու էր եկել։

Չմանրամասնեմ այդ պատմությունն ինչպես է պատահել, բայց արդեն 5 տարի քնում ու արթնանում եմ այն մտքով, որ մեղավորը պատժվելու է։

Ոչ մեկի չեմ պատմել դրա մասին, ուղղակի այդ դեպքից հետո 4 տարի ապրել եմ արտերկրում ամոթից ու այն զգացումից, որ հասարակությունն ինձ կեղտոտված ու մեղավոր կհամարի։

5 տարի անց ես դարձել եմ ավելի ուժեղ ու հարմարվել այդ իրականության հետ մարմնով, բայց այդ ցավը, որ առաջացել է հոգուս մեջ, չի ջնջվում։

Աղջի՛, հանգիստ մի հատ, դու սաղի՞ն ես սենց դժվար տալիս

Հինգ տարի է արդեն Հայաստանում չեմ ապրում։ Ապրել եմ 3 տարբեր երկրներում, տարբեր ազգերի հետ, բայց ոչ մի անգամ մեկը նույնիսկ վատ տոնով հետս չի խոսել։

Բայց եղավ բռնաբարության փորձ։ Արտասահմանում։ Հայ տղայի կողմից։

Սովորում եմ համալսարանում, որտեղ բացի local-ներից ու մոտ 70 ազգից, նաև մոտ 10 հայ երիտասարդ է սովորում։

Ապրում ենք ուսանողական հանրակացարանում, շատ ապահով ա, ու համալսարանի 90% էլ ա ապրում էդտեղ.. Ուրբաթ գիշերը որոշեցի ֆիլմ դիտել shared area-ում, ճիշտ է՝ կարևոր չի, բայց որ հայ հասարակության սիրտը լինի հանգիստ` առանց make up էի, մաքսիմալ փակ հագնված ու blanket-ի տակ։

Հայ տղա ուսանողներից մեկն անցնում էր սենյակի մոտով ու մտավ, բարևեց, խոսեցինք ու սկսեց մեղմ պատահական ոտքին կպնելուց մինչև «աղջի հանգիստ մի հատ, դու սաղի՞ն ես սենց դժվար տալիս», «հերիքա քաշքշես, թուլացի, գիտեմ, որ դու էլ ես ուզում» …

..․բայց բռնաբարություն չհասցրեց գրանցվել, գոռալուս ձայնը լսել էին.. մի հատ էլ ցավացնեմ հայերիս․ փաստորեն ապագա թուրք ընկերս փրկեց իրավիճակը։

Խոսեցի համալսարանի հետ, ասեցին ոստիկանություն պետք է դիմենք։

Ծնողներն իմացան, որ իրենց տղային պատրաստվում էին դեպորտ անել Հայաստան ու սկսեցին կապվել իմ ծնողների հետ, ու, քանի որ ես փախել եմ հայաստանցի սեքսիստ, ռասիստ ծնողներիցս, ստիպված էի դիմումս հետ վերցնել։

Դեռ էդ երկրում անչափահաս էի, եթե հայրս իմանար, նույն պահին ինձ հետ կտաներ Հայաստան, ու ես կլինեի մեղավոր, դրդող, ինձ թույլ տված և այլն։ Հայաստան հետ գնալ չէի ուզում։

Հիմա չափահաս եմ, փորձեցի դիմել ոստիկանություն, բայց բավական ապացույց չունեի, քանի որ երկար ժամանակ էր անցել։

Ինքը մնաց անպատիժ, ես` հայ տղամարդկանց ատող։

Շնորհակալ եմ, որ տարածում ես բոլորի պատմությունները»։

Պապս ձեռքով ինձ սիրում, օրգազմի էր հասցնում

7 տարեկան էի, պապիկս` 80-ն անց։ Պապս ձեռքով ինձ սիրում, օրգազմի էր հասցնում, ԷՆՔԱՆ ՏԱՐԻ՝ մինչև մահացավ։ Մեծացա, հասկացա. ծանր եմ տարել։ Պապիս մասին մինչև օրս էլ միայն դրական բաներ են պատմում. լավ մարդ էր, ափսոս, ողորմի։ Հիմա 43 տարեկան եմ, 16, 17 տարեկան երեխաներ ունեմ։ Երբեք սեռական հարաբերությունից հաճույք չեմ ապրել, առաջին ու վերջին հաճույքը մանկության հիշողություն ա։ Որը քիչ էր մնում ինքնասպանության, խելագարության հասցներ, երբ հասկացա։

Հիմա էլ հետ եմ նայում ու լիքը հարցեր։ Ինչի՞ ՍԻՐՎԱԾ, ՀԱՐԳՎԱԾ պապի, ինչի՞։ Էդ մասին գիտեմ ես, մահացած պապս ու մեզ բռնացրած 7 տարեկան դասընկերուհիս։ Ու չգիտեմ՝ ինչի պատմեցի քեզ, Լուսի՛»։

Մեկ ա կույս չես, ինչ ուզենք, կանենք

Էս պատմությունը, ի տարբերություն մյուսների, զոհի կողմից չի, իրա ցավերի ու հենց դեպքի մասին չի։ Նողկալի հասարակության մասին ա։

Խիստ, ավանդապահ, օրինապաշտ կլասիկ հոր ու ընտանիքի օրինակով։ Առավոտ դասի, դասից տուն։

Ի տարբերություն գյուղի մյուս աղջիկների, մեզ (ինձ ու քրոջս) ամեն ինչ կարելի էր, ու դեռ դպրոցական տարիներից հենց մենք էինք որոշում՝ ուզում ենք էսինչ տեղը գնալ, թե՝ ոչ։

Ու հարցնելու, խնդրելու փոխարեն, ուղղակի տեղեկացնում էինք տանը։

Բայց պատմությունը մեր մասին չի, մենք ուղղակի գյուղում միակն ենք, որ գիտենք էս մասին։

Մի քանի տուն էն կողմ պատկերը շաաատ-շաաատ ուրիշ էր։

Կես ժամ ուշ տուն հասնելու միակ պատճառը կարար լիներ միայն տրանսպորտի ուշանալը։

Ու էս կես ժամ ուշացումների ընթացքում մեր պատմության գլխավոր կերպարը հասցնում էր սիրահարվել, ռոմանտիկ հանդիպումներ ունենալ, հիասթափվել, նորից մեկին հանդիպել (տիպիկ թինեջրական վարք), մինչև էտ անմեղ հանդիպումներից մեկն ավարտվեց բռնաբարությամբ։

Բայց մեր հերոսուհին չի համակերպվում էդ դեպքի հետ, ու անընդհատ փորձում ա պատժել էս մարդուն։ Մինչև մի օր մի աղջկանից նամակ ա ստանում նման բովանդակությամբ. «արդեն քայքայված ընտանիքս մի քանդի, մի թող էրեխեքս առանց հեր մնան, գիտեմ, որ իմ ամուսինը սուրբ չի, ու որ սա միակ դեպքը չի»:

Էս դեպքից հետո Հերոսուհուն անընդհատ մարդիկ են զանգում, տարբեր սեքսուալ առաջարկներ անում, հետապնդում են, բա թե «մեկա կույս չես, ինչ ուզենք կանենք»:

Հետապնդումները կամաց-կամաց վերանում են։

Կյանքը շարունակվում ա, տարիներ են անցնում, հերոսուհին մի հրաշք ընկեր ա ունենում, որի հետ պետք ա նշանադրվեն, ամուսնանան, ու որոշում ա, որ ոչինչ չպետք ա թաքցնի էտ մարդուց։

Պատմությունը իմանալուց հետո երիտասարդը ասում ա, որ չի մեղադրում ոչ մի բանում, բայց հարաբերություններն էլ չի կարող շարունակել։

Ու որոշվում ա․ «Իմ կյանքում հանդիպած, ոչ մի տղամարդ այլևս չի իմանալու էս դեպքի մասին»։

Հենց էտպես էլ շարունակում ա ապրել ու ամուսնանում ա արհեստական կուսաթաղանթով, որովհետև իրեն 7-8 տարի առաջ բռնաբարել են։

Էս ամենի մասին ոչ մի գաղափար չունեն մեր հերոսուհու ծնողները, որովհետև տրանսպորտը ուշանում էր երբեմն կես ժամ, երբեմն՝ 40 րոպե։ Մեկ-մեկ էլ ճանապարհին փչանում էր, ստիպված ուրիշ մեքենայով էին տուն գալիս։

Ու երբ ականատես եմ լինում հարևանների խոսակցություններին, կողքից նայում եմ ու մտածում՝ ուրիշների մասին ամենաշատը խոսող, բոլորի անկողինները քննարկող, մարդկանց բարոյական սանդղակով ամենաակտիվ վեր ու վար անողները հենց էս աղջկա ընտանիքի անդամներն են, իրենց թվում՝ նաև հայրը։

Ու հենց էս զզվելի տեսակը չի նկատում, թե ոնց են քանդում մարդկանց հոգեկան աշխարհը, ոնց են փչացրել իրենց աղջկա երիտասարդության տարիները, ոնց ա իրանց տեսակը մակաբույծի պես մտել մարդկության մեջ, հիվանդ մթնոլորտ ստեղծել։

Դե իրենց հետ ոչինչ չի կարող պատահել, իսկ հարևան Զավենչոյի աղջիկը թույլ ա տվել»։

Շորերը հագից հանել էին ու ներհրման փորձ արել

«..․ ընկերոջն էր բերել, որ առաջինն ինքն անի»։

«Ընկերուհիս ծանոթացել էր տատու անող մի տղայի հետ բավականին տարօրինակ հանգամանքներում։ Ի սկզբանե, այգում մեզ էր մոտեցել մի կին ու աշխատանք առաջարկել՝ տատուի մոդել, ավելի մանրամասների համար առաջարկել էր այցելել իրենց սալոն։

Ուսանող էինք, ջահել ու հետաքրքրասեր, որոշեցինք այցելել։ Ոչ մի մոդելի գործ էլ իրականում չկար, պարզապես սալոնի տերը, որը նաև տատու անողն էր, որոշել էր այդ կերպ ծանոթանալ ընկերուհուս հետ։

Ներքին ձայնս հուշեց, որ տղան այն չէ, ինչ ներկայանում է։ Մի քանի անգամ զգուշացրի ընկերուհուս, որ հեռու մնա։ Ինձ խոստացավ, որ կապ չունի հետը, բայց խաբել էր։ Որոշ ժամանակ անց ընկերուհիս կտրուկ փոխվեց. դարձել էր շատ անտրամադիր ու մտահոգ։

Երկար հարցուփորձից հետո պատմեց, որ այդ տղան իր ընկերոջ հետ բռնաբարության փորձ են կատարել, որը բարեբախտաբար մինչ վերջ չի եղել հասցնել։

Տղան ամուսնացած էր. պարզվեց՝ ստել էր, թե բաժանված ա, բացի դա, էպիլեպսիկ էր, ու իր ասելով չէր կարող կուսությունից զրկել էպիլեպսիայի պատճառով։

Դրա համար այդ օրը ընկերոջն էլ էր կանչել, որ առաջինը նա անի։ Հետո արդեն առաջարկում էր մշտապես միասին լինեն, բայց զուտ սիրուհու կարգավիճակ։

Անգամ շորերը հագից հանել էին ու ներհրման փորձ արել, բայց երևի վախեցել էին, ու ընկերուհիս կարողացել էր հրել, չեմ հիշում արդեն ինչով՝ խփել մեկի գլխին ու մի կերպ հագնվել, դուրս վազել սալոնից։ Իհարկե ոչ մեկին չի դիմել, միայն ամիսներ անց ինձ պատմեց»։

Մորքուրիս տղան ինձ նստացնում էր գիրկը ու խաղում հետս

Փոքր էի, 6 տարեկան, ու գրեթե ամեն օր մամայի հետ մորքուրենց տանն էինք լինում։ Ես նստում էի սենյակում ու հեռուստացույց նայում, մաման ու մորքուրն էլ խոհանոցում էին լինում։ Մորքուրիս տղան ինձ միշտ նստացնում էր իր գիրկը ու խաղում էր հետս։ Հետո խաղերը դառնում էին համբույրներ, համբույրները շոյանքներ, ու հենց մաման կամ մորքուրը գալիս էր, ինքը նորից սկսում էր խաղալ ինձ հետ։

Ես երբեք ոչ ոքի չեմ ասել սա, ու դաժե ինձ չէի ուզում հիշեցնել պատահածը։

Ու հիմա ես 21 տարեկան եմ, ու երբ գնում եմ մորքուրիս տուն, ու իր տղան գալիս ա, որ գրկի ու բարևի, ես ահավոր վախեցած ու չուզենալով եմ դա անում։ Հիմա էլ մեկ-մեկ զգում եմ, որ փորձեր անում ա, բայց գոռում եմ վրան ու սպառնում, որ կասեմ մորքուրին»։

Առաջին անգամ սեռական բռնության ենթարկվել եմ մորաքրոջս տղայի կողմից

Երևի չորս տարեկան էի, երբ առաջին անգամ ենթարկվել եմ սեռական բռնության մորաքրոջս տղայի կողմից: Նա մտավոր զարգացման թեթև խնդիր ուներ: Հաճախ էր գալիս մեր տուն, երբ տանը մարդ չէր լինում: Մենք գյուղում էինք ապրում: Ինձ միշտ թվում էր, թե իր գրպանում խնձոր կա։ Դե հիմա եմ հասկանում, որ գրգռված անդամն էր:

Մի օր ինձ տարավ իրենց տուն, պառկացրեց փորի վրա, ու պառկեց ինձ վրա: Ինձ համար իրականում շատ տարօրինակ էր, թե ինչ է անում: Շարժվում էր հետ ու առաջ, հետո ինձ թվաց, թե ես միզել եմ, այնինչ սերմնահեղուկն էր մարմնիս վրա: Եկա տուն, վախեցած էի:

Մայրս բարկացավ, ծեծեց ինձ, ու ես էդպես էլ երբեք չպատմեցի, թե ինչ է եղել ինձ հետ: Հետո հաճախ էր գալիս, սեռական բնույթի գործողություններ էր անում: Ու էնքան, մինչև ես հասկացա, որ կարող եմ ինձ պաշտպանել»։

Մարդը, որ 60-ն անց էր, ես՝ 4-5 տարեկան, նստացնում էր գիրկը ու շոյում

Մինչ մամայիս ընկերուհին իր հոր հետ գալիս էր մեր տուն, մինչև մամաս ընկերուհու հետ խոհանոցում սուրճ էր եփում, էդ մարդը, որը 60-անց էր, իսկ ես 4-5 տարեկան, նստացնում էր գիրկը ու շոյում: Էդ տարիքում չէի հասկանում՝ ինչ ա կատարվում ինձ հետ, մենակ բնազդաբար զգում էի, որ տհաճ ա: Մեծացա, հետո հասկացա կատարվածը։

Իսկ մորաքրոջս տղան.. Ամառները գնում էինք Վանաձոր՝ տատիկ, պապիկի մոտ, մորաքրոջս մոտ։

Մի անգամ, երբ ես սենյակ մտա բարձ բերելու, մորաքրոջս տղան մտավ սենյակ ու առնանդամը քսեց: Ես չհասկացա էլ՝ ինչ կատարվեց, բայց արդեն 10-11 տարեկան էի։

Գիշերը մտավ անկողինս ու սկսեց նույնը կրկնել, զզվելի էր ինձ համար, բրդում էի, որ ազատվեի։

Ու էդ ապրումներից նյարդային դող բռնեց, շատ ուժեղ էի ցնցվում։ Մորաքույրս տեսավ վիճակս, իմացավ եղելությունը ու տղային մի լավ ծեծեց: Էդ օրվանից էլ մոտ չի եկել։

Հիմա էս ամեն ինչը շատ ապատիկ կերպով եմ վերապրում, երևի պաշտպանական մեխանիզմն ա աշխատում։

Տատը թոռնուհուն տանում էր 70 տարեկան տղամարդու մոտ

Մեծացել եմ բազմազավակ ընտանիքում: Մեր տան կառավարողը տատս էր, մի հիվանդ, չար ու անգրագետ կին:

Մայրս շատ երիտասարդ էր, երբ ստիպողաբար ամուսնացրին հորս հետ, ուստի խոսքի ոչ մի իրավունք չուներ: Գրեթե ամեն օր ծեծի էր ենթարկվում հորս և տատուս կողմից:

Մեզ մանկուց արգելված էր գրկել ու սիրել, ինչն էլ հետագայում պատճառ հանդիսացավ ինձ հետ տեղի ունեցածի:

Մեր տանից քիչ հեռու կրպակ կար, որտեղ մի 70-ն անց տղամարդ նպարեղեն ու ալկոհոլ էր վաճառում: Երբ 7 տարեկան էի, տատս սկսեց ինձ տանել էդ տղամարդու մոտ ու թողնել, սկզբում՝ կարճ ժամանակով, հետո՝ արդեն ավելի երկար: Դրա դիմաց գումար ու ապրանք էր վերցնում:

Էդ մարդը հետս սեռական բնույթի գործողություններ էր անում ու ասում, որ շատ է սիրում ինձ, գումար էր առաջարկում, որ տանը ոչ մի բան չասեմ:

Զզվելի էր, չէի հասկանում ոչ մի բան, բայց զզվելի էր: Տատուս խնդրում էի, որ էլ չտանի, որ ինձ հետ անհասկանալի բաներ է անում, ու նորից լսում էի, որ ինքը ուղղակի ինձ շատ է սիրում: Էդպես որոշ ժամանակ, մինչև դպրոցները սկսեցին: Երբ մեծացա, հասկացա, թե ինչ էր կատարվել ինձ հետ: Նկարագրել այն, ինչ զգում եմ, չեմ կարող, էտ ամենը միշտ ինձ հետ ա:

Մեծ տարիքում էլ բռնաբարության փորձ, զուտ որովհետև մի տղամարդ ինձ տեսել էր հետևանց նստած ու որոշել, որ պետք է տիրանա:

Տղամարդիկ կմտածեն, թե չափազանցություն է, բայց անընդհատ փորձում են դիպչել, մի զզվելի ակնարկ անել, կապ չունի որտեղ, ինչ իրավիճակում:

Տղամարդկանց հանդեպ չարացած չեմ, բայց ոչ էլ մոտ եմ թողնում: Չեմ կարողանում նույնիսկ հարազատ եղբորս գրկել, ինչքան էլ գիտեմ, որ ինձ չի վնասի:

Շնորհակալ եմ։

Մազերիցս բռնած գետինը մաքրում էր

Ես, որպես բռնության զոհ, պատրաստ եմ նկարահանումների։ Ես բացի իմ գրած դեպքից շատ բան կարող եմ պատմել մեր հայուգեների համար, թե ինչու չի կարելի երեխային պառկեցնել մեկ սենյակում կամ նույն մահճակալում և սեքսով զբաղվել, և երեխան ամբողջ գիշեր չքնի ապրումներից։

Ես փոքր տարիքում отчим եմ ունեցել, ու լավ հիշում եմ թե ինչպես էր փորձում շոյել ինձ, ձեռքերին ազատություն տալիս, մազերիցս բռնած գետինը մաքրում, իսկ երբ մամայիս պատմեցի՝ ծիծաղում էր երեսիս, առանց ամաչելու ասում էր, սենց կնիկ ունեմ, ինչիս ես պետք чихотка. Բայց նա փախավ սիրուհու հետ, բախտս դրանով բերեց, թե չէ գործը անավարտ չէր թողնի։

Որ այդ ամեն ինչը ծռում է մարդու աշխարհընկալումը, թերարժեքության մի այնպիսի կոմպլեքսներ է հաստատում, որ մինչև կյանքի վերջ քեզ անարժան ես զգում, նևրոտիկ ես դառնում, և դա լավագույն տարբերակն է։ Ես ինձ երբեք երջանիկ և գեղեցիկ չեմ զգացել, միայն հիմա եմ հանգստացել, սեփական լավ ընտանիք կազմելուց հետո։

Սաղ կյանք բոզի պիտակով եմ ապրել

Անմիջական ու շփվող բնավորությանս պատճառով սաղ կյանք համարյա բոզի պիտակով եմ ապրել։ Սաղ կյանքն էլ՝ տենց 14-ից սկսած։ Էս սեռաքաղց հասարակությունում ով չէր ալարում՝ նստում հայտարարում էր, որ քնել ա հետս, ու առաջարկները, քսմսվողները, ռեպլիկաներ թողողները անընդհատ ավելանում էին, ես էլ ուժեղ աղջկա պես արհամարհում էի, մինչև որ մի օր այգում մեկը չփորձեց զզվելի անդամը մեջս մտցնի։

Հիշում ու զզվում եմ մինչև հիմա։ Խոտերի վրա էի, պանիկայի մեջ գոռում էի ու թպրտում, բայց շատ կորած տեղ էր, ու ոչ մեկ չկար։ Անդամն ինձ կպավ թե չէ, դեմքս փակեցի ու սկսեցի լացել։ Մի 15-16 տարեկան էի։ Լացիս վրա մենակ կենդանության նշան ցույց տվեց, նայեց վրես ու թե բա՝ «գյոթ ըլնեմ, կարո՞ղ ա ցելկա ես»։

Ավելի հիստերիկավարի էի լացում, վրայիցս վեր կացավ ու թե բա «մրսում ես, շորերդ հագի»։ «Մարդու չես ասի, չէ՞»։

Դե չէ, չասեցի, որովհետև մեկ ա ոչ մեկ չէր հավատա, իսկ ես փոքր էի, վախենում էի, չգիտեի՝ ինչ ա պետք անել, ու տենց էլ չասեցի։

Երկրորդ դեպքը 17-ում էր, մոտիկ ընկերս էր, 24 տարեկան էր։ Միակ տղեն էր, ում վստահել ու ինձ էդքան-էդքան շատ մոտիկ էի թողել։ Քնից զարթնեցի ու էլ կույս չէի։ Ինքն էլ պնդեց, որ արյուն չի եկել, որ լավ էլ գիտի, որ մեկ ա կույս չէի, բայց կույս էի, ու ինքն էլ գիտեր, ուղղակի արդարանում էր։ Ինչքան էլ աբսուրդ ա, բայց էսքանով չեն ավարտվում բռաբարության (փորձի) մասին հիշողություններս։

20 տարեկան եմ, ինքը 30 էր։ Մի երկու բառ խոսեցինք Ցոյից, մյուզիքից, ներողություն խնդրեցի ու զուգարան գնացի։ Դուռը բացեցի, որ դուրս գամ, ներս մտավ, պաչեց, բրդեցի ու դուրս եկանք։ Կիրովականում էր, փաբում։ Կիրովականում էի ապրում կատվիս հետ, վարձով, մենակ։ Հետևիցս եկավ, զոռով բարձրացավ տուն, ոչ մի բան չէի կարա անեի։ Անադեկվատ էր շատ, էդ օրն երկու անգամ բռնաբարության փորձ արեց իմ տանը։ Նևրոտիկ եմ քանի տարի ա։ Ուժեղ ցնցվում էի ու ապուշացած էի, վախեցած, շոկի մեջ։ Տեսավ,որ չի կարում, որ ռեֆլեքսներս լավ են աշխատում, որ չեմ համոզվում, ու սկսեց քֆուրներ տալ, հետո սենց տեքստ «Երբ որ 3 տարեկան էի,հերս կանչեց ու ասեց՝ տղես, դու տղա ես, դու պուպուլ ունես ու ինչքան աղջիկ տենաս պետք ա դոմփես»։ Լույսը բացվեց, էդ օգտագործած բաները անցան երևի, սկսեց ներողություն բան խնդրել, ասեցի, որ ներել – չներելու բան չունեմ ու ուզում եմ՝ ուղղակի գնա, ու էլ իրան կյանքում չտեսնեմ։ Հետո էլի տեսա, փաբում, ոչ մի կոնտակտ չեղավ։ Տուն էի գալիս, դուռը չհասրի ներսից փակեմ, մինչև բանալին կպտտեի՝ դրսից հրեց, ներս մտավ ու ամենավատ քֆուրներով սկսեց ծեծել, իսկ ես իրա անունն էլ չգիտեի։

Ընթացքում «Ես ուզեմ ու դու չտա՞ս աղջի» ,«Սուրբ ես ձևանում, հա՞» ու քֆուրներ, քֆուրներ, ահավոր քֆուրներ։ Սաղ ջանս կապույտ էր, ձենս գոռալուց կտրվել էր արդեն, ու ամեն ինչ ավարտվելուց ու իրա գնալուց հետո նոր հարևաններս դուրս եկան։

Ոստիկանություն դիմեցի, ահավոր ծաղրական էին ու ի միջայլոց։ Ակնհայտ էր արդեն, որ ջրելու են գործը։ Առերեսում եղավ, նագլիավարի ասեց, որ սուտ եմ ասում, որ մարդ եմ վարձել, որ ինձ ծեծեն։ Էնքան զզվելի էր ամեն ինչ ։ Հետապնդման մոլուցք ունեմ, որ դրանից հետո ավելի սրվեց։ Արական սեռը չեմ ատում կամ էլ ինձ շուտ-շուտ ասում եմ տենց, որ համոզեմ։Գործը մնաց օդում կախված, բոլորը գրեթե համոզում էին, որ դիմումս հետ վերցնեմ, որովհետև 3 տարեկան աղջիկ ունի, որովհետև արդեն շատ դատվածություններ ունի, ու իրեն բան չի տալու բանտը, իսկ ես հետ չվերցրի, բայց գործն անուղղակիորեն ջրվեց։ էսքանն էլ ինձնից։

Երկար ժամանակ զզվում էի սեռական հարաբերություն ունենալու մտքից

Ուրեմն 16 տարեկան էի, ինքը երևի մի 25֊26։ Ընկերուհուս ընկերոջ ընկերն էր, միասին մի երկու֊երեք անգամ կինո/սրճարան էինք գնացել, իմ հանդեպ քնքուշ֊հոգատար էր, էդ ժամանակ դա ինձ դուր էր եկել։

Հերթական անգամ կինոյից հետո, երբ ընկերուհիս ու իր ընկերը գնացին, էս տղան ասեց՝ արի մտնենք էս սրճարանը թեյ խմենք։ Մտանք, «կուպե» էր, նման տեղում առաջ չէի եղել։ Ուզեց համբուրի, խնդրեցի, որ չանի, ու ասացի, որ ուզում եմ տուն գնալ։

Բազմոցի վրա էինք նստած, բրդեց գցեց մեջքիս վրա, բլուզս ճղեց, ու սկսեց համբուրել, չէի կարողանում ազատվել, ուժեղ էր, ես էլ՝ վախեցած սկզբից, միայն լացում էի ու խնդրում, որ չանի։

Անդամը հանեց ու սկսեց քսել փորիս ու ոտքերիս, սկսեցի գոռալ արդեն, ձայնիս վրա մատուցողուհին եկավ, դուռը սկսեց ծեծել, ու հարցնել՝ ինչ ա կատարվում։ Ինքն արագ հագնվեց, ես անշարժ նստել էի, ինձ էլ կարգի բերեց, գլուխս բռնեց երկու ձեռքով ու ասեց՝ ոչ մեկի ոչ մի բան չես ասում, ասեցի՝ լավ։

Տարավ տուն։ Երկար ժամանակ տանից դուրս չէի գալիս, մերոնց ասում էի՝ ուզում եմ սենյակումս դաս անել։ Զանգում էր, որ ճշտեր՝ ասել եմ ինչ֊որ մեկին, թե չէ։ Դրանից չորս տարի հետո էլ զանգեց մի անգամ։

Ինչևէ, երկար ժամանակ մարդկանց հպումներից վեր էի թռնում ու զզվում սեռական հարաբերություն ունենալու մտքից։

Հիմա գիտեմ, որ ընտանիքս հաստատ ինձ կաջակցեր, բայց էն ժամանակ ես էի ինձ էդ ամենի մեղավորը զգում։ Ընտանիքս մինչև օրս չգիտի, դրա համար եմ անանուն գրում։

Մամայիս հետ էի, ավտոբուսում՝ լիքը մարդ, ու ես ծպտուն անգամ չհանեցի

Պատմածս շատ ծանր բան չի (համեմատած էսօրվա կարդացածներիս հետ), բայց կարող ա մամաները, պապաները, դասատուներ, դաստիարակները պետքական հետևություններ անեն։Ես երևի 6-7 տարեկան էի մամայիս հետ ավտեբուս էինք նստում, ռուս զինվոր իմ ետևից բարձրացավ, ու ավտոբուսի աստիճաններով բարձրանալուց ձեռքը տարավ ոտքերիս արանքն ու վարտիքիս քաշքշեց: Ես սարսափած էի, մինչև նա իջավ իրանց զորամասի մոտ։ Հետո օրեր շարունակ վախեցած շրջվում էի, ինձ թվում էր հետևումս կանգնած ա լինելու։

Ամբողջ սարսափը նրանում ա, որ ես մամայիս հետ էի, ավտոբուսում լիքը մարդ, ու ես ծպտուն անգամ չհանեցի:

Մենք ապրում ենք Երևանում, ծնողներս կիրթ մարդիկ են, ինձ երբեք ոչինչ չեն արգելել, իմ կարծիքը միշտ ազատ արտահայտել եմ, երբեք սեռով պայմանավորված ճնշումներ չեմ ունեցել, միշտ քաջալերել են, որ ինքնուրույն որոշումներս կայացնեմ, ունենամ սեփական կարծիք։ Բայց ես սարսափած լռեցի ավտոբուսում։ Որովհետև տեղի ունեցածն անհայտ բան էր, ինձ անհասկանալի, ես գիտակցում էի, որ սխալ ա, անթույլատրելի բան ա տեղի ունեցել, բայց մեկ ա ինձանից ծպտուն դուրս չեկավ։

Շատ կարևոր ա, որ երեխաների հետ խոսեն ու բացատրեն նման վտանգները, որ եթե հանկարծ պատահի նման բան, երեխան ԿԱՐՈՂԱՆԱ ԲԱՌԵՐ ԳՏՆԵԼ պատմելու համար, իսկ որ ամենակարևորն ա, կարողանա ինքն իրեն պաշտպանել»։

Գիտեմ՝ ուզում ես՝ հետը խաղաս

Դեռ վաղ դեռահասության տարիներից հանրային տրանսպորտում ու կանգառներում տղամարդիկ ու պապիկները, մի քանի անգամ նաև տատիկներ, մոտենում խոսացնում էին: Հարցնում էին ընկերուհի ունեմ թե ոչ, սեքս արել ե՞մ, մեծերը դուրս գալիս ե՞ն: Հաճախ նաև շոյում էին կամ քսմսվում:

Ամեն ձև փորձում էի փախնել, բայց ավելի էի վախենում աղմուկ հանելուց, հանկարծ ոչ ոք չնկատեր: Լինում էր, որ շուտ էի իջնում, էնքան որ փախնեմ էդ զզվանքից:

Մի անգամ կանգառում սպասում էի, մեքենա մոտեցավ ու մի տղամարդ, հարցրեց ուր եմ գնում, ասեց նստեմ կտանի: Սկզբից մերժեցի, բայց համոզեց հետո, ասեց հարևան մարդ ա, ճանաչում ա ընտանիքիս ու նույն ուղղությամբ ա գնում, խնդիր չկա:

Հիմար երեխա էի, նստեցի: Սկսեց տարբեր բաներ պատմել ու խոսել, հետո գնաց սեռական թեմաներին: Պատուհանին կպած նստել էի, երազում էի արագ հասնենք գնամ: Մեկ էլ ձեռքս տարավ առնանդամին, ասեց «գիտեմ՝ ուզում ես հետը խաղաս»: Մինչ ես քարացած ուշքի էի գալիս, ինքը պատմում էր որ կին ունի ու պետք ա մի օր կազմակերպել, որ երեքով հանդիպենք «լավ ժամանակ անցկացենք»:

Տեղ հասանք, գնացի ու փորձեցի կյանքում չհիշել դա: Էդ մարդուն էլ երբեք չհանդիպեցի մեր բակերում, բայց միշտ սովորություն էր աջ ու ձախ նայել: Մեկ էլ տեսար: Դեռ անչափահաս էի, տարիներ են անցել, ոչ ոքի չեմ պատմել:

Բա չե՞ս ուզում հոպարին պաչես

Գյուղում էի ապրում, 10 տարեկան էի, փոքր գյուղ էր՝ բոլորը բոլորին գիտեին, մեր ընտանիքն էլ գյուղի հարգվածներից էր։ Բարեկամ ունեինք, ընտանիքի հետ շփում կար, իրանից մենակ գիտեինք, որ Ռուսաստանում բանտում նստած ա, հետո իմացանք, որ եկել ա։

Սկսեց մեր տուն գալ հաճախ։ Պապան ու մաման աշխատում էին, 8֊ից շուտ տուն չէին գալիս,տատիկ ունեի, բայց չունենալու հաշիվ էր՝ ինքն իր գործերով, կողքին հրդեհ լիներ՝ չէր նկատի։ Շուտ էր գալիս, ծնողներիս տուն գալու ժամից շուտ։

Գալիս սկզբում ասում էր՝ էս բա չե՞ս ուզում հոպարին պաչես, ու ինձ թվում էր որ իրոք ամոթ ա որ ես չեմ ուզում «հոպարին պաչեմ», հետո ավելի հեռուն գնաց ամեն ինչ՝ մինչև լրիվ մերկացնել, (ինքն էլ տաբատն էր հանում), քսմսվում..ատամներս սեղմած սառած կանգնում էի։

Հետո մերոնք տուն էին գալիս ասում՝ կոֆե դիր հոպարի համար։ 4 ամիս տևեց, մինչև պապան գործից դուրս եկավ, սկսեց տանը լինել, նա էլ սկսեց չգալ։ Ես չգիտեի ինչ ա եղել ինձ հետ, այսինքն չգիտեի էն ինչ եղել ա՝ ինչ ա։

Մեծանալու հետ մաման սկսեց հետս խոսել, ասում էր՝ եթե տենց բան լինի՝ վերջ, համ դու ես կործանված, համ մենք։

Ես էլ մտածում էի էդ հենց էդ ա, ու որ քիչ չի իմ կյանքն եմ կործանել, մի հատ էլ՝ ընտանիքիս անունը։ Տենց 4 տարի..4 տարի էդ մտքերով ու լուռ, մինչև դասարանի աղջիկներին տարան գինեկոլոգիական ստուգումների, աղջիկները քչփչում էին, որ հեեենց էդ են ստուգելու, վախեցած էի, մտածում էի՝ ամբողջ գյուղը կիմանա… պարզվեց բանը բուն ակտին չէր հասել։ Բայց էլ ի՞նչ էր տալու դա ինձ…»։

Չեմ պատմել մի հրեշավոր պատճառով, անիծյալ պատճառով… Երբ մի հասարակությունում արական սեռի կենդանին մանկուց դաստիարակվում ա ոնց բռնարար ու բռնաբար դառնա, բայց զոհ ա դառնում, պատմի ավելի կթիրախավորվի: Նշանակում ա ինքը այլևս գայլերի ոհմակից չի, իրեն էլ կարելի ա «որսալ»:

Թոռներին նստացնում էր սեռական օրգանի վրա

Մեր հարևան ոստիկանի պապան, պապիկիս մոտիկ ընկերն էր, ու ես իրանց բակում իրա թոռների հետ շատ էի խաղում։

Հետո եմ հասկացել, որ ինքը թոռներին նստացնում էր սեռական օրգանի վրա ու բարցրացնում իջացնում (չգիտեմ ոնց բացատրեմ), սեղմում էր էրեխեքի նստատեղով իրա անդամը, ու թաղամասի բոլոր երեխեքին։

Մի անգամ էլ ընկերուհիս բողոքեց, որ ինքը չի ուզում ու զոռով ա նստացնում, ինձ էլ շատ ուժեղ գրկում էր ու թքոտ պաչում ու լեզվով թուշս լպստում։

Եկա մամայիս պատմեցի, ու մաման ահավոր վատ զգաց իրան, չէի էլ հասկանում ինչի։ Տենց հիշում եմ, որ ինձ էլ չէր թողնում մենակ գնամ պապիկի տուն, որովհետև էդ տականքը միշտ մեր տանն էր։

Հիմա եմ հասկանում, որ 15-ից ավել մանկահասակ երեխու հետ ինչա արել ու դեռ թոռների հետ ինչեր, չգիտեմ, ու հլը չի սատկել։

Զանգում էր, ասում, որ մի ժամից պատրաստ լինեմ, ուղիղ մի ժամից գալիս էր, գործն անում

17 տարեկան էի, երբ համալսարան ընդունվեցի ու պիտի տեղափոխվեի Երևան՝ մենակ ապրելու։ Հենց առաջին օրը, երբ պիտի մենակ մնայի, զանգեց մի տղա, ում հետ օնլայն հարթակում ամիսներ շարունակ շփվել էինք, նույնիսկ քննություններին իրար օգնելով պատրաստվել։ Երեկոյան ժամը յոթի կողմերն էր, ու, քանի որ քաղաքին ընդհանրապես ծանոթ չէի, մեր հասցեն ասացի, որ գա ու էս տարածքում զբոսնենք։ Եկավ, չգիտեմ ինչ խոսեց, ոնց համոզեց, ինչ-որ նշանվելու հետ կապված բաներ էր ասում, որ իբր քանի դեռ նշանված չենք մեզ չպետք ա դրսում միասին տեսնեն։

Ինչ-որ հիմարություններով չգիտեմ ոնց համոզեց ու բարձրացանք մեր տուն։ Դրա հաջորդ կադրը մեկ էլ հիշում եմ, որ լաց էի լինում, բայց վախենում էի բարձր ձայն հանել։

Պապայիս ընկերը մեր հարևանությամբ էր ապրում, ու ինքնապաշտպանության դիմելու փոխարեն լրիվ ֆիզիկական ցավերս անջատած միայն մտածում էի՝ խայտառակ չլինենք հարևանների մոտ, պապաս գլուխը կախ չքայլի իմ պատճառով, որովհետև ես եմ դուռը բացել էդ մարդու առջև, ես եմ միակ մեղավորը։

Ու սկսեց զանգել մի քանի օրից, սիրտը նորից էր ուզել։ էսօրվա պես հիշում եմ տասնութ հատ բաց թողած զանգ էր գրած հեռախոսիս վրա, մեկ էլ հանկարծ պապաս զանգեց, թե բա՝ բալես էսինչ համարից նոր զանգել էին, քեզ էին հարցնում։ Ես էլ շոկի մեջ հետ զանգեցի իրան ու սկսվեցին շանտաժի երեք անվերջանալի թվացող ամիսները։

Մերոնց համարները հեռախոսիցս ֆիքսել էր, երևի համ էլ զգացել էր որ խելոք եմ, մարդու չեմ ասի, մի բան էլ իմ դեմ էր որոշել օգտագործել իմ խելոքությունը։

Զանգում էր, ասում, որ մի ժամից պատրաստ լինեմ, ուղիղ մի ժամից գալիս էր, գործն անում, ու կապ չուներ՝ ես ինչ վիճակում էի, դաշտանի օրերիս էլ էր գալիս, լրիվ արյունլվա ու արցունքախեղդ անում ու գնում։ Մինչև որ ուժ գտա իմ մեջ ու իր շանտաժն իր դեմ օգտագործեցի՝ ասելով, որ եթե մերոնք իմանան նախ իրեն ամբողջ ընտանիքով կվառեն, հետո ինձ։

Քննություններս սկսեցի ցածր ստանալ, մինչև անգամ զրոներով։ Գյուղում արդեն գիտեին, որ չեմ սովորում, ու սկսվել էին խոսակցություններն էն մասին, որ աղջիկ երեխա ա, եթե գնացել ա ու չի սովորում, ուրեմն ուրիշ բաներ ա անում։ Ծնողներիս հետ հարաբերություններս վատացան մինչ օրս։

Յոթ տարի ա անցել էս ամենից, ավելի ճիշտ՝ յոթ տարի ա տևել էս ամենի խորը ազդեցությունը կյանքիս ամեն վայրկյանի վրա։ Արդյունքում ոչ սովորեցի, ոչ նորմալ ընկերներ ունեցա, ոչ ինքս ինձնից բան հասկացա։ Սկսեցի ծխել, դե գյուղում էլ իմացան ու պեչատը դրեցին, որ հաստատ պոռնկությամբ եմ էստեղ զբաղված։ Նոր-նոր սկսել եմ ուշքի գալ ու փորձում եմ ինձ համոզել, որ մեղավորը ես չէի»։

Մոտ 40 տարեկան տղամարդ էր, ցույց էր տալիս իբր ինձ փոքր երեխու պես ա սիրում

Բարև, ես ոչ նիհարիկ, գանգուրիկ մազերով աղջիկ էի, մոտ 10 տարեկան, ապրում էի մամայիս ու եղբորս հետ, (մաման-պապան բաժանվել էին), մամաս ավանդապաշտ չէր, սովորական, իր համար ապրող կին էր, ով, իհարկե, որոշ բաներ ժառանգել էր իր ծնողներից, իր գավառական շրջապատից, բայց էդտեղ ապրողների հետ համեմատած` բավականին ազատամիտ, խելացի կին էր: Հայրս էլ էր շատ խելացի, կիրթ անձնավորություն, բայց իր ձագին` ինձ, իբրև փոքրիկ էրեխա էր դիտում ու հետը, ինչպես մայրս, «մեծական» թեմաներից, չէր խոսում:

Ես, որ խաբար չէի` հարաբերությունը ինչ ա, սեռական օրգանը ինչ ա, ոնց ա, ինչի համար ա, ով իրավունք ունի դիպչելու, ով չէ, մի պեդոֆիլ ծանոթ ունեի: Ընտանիքի ծանոթն էր, մամայի, էսպես ասած, ամուսինը, դե մեզ հետ էր մնում, երբեմն, գործերից ելնելով, այլ վայրեր գնում, մեր տանը չէր մնում: Մոտ 40 տարեկան տղամարդ էր, մամայենց մոտ ցույց էր տալիս իբր ինձ փոքր էրեխու պես ա սիրում, ասում էր` ինձ մասաժ արա էլի, էդ քո փոքր, բայց ուժեղ ձեռներով, դե ես էլ անում էի, բոքսով խփում էի մեջքին, իբր մասաժ եմ անում, մամայենք էլ ծիծաղում էին, ես էլ հետները, ինձ թվում էր` կայֆ ա: Բայց մի օր մաման տանը չէր, գործից նոր պետք ա գար, ինքը մեր տանն էր, մամայենց էինք սպասում, էլի ինձ ասեց` մասաժ արա, ասեցի` լավ: Կանգնեցի մեջքին, սկսեցի թռչկոտել, հետո ասեց` սպասի վերխս հանեմ, որ հարմար լինի, չսղաս: Բան չհասկացա ասածից, վերխը հանեց, շարունակեցի թռչկոտել:

Հետո ասեց` մի քիչ էլ ձեռներով արա: Սկսեցի ձեռներով մերսել: Մեկ էլ ասեց` մի քիչ ներքև իջի, կոնքերիս հատվածը: Չգիտեմ` ինչից էր, բայց տհաճ էր կոնքերը մերսել: Ասեցի, որ հոգնել եմ, չեմ ուզում էլ: Ինքն էլ ասեց` լավ, մի քիչ էլ արա, ցավում են կոնքերս: Դե ես էլ չէի ուզում մերժել, մտածում էի` իրոք ցավում են, օգնեմ իրեն: Բայց չգիտեմ ոնց զգում էի, որ ինչ-որ այլ բան կա, որը չեմ հասկանում, ինքը ուրիշ կերպ էր նայում ինձ ու ծիծաղում: Հեռախոսս զանգեց. մաման էր, խանութում էր, հարցնում էր` տանը ինչ կա: Զանգը ոնց որ փրկություն լիներ, վերխը հագավ, էլ չմերսեցի:

Մի քանի օր հետո, երբ էլի մենակ էինք, ասաց, որ մասաժ անեմ: Էս անգամ շալվարը հանեց, մնաց վարտիքով, ինձ տհաճ էր իրեն մերսել, հատկապես որ վարտիքով էր, զզվելի էին իր մարմնի մասերը: Հետո ինքը ձեռներս վերցրեց, մոտեցրեց սեռական օրգաններին: Ես ասացի, որ հոգնել են ձեռներս, բայց ինքը ձեռներս բաց չթողեց, սեղմեց, շարունակեց մերսել, զզվելի րոպեներ էին ինձ համար, ատում էի բոլորին ու վախենում էի մարդկանցից: Հետո ասաց` հիմա էլ ես քեզ մասաժ անեմ: Ասացի, որ չեմ ուզում, բայց փախնելու տեղ չկար, սկսեց մերսել, ես վախենում էի, զզվում էի, ինքը ձեռներով ներքև էր իջնում, ձեռները շորերիս տակը գցեց անգամ: Բախտս բերում էր, որ մաման էր զանգում, կամ բակի ընկերներս կանչում:

Մի անգամ էլ մամայի հետ խանութ գնալ էի ուզում, իրիկունվա 6-ն էր, շոր էի հավանել, շատ էի ուզում հագնել, էդպես դասի գնալ, դե դասարանի մի տղա ինձ էր սիրահարվել, ես էլ` իրեն, բայց մաման ասաց, որ լավ չի զգում *****-ի հետ գնամ: Ասացի, որ չեմ ուզում: Մաման կարծեց, թե նեղացել եմ, դրա համար եմ «կապրիզնիություն անում», ասաց` գնա, ես չեմ կարող գալ, ասացի` չէ, բայց քանի որ էդ տղամարդը մեքենա ուներ, փոքր եղբայրս էլ շատ էր ուզում մեքենայով տեղ գնալ, ստիպված համաձայնեցի, որ հանկարծ չտխրեն: Մեքենան նստեցինք, գնացինք, շոր առանք, հետ դառնալիս եղբայրս հետևին էր նստել, կիսաքնած խաղ էր խաղում, անջատված էր, ոչ մեկին ոչ լսում էր, ոչ տեսնում: Էդ մարդը ինձ գիրկը նստեցրեց, ասաց` մի քիչ մասաժ արա, ասացի, որ հոգնած եմ, ասաց` արա, արա, շուտ գնանք տուն, շորդ մամային ցույց տաս: Էդ շորը լացելով եմ առել: Չէի ուզում, որ էդ տղամարդը ինձ համար ինչ-որ բան առնի կամ անի: Նստեցրեց գիրկը, ձեռքս տարավ առնանդամին, սկսեց մերսել, հետո ասաց` լա՞վ ա, չէ՞, հիմա էլ ես քեզ անեմ, լավ զգաս: Ձեռքը տարավ սեռական օրգանիս, սկսեց մերսել, անտանելի ցավ էի ,զգում, էնքան կոպիտ էր:

Մղձավանջային օրեր էին: Դա համընկավ հորս մահվան ժամանակին: Պապան մահացել էր, ուշքի չէի եկել, էրեխա էի, բան չէի ջոկում, մենակ զգում էի, որ վատ եմ, մի բան պակաս ա, ու էդ շրջանում էլ մոտ մեկուկես տարի էդպես ապրեցի: Հիմա տրավմա ունեմ, որը ոչ մի կերպ չի անցնում, ոչ մի կերպ… դեռևս: Երբեմն լինում ա, որ որևէ մեկի հետ հարաբերության ժամանակ սկսեմ անտանելի զզվանք զգալ, հիշեմ էդ մարդուն, ուզեմ փախչել, կամ երբ ինչ-որ մեկը փորձում ա ինձ դիպչել, ասենք, ձեռքից բռնել, մոտս նոպաներ են սկսվում, սկսում եմ դողալ, վախենալ, հետո ինքնավնասումներ եմ անում, որ հանգստանամ: Մի անգամ նույնիսկ զուգընկերս մի քիչ կոպիտ ա գտնվել, ու հարաբերության ժամանակ անասելի լացել եմ, ցանկացել մոտ ընկերներիցս մեկին կանչել, որ գա ու տանի: Մանկական տրավման արթնացել ա շատ մեծ ուժով, ու մոտ մեկ շաբաթ ուշքի չեմ եկել, չեմ կարողացել քնել, վախեցել եմ, մտածել ա` պատահական անցորդները կարող են բռնության ենթարկել ինձ, վնասել, ինչ-որ բան ստիպել:

Հիմա ամեն օր ուզում եմ գնամ ու մեռնեմ, գնամ ու հարցնեմ` խի՞ եք ինձ հետ տենց վարվել, խի՞ եք փոքր աղջկաս կյանքը խորտակել, խի՞ եք էսքան ցավացրել ինձ, ախր ես փոքր, սիրուն, գանգուր, քաջ ու ուժեղ էրեխա էի, խի՞ եք ինձ վախկոտ դարձրել, էսքան լացկան ու սպառված»։

Ասում էր՝ ուշ ժամերի վատ մարդիկ են իր տաքսին նստում ու ինքը պիտի պաշտպանվի

Մարզից էի քաղաք եկել, սուպերմարկետներում աշխատելուց հետո վերջապես լավ աշխատանք էի գտել, վարձով էի ապրում։ Աշխատանքից դուրս ձեռագործ իրեր էի պատրաստում։ Մի անգամ ինչ-որ զինվորական, վաճառքի խմբերում աշխատանքներս տեսնելով, իբրև հավանել էր ու գրել, ուզում էր պատվիրել, բայց անվճար, այսինքն՝ ուզում էր նվիրեի։ Իր ասելով Ապրիլյանի մասնակից էր, Արցախում զինվորներ ուներ և այլն։ Համաձայնեցի նվիրել։ Պատրաստելու գործընթացը մոտ մեկ ամիս տևեց, այնինչ մի օրում վերջացնում եմ։ Ֆոտոալբոմ էր՝ զինվորների նկարներով ու ասեղնագործած անուններով։ Մի խոսքով նվիրեցի։ Այդ մարդն էլ իբրև շնորհակալություն ինձ թեյի հրավիրեց, մերժեցի՝ պատճառաբանելով, որ աշխատանքի եմ։

Նոյեմբեր ամիսն էր։ Երեկոյան ժամը 8-ի կողմերը։ Աշխատանքս վերջացրել էի, տուն էի գնում։ Քանի որ աչքս մի ամիս առաջ էի վիրահատել, խուսափում էի ոտքով տուն իջնելուց (Բժշկականի մոտից Սարյան)։ Յանդեքս կանչեցի, սպասում էի։ Տաքսին եկավ, նույն զինվորականն էր վարորդը։ Արձակուրդի մեջ էր, տաքսի էր քշում։ Նստեցի մեքենան։

Մեքենան շարժվեց դեպի վերև, իսկ ես Սարյան փողոց պիտի գնայի։ Մտածեցի՝ ավելի կարճ ճանապարհ կա, դե քաղաքին լավ ծանոթ չեմ։ Երևանը դուրս եկանք։ Ասում էի, որ ես ուրիշ հասցեով եմ գնում։ Ինքն էլ ծիծաղում էր, ասում էր, որ ֆոտոալբոմը շատ է հավանել և ուզում է շնորհակալություն հայտնել, անակնկալ մատուցել։

Վախից դողում էի։ Ինքը ոչ ադեկվատ էր, աչքը ու դեմքի որոշ մկաններ նյարդային թրթռում էին։ Ես հոգեբան եմ, պարզ տեսնում էի ինչ տեսակ մարդ է, ու դրանից վախս կրկնապատկվում էր։ Հասանք ինչ-որ գյուղի, գյուղը դուրս եկանք. սարեր էին, մարդկային շունչ չկար։

Արդեն երեկոյան ժամը 9-ն էր։ Ասում էր՝ իջնեմ մեքենայից, խարույկ էր վառել։ Դա էր անակնկալը։ Ձեռքերս պինդ սեղմում էր, ստիպում, որ իջնեմ մեքենայից։ Չիջա։ Եկավ նստեց մոտս։ Ձեռքերս բռնել, բաց չէր թողնում, համբուրում էր ձեռքերս, գրկում էր։ Դիմադրում էի, բայց ես նիհարիկ, թուլակազմ աղջիկ էի, երկար չէի կարող դիմադրել։ Գոռում էր, հարցնում ուրիշի՞ եմ սիրում, որ չեմ թողնում։ Վախից դրական պատասխան էի տալիս, որ հավատա իբր ընկեր ունեմ, բաց թողնի։ 25 տարեկան էի, կույս էի։ Ձևացրեցի իբրև աչքս ուժգին ցավում է, ինձ դեղ է պետք, երկար չեմ դիմանա, պիտի տուն գնամ, դեղերս լցնեմ, այնինչ դեղերս պայուսակիս մեջ էին։

Բախտս բերեց չստուգեց պայուսակս։ Մեքենայի մեջ շատ մեծ չափերի դանակ ու երկաթե ձողեր կային։ Ասում էր՝ ուշ ժամերի վատ մարդիկ են իր տաքսին նստում ու ինքը պիտի պաշտպանվի։ Մտածում էի, որ երբ էլ չկարողանամ դիմադրել, դանակը կվերցնեմ ու կսպանեմ դրան։ Աչքիս հետվիրահատական ցավերի շնորհիվ ժամանակ շահեցի, հավատում էր, որ ցավին չեմ դիմանում։ Երբեք չէի պատկերացնի, որ կարող եմ այդքան լավ դերասանություն անել։ Միայն բժշկիս խոսքերն էի հիշում, որ ոչ մի դեպքում պիտի չլացեմ, արցունքները հակացուցված էր։ Հազիվ էի ինձ զսպում։ 8 տարի տանջվելուց հետո վերջապես վիրահատել էի, պիտի ամեն ինչ անեի՝ չկրկնվեր։

Ես չգիտեմ Յանդեքսի անձնակազմն էր, թե ով, մեքենա էր ուղարկել իմ հետևից։ Այնքան խառնված էի, չհասկացա էլ՝ ոնց եմ իջել դրա մեքենայից ու մյուս մեքենան նստել, չիմացա էլ իր հետ ինչ եղավ։

Այնտեղ ուշքի եկա, երբ վարորդն ասաց, որ Սարյան փողոցում ենք։

Ոչ ոքի չպատմեցի, չբողոքեցի։ Վախենում էի։ Դրանից հետո սկսվեցին սեռական բնույթի զզվելի SMS-ները՝ անձնական հեռախոսահամարիս։ Սպառնում էր, որ մեծ-մեծ չխոսեմ, որ ես ոչինչ անել չեմ կարող։ Վստահ էի, որ ինքն է։ Էլի չբողոքեցի։ Տունը հանձնեցի, տեղափոխվեցի ընկերուհուս ընտանիքի հետ ապրելու։

Երկու շաբաթ անց աշխատանքից էլ դուրս եկա ու հետ եկա գյուղ։ Ձեռագործ իրեր այլևս չեմ պատրաստում։ Քաղաք վերադառնալու ու աշխատելու մասին էլ սարսափով եմ մտածում։ Հիմա գործազուրկ եմ։

Մեկնաբանել