Իրանի նախագահն ընդունել է ՀՀ փոխվարչապետին

Հուլիսի 3-ին Իրանի նախագահ Հասան Ռոհանին ընդունել է աշխատանքային այցով Իրանի Իսլամական Հանրապետություն ժամանած ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին։ Ինչպես հաղորդում է իրանական Mehr գործակալությունը, կողմերը քննարկել են տարածաշրջանային և միջազգային վերջին զարգացումները։

Երեկ՝ հուլիսի 2-ին, Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Իրանի Էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանիանի հետ: Ըստ ՀՀ կառավարության կայքի՝ զրուցակիցները կարևորել են ԵԱՏՄ անդամ պետությունների և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ստեղծմանն ուղղված ժամանակավոր համաձայնագրի վավերացումը երկու երկրների խորհրդարանների կողմից: Փոխվարչապետ նշել է, որ համատեղ ջանքերով հնարավոր է առավելագույնս իրացնել համաձայնագրի շրջանակներում ստեղծված հնարավորությունները, և Հայաստանը` որպես Իրանի հետ ցամաքային սահման ունեցող միակ ԵԱՏՄ երկիր իր ներդրումը կունենա ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում առևտրային հարաբերությունների զարգացման տեսանկյունից:

Նույն օրը Թեհրանում կայացել է Հայաստանի և Իրանի միջկառավարական համատեղ հանձնաժողովի 16-րդ նիստը, որը նախագահել են Մհեր Գրիգորյանը և Ռեզա Արդաքանիանը:

Հանձնաժողովի անդամները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության խորացման հարցը, անդրադարձել են էներգետիկայի, բնապահպանության, տրանսպորտի, ֆինանսական, առևտրատնտեսական, կրթության, մշակույթի և մի շարք այլ ոլորտներում հարաբերությունների զարգացման հնարավորություններին:

Նիստի ավարտին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 16-րդ նիստի մասին փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողությունը:

Մեկնաբանել