Բռնության մասին չխոսելը չի կարող կանխել բռնությունը․ Սարգիս Խանդանյան

Բռնության մասին չխոսելը չի կարող կանխել բռնությունը․ իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել Ազգային ժողովի պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սարգիս Խանդանյանը։

Կանանց և աղջիկների՝ իրենց նկատմամբ բռնության դեպքերի մասին բարձրաձայնված պատմությունները, որ Ֆեյսբուքում հրապարակել է լրագրող Լյուսի Քոչարյանը՝ #բռնության_ձայնը հեշթեգով, հանրային մեծ արձագանք է գտել։

Իր գրառման մեջ Սարգիս Խանդանյանը նշել է, որ բռնության որևէ ձև հանդուրժելի չի կարող լինել հանրության համար։

«Կարդում եմ #բռնության_ձայնը գլխագրով պատմությունները, ու մի պահ ուզում եմ հավատալ, որ գեղարվեստական գրականությունից պատառիկներ են, որ այս դեպքերն իրական լինել չեն կարող, բայց, ավաղ, այս պատմությունները տեղի են ունեցել ու ունենում մեր կողքին, մեր համայնքներում, մեզ մոտիկ ու հեռու ընտանիքներում։

Վստահ չեմ, որ սեռական ու ընտանեկան բռնությունը դատապարտող կոչերը միայն կարող են զսպել բռնարարներին կամ փարատել բռնության զոհերի վախերը, և որ միայն բարձրաձայնելով կարող ենք լուծել այս խնդիրները։ Բայց բարձրաձայնելը, խոսելը գործի կեսն է, որին զուգահեռ մենք շատ գործ ունենք անելու.

– Մեր օրենսդրական բազան այս հարցում կատարյալ չէ, ու մենք՝ օրենսդիրներս կառավարության հետ պիտի հստակեցնենք իրավակարգավորումները։

– Իրավապահ և արդարադատության մարմինների զգայունությունն այս հարցերում հեռու է կատարյալից։

– Ամենակարևորը՝ կրթության համակարգն այս խնդիրներին դեռևս շատ հպանցիկ է անդրադառնում։

– Տեղեկատվական դաշտի թերությունները խնդիրը լուսաբանելիս հաճախ ավելի վտանգավոր են դարձնում հանրության համար, քան բուն բռնությունը։

Մենք, ի վերջո, պիտի համաձայնության գանք որպես հանրություն, որ այս խնդիրն առկա է մեր երկրում, ու օր առաջ աշխատենք վերը թվարկված ուղղություններով։

Մենք, ի վերջո, պիտի համաձայնության գանք որպես հանրություն, որ այս խնդիրն առկա է մեր երկրում, ու օր առաջ աշխատենք վերը թվարկված ուղղություններով։

Այս պատմությունները չեն կարող դառնալ վիճակագրություն, այս պատմություններից ամեն մեկի հետևում ճակատագրեր են, և յուրաքանչյուր այսպիսի դեպքի առկայությունը խաթարում է հանրային վստահությունն ու հասարակության յուրաքանչյուր անդամի արժանապատվությունը»,- գրել է նա։

***

Օրեր առաջ չեխ աղջկա՝ Էվայի բռնաբարության փորձի պատմությունը, որ հրապարակել էր Հետքը, մեծ տարածում գտավ համացանցում։ Ֆեյսբուքյան օգտատեր Լյուսի Քոչարյանը գրառում կատարեց, որ այսուհետև հավաքելու է իրեն ուղարկված անանուն պատմությունները և հրապարակելու է #բռնության_ձայնը հեշթեգով:

ՍիվիլՆեթը ևս հրապարակել է այդ պատմությունները։

Գեղեցիկ Ոսկանյան

Մեկնաբանել