Ֆրանսիա-Ադրբեջան ռազմարդյունաբերական համագործակցությունը մշտապես ուշադրության կենտրոնում է․ ՀՀ ԱԳՆ

Ֆրանսիայի նախագահը հայտարարել է, որ Ֆրանսիան, ի տարբերություն այլ երկրների, միակ երկիրն է, որ խստորեն պահպանում է էմբարգոյի իր պարտականությունները, և նաև Ֆրանսիան Ադրբեջանին երբևէ չի վաճառի այնպիսի զենք, որը կարող է օգտագործվել Արցախում․ երեկ ճեպազրույցի ժամանակ մեկնաբանելով տեղեկությունը, թե Ադրբեջանը Ֆրանսիայից պատրաստվում է զենք գնել, ասել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։

«Տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքի առնչությամբ մենք մշտապես նշել ենք, որ հետամուտ ենք լինելու այդ հարցին և այդ հարցը մշտապես բարձրացնում ենք ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում։

Ինչ վերաբերում է կոնկրետ այս դեպքին, նշեմ, որ Ֆրանսիա-Ադրբեջան համագործակցությունը, հատկապես ռազմարդյունաբերական ոլորտում, մշտապես մեր ուշադրության կենտրոնում է։ Եթե չեմ սխալվում, դեռևս փետրվարի 5-ին Ֆրանսիայի Հայկական կազմակերպության համակարգող կոմիտեի կողմից կազմակերպված միջոցառման ժամանակ Ֆրանսիայի նախագահը նշել էր, որ Ֆրանսիան, ի տարբերություն այլ երկրների, միակ երկիրն է, որ խստորեն պահպանում է էմբարգոյի իր պարտականությունները, և նաև Ֆրանսիան Ադրբեջանին երբևէ չի վաճառի այնպիսի զենք, որը կարող է օգտագործվել Արցախում։ Կարևոր է, որ Ֆրանսիան իրապես հետամուտ լինի այս հարցում և ձեռնպահ մնա Ադրբեջանի հետ որևէ համագործակցությունից, որը կարող է խաթարել տարածաշրջանում ռազմական բալանսը, ըստ այդմ՝ նաև տարածաշրջանի կայունությունը և խաղաղությունը։

Ինչպես հաղորդում են ադրբեջանական կայքերը, հունիսի 17-23-ը տեղի ունեցած Paris Air Show-2019 սպառազինությունների ցուցահանդեսի շրջանակում Ադրբեջանի՝ պաշտպանական արդյունաբերության նախարարությունն ու սպառազինությունների արտադրությամբ զբաղվող ֆրանսիական Nexter ընկերությունը քննարկել են զրահատեխնիկայի, ծովային ու օդային հարթակների համար տարբեր սպառազինությունների և ռոբոտատեխնիկայի համատեղ արտադրության հարցը։ Բացի այդ, ըստ նույն հաղորդագրությունների, Thales Group ընկերությունը մտադիր է Ադրբեջանում համատեղ արտադրություն սկսել։

Լուսանկարը՝ Paris Air Show-2019 ցուցահանդեսից

Մեկնաբանել