Հրդեհված սուզանավի դեպքի մասին․ ինչ է պետք իմանալ

Ռուսական գաղտնի սուզանավում հրդեհի պատճառով 14 նավաստի է զոհվել։ Meduza.io վերլուծել է դեպքի հետ կապված մանրամասները։ Հոդվածը թարգմանաբար՝ ստորև։

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հուլիսի 1-ի երեկոյան խորջրյա սարքում Հյուսիսային նավատորմի բազայից ոչ հեռու զոհվել է 14 նավաստի-սուզորդ։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ սարքը զբաղվում էր հատակի ռելիեֆի ուսումնասիրությամբ՝ տեղագրությամբ։ Չի ճշգրտվել սարքի տեսակը, որտեղ տեղի է ունեցել հրդեհը։ Սակայն, ըստ ռուսական РБК-ի աղբյուրների, զոհվել է ատոմային խորջրյա «Կալիտկա» կայանի քաղաքացիական անձնակազմը (AC-12, ոչ պաշտոնական անունը՝ «Լոշարիկ»)։ Ավելի ուշ, «Открытые медиа» հրատարակությունը, վկայակոչելով Հյուսիսային նավատորմում իր երկու աղբյուրները, տեղեկացրեց, որ վթարը տեղի է ունեցել БК-64 «Պոդմոսկովյե» սուզանավում։ Մեդուզա կայքը պատմում է, թե հասանելի աղբյուրներից ինչ է հայտնի «Լոշարիկ» և «Պոդմոսկովյե» սուզանավերի և նրանց համատեղ ծառայության մասին։

Լոշարիկ

АС-12 ատոմային կայանը խորջրյա կայանների («Կաշալոտ», «Պալտուս») 1970-90-ականների նախկին ծրագրերի զարգացումն է։ Նրանք բոլորը ստեղծված են օվկիանոսի հատակում սարքերով հետազություններ և մանիպուլյացիաներ անելու համար, օրինակ՝ նավերի, ինքնաթիռների և արբանյակների բեկորներ բարձրացնելու և այլն։ ԱՄՆ-ի զինվորականները ենթադրում են, որ կայանները կարող են օգտագործվել նաև դիվերսիոն նպատակներով, օրինակ՝ գաղտնի կապի ստորջրյա մալուխներին միանալու։ Շահագործման է հանձնվել միայն 3 «Կաշալոտ», 3 «Պալտուս» և մեկ «Լոշարիկ»։ Դրանք բոլորն ունեն ատոմային ռեակտոր։ Պաշտոնապես նրանք սպառազինված չեն։ Դրա փոխարեն կան ստորջրյա օբյեկտների հետ աշխատելու համար նախատեսված տարբեր նշանակության մանիպուլյատորներ։

«Լոշարիկը» ջուր է իջեցվել 2003-ին։ Այն իր ոչ պաշտոնական անունը ստացել է նույնանուն մուլտֆիլմի՝ գնդիկներից կազմված կերպարից։ Կայանը նաև բաղկացած է գծով դասավորված մեկուսախցերից։ «Լոշարիկի» սուզվելու մաքսիմալ խորությունը ավելի մեծ է, քան նախորդներինը («Լոշարիկ»՝ 3000մ, «Կաշալոտ»՝ 700-1000 մ, «Պալտուս»՝ 1000 մետրից ավելի)։

2012-ին, երբ Ռուսաստանը հերթական անգամ որոշեց ապացուցել, որ Հյուսիսային բևեռով անցնող՝ Լոմոնոսովի և Մենդելեևի ստորջրյա լեռնաշղթաները  (իսկ դրանց հետ նաև օվկիանոսի այդ հատվածը բևեռի հետ միասին) պատկանում են ռուսական մայրցամաքային շելֆին, օվկիանոսի հատակ ուղարկեցին հենց «Լոշարիկը»։ Դիմումը հիմնավորելու համար վերցրած նմուշները ուղարկվել են ՄԱԿ՝ 2015-ին։ Նմանօրինակ դիմում 2014-ին ներկայացրել է Դանիան՝ Լոմոնոսովի լեռնաշղթան Գրենլանդիայի շարունակություն համարելով։ ՄԱԿ-ի՝ ափի պատկանելության հարցերով զբաղվող հանձնաժողովը դեռ ոչ մի որոշում չի կայացրել։

Ի՞նչ կապ ունի այստեղ «Պոդմոսկովյե» սուզանավը

Ատոմային խորջրյա կայանները չեն կարող իրենք իրենցով երկար ճանապարհ անցնել, դրա համար էլ նրանց տեղափոխում են հետազոտության անցկացման վայր հատուկ նշանակության մեծ ատոմային ստորջրյա նավակով։ Կայանը ճամփորդության ժամանակ ամրացվում է մեծ սուզանավի ներքևի մասին։ 2002-ից ծանրության այդպիսի փոխադրող է БС-136 «Օրենբուրգ» նավը, 2015-ից այն վերանորոգման մեջ է (վերանորոգման ավարտի մասին տեղեկություններ բաց աղբյուրներում չկան)։

Գրեթե երկու տարի «Լոշարիկը» և մնացած կայանները փոխադրող չունեին, մինչև 2016-ին 16 տարի արդիականացվելուց հետո ջուր չիջեցվեց БС-64 «Պոդմոսկովյե» նավակը (հրթիռային նախկին փոխադրիչ K-64): 2020-ին Պոդմոսկովյեին կավելանա ևս մեկ նավակ՝ К-329 «Բելգորոդ»։ Այն կարող է տանել ինչպես ատոմային ստորջրյա կայաններ, այնպես էլ «Պոսեյդոն» անօդաչու ստորջրյա նավակները (տորպեդներ) հզոր միջուկային լիցքի միջոցով։ Հիմա «Բելգորոդը» փորձաշրջան է անցնում։

«Պոդմոսկովյեն», «Բելգորոդը» և ատոմային բոլոր խորջրյա կայանները ներառված են ստորջրյա նավակների 29-րդ խմբում, որը ուղղակիորեն ենթարկվում է Պաշտպանության նախարարության խորջրյա հետազոտությունների գլխավոր ղեկավարությանը։ Հրամանատարությունը գտնվում է Պետերգոֆում, իսկ հենց նավակներն ու կայանները՝ Օլենյա Գուբայում՝ Մուրմանսկի մարզի Գադջիեվո քաղաքի/բնակավայրի կողքին։

Լուսինե Վարդանյան