Որքանո՞վ է վնասակար էլեկտրոնային ծխախոտը 

Որքանո՞վ է վնասակար էլեկտրոնային ծխախոտը։ Ռուսական Republic.ru կայքը հրապարակել է Միխայիլ Տիշչենկոյի հոդվածը որոշ երկրներում Էլեկտրոնային ծխախոտի արգելքի և դրա՝ առողջության վրա ունեցած ազդեցության մասին։ Հոդվածը թարգմանաբար ներկայացված է ստորև։

Որոշ երկրներում արգելվել է էլեկտրոնային ծխախոտը։ Ինչու՞։ Վերջերս արգելքին միացան ամերիկյան Սան Ֆրանցիսկո և Բևեռլի Հիլզ քաղաքները։

Սան Ֆրանցիսկոն և Բևեռլի Հիլզը ԱՄՆ-ի առաջին քաղաքներն են, որոնք հայտարարել են էլեկտրոնային ծխախոտի արգելքի մասին։ Մյուս երկրներում դա այդքան էլ հազվադեպ բան չէ․ արգելքը գործում է մի քանի տասնյակ պետություններում։ Սակայն էլեկտրոնային ծխախոտների արտադրության համար ամերիկյան շուկան ամենախոշորն է (2025-ին, ըստ կանխատեսումների, այն կկազմի 17 միլիարդ դոլար՝ մոտ մեկ հինգերորդը գլոբալ շուկայի, որի համար կանխատեսում են տարեկան 25 տոկոս աճ)։ Դրանից բացի, Սան Ֆրանցիսկոյում է գտնվում Juul-ի՝ ԱՄՆ-ում այդպիսի արտադրանքի վաճառքով զբաղվող ընկերություններից առաջատարի գլխավոր գրասենյակը։

Արգելքները մտցվում են այնպիսի երկրներ, որտեղ սովորական ծխախոտը լրիվ օրինական է։ Դա բացատրում են տարբեր ձևերով։ Սինգապուրում, օրինակ, պատճառաբանում են, որ ավանդական ծխախոտը սովորություն է, որի դեմ արգելքներով պայքարելը դժվար է, իսկ այլընտրանքային արտադրանքները համեմատաբար նոր երևույթ են, որոնց վերջը դեռ կարելի է տալ (տարբերակը, որ պետությունը չի ցանկանում ամբողջովին հրաժարվել ծխախոտային ակցիզներից, այնտեղ ժխտեցին)։

ԱՄՆ-ում արգելքի մասին սկսեցին խոսել, երբ կառավարությունը էլեկտրոնային ծխախոտի տարածվածությունը երիտասարդների շրջանում «համաճարակ» անվանեց։ Իշխանությունները խոստովանեցին, որ չեն կարող օգտակար լինել մեծահասակ ծխողներին ավանդական, ավելի վնասակար ծխախոտներից հետ պահելու գործում (սա դրանց արտադրողների հիմնական փաստարկն է)։ Բայց նշել են, որ դրանց տարածումը դեռահասների շրջանում, մարկետոլոգների ջանքերի շնորհիվ, անհանգստանալու լուրջ առիթ է։

ԱՄՆ-ի Սննդի և դեղամիջոցների վերահսկողության գերատեսչության տվյալներով՝ 2017-ից մինչև 2018-ը էլեկտրոնային ծխախոտ օգտագործող, բարձր դասարաններում սովորող աշակերտների թիվը աճել է 78 տոկոսով, իսկ միջին դասարաններում սովորողներինը՝ 48 տոկոսով։ Ընդհանուր առմամբ, այդպիսի արտադրանք օգտագործող դպրոցականների թիվը աճել է 1,5 միլիոնով՝ հասնելով 3,6 միլիոնի։ Նրանց մոտ քառորդը կանոնավոր օգտագործողներ են, մեծ մասը գնում է տարբեր համեմունքներով քարթրիջներ։

Ընդ որում, մարդկանց մեծ մասը, ընդգծում է կարգավորողը, սկսում է ծխել հենց դեռահաս ժամանակ։ ԱՄՆ-ում մինչև 18 տարեկանը ծխել սկսածների բաժինը ծխողների շրջանում մոտ 90 տոկոս է։

«Մենք չենք կարող արհամարհել նորարարական, ավելի քիչ վնասակար արտադրանքները, որոնց շնորհիվ նիկոտինի կարիք ունեցող մեծահասակները կարող են ստանալ դրա բավարար քանակություն։ Բայց դա չի կարող տեղի ունենալ հենց նույն արտադրանքներով դեռահասների մի ամբողջ սերնդի նիկոտինին վարժեցնելու հաշվին։ Նիկոտինային կախվածության շրջանը քանդելու համար հարկավոր է սկսել հենց երիտասարդներից»,- ասել է գերատեսչության նախագահ Սքոթ Գոթլիբը։

Ո՞վ է դրանց մասին վիճում

Էլեկտրոնային ծխախոտի հիմնական առավելությունը, համեմատած սովորականի հետ, հայտնի է։ Աեորոզոլում, որը նրանք առանձնացնում են, բացակայում են ծխախոտային ծխի շատ մասնիկներ (օրինակ՝ խեժը), այդ թվում՝ քաղցկեղածին։ Նրանք պարունակում են նիկոտինի տարբեր կուտակումներ, որոնք փոքր չափաբաժիններով մարդու համար վտանգավոր չեն համարվում, բայցևայնպես, ինչպես ընդծում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, «կախվածություն առաջացելու բարձր հավանականություն ունեցող հոգեմետ մասնիկներ են»։

Մնացած առումներով էլեկտրոնային ծխախոտի ազդեցությունը առողջության վրա վիճելի թեմա է։ Հետազոտությունները դրանց մասին բազմաթիվ են, սակայն եզրակացությունները հազվադեպ չէ, որ տարբեր են։ Կարելի է հանդիպել պնդման, որ սովորական ծխախոտից էլեկտրոնայինի անցումը կենսաբանական ցուցանիշների վրա դրական է ազդում (ամեն դեպքում՝ կարճաժամկետ հեռանկարում), և դրանք շատ ավելի վնասակար են պասիվ ծխողների համար։ Մյուս կողմից, դրանց հետ են կապում սրտի հիվանդությունների բարձր ռիսկը և բացասական ազդեցությունը թոքերի վրա։ Մի քանիսը նաև հայտարարել են, որ սարքավորումը և քարթրիջը կարող են լինել «բակտերիալ թունավոր նյութերի» փոխադրիչ (չնայած, որ հետազոտության հեղինակները նշել են, որ այս խնդիրը կարող է բնորոշ լինել նաև սովորական ծխախոտներին)։

Խնդիրը միայն այն չէ, որ հետազոտությունների մի մասը կապված են արտադրող ընկերությունների հետ (վերևում նշված աշխատանքներից առաջին երկուսը անցկացվել են շուկայի առաջատար ընկերություններից մեկի՝ Juul-ի աջակցությամբ)։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ էլեկտրոնային ծխախոտը դրանց մեջ որպես կանոն ավելի քիչ վնասակար է համարվում, քան մնացած հետազոտություններում։

Սակայն էլեկտրոնային ծխախոտի մասին գիտելիքը նաև օբյեկտիվ գործոնների պատճառով է սահմանափակ։ Այն զանգվածային շուկայում հայտնվել է համեմատաբար վերջերս, և դրա ազդեցության մասին երկարաժամկետ հետազոտությունները դեռ քիչ են։ Համեմատած սովորական ծխախոտի՝ էլեկտրոնային մեջ կան նաև այլ նյութեր, որոնց ազդեցությունը (այդ թվում՝ համալիր), ցույց են տալիս փորձագետները, դեռ բավականաչափ ուսումնասիրված չէ։ «Բաղադրիչներից շատերը, որոնք մարդու համար կարող են վտանգ ներկայացնել, առկա են շատ փոքր կուտակումներով։ Բայց նույնիսկ թույլատրելիից ցածր չափաբաժինը չի նշանակում, որ ազդեցությունը մի քանի տասնյակ տարիների ընթացքում առողջության համար կշարունակի անվտանգ լինել»,- հավաստիացնում են նրանք։

Այս ամենից բացի, եթե նույնսիկ ընդունենք հիմնավորումը, որ էլեկտրոնային ծխախոտը ավելի քիչ վնասակար է, այն օգտագործել սկսող ավանդական ծխողների մեծամասնությունը, համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության զեկույցի, ամբողջովին չի անցնում դրան, այլ ծխում է սովորականի հետ հավասարապես։ Այսպիսի ռեժիմով, նշում են փորձագետները, «դժվար թե հնարավոր լինի առողջության վնասի լուրջ նվազեցման հույս ունենալ»։

Ինչպիսի՞ն է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գնահատականը

Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ մի քանի տարի առաջ հրապարակած զեկույցում բավականաչափ զգուշավոր եզրակացություններ էին արված։ Այնուամենայնիվ, այն ցույց էր տալիս էլեկտրոնային ծխախոտների վնասի «տվյալների աճող թիվը», ինչպես նաև դրա հետ կապված նիկոտինային կախվածությունը։ 

Ռիսկի գոտում, ամենից առաջ, շնչող օրգաններն են, չնայած «բացառված չէ նաև ազդեցությունը սիրտանոթային համակարգի վրա»։

Օգնո՞ւմ է արդյոք էլեկտրոնային ծխախոտը նրանց, ովքեր ուզում են հրաժարվել ծխելուց կամ սահմանափակել այն։ Պատահականության սկզբունքով կատարվող հետազոտությունը,- որի արդյունքները այս տարվա սկզբին հրապարկել էին բրիտանացի գիտնականները (գիտական Nature ամսագիրը այն անվանել էր այս պահին ամենամանրամասն կատարված հետազոտություններից մեկը),- ենթադրում է գրեթե հազար մասնակիցներին պատահականության սկզբունքով խմբերի բաժանելը։ Մի խմբին առաջարկել են անցնել էլեկտրոնային ծխախոտի, մյուսներին՝ այլընտանքային միջոցներ օգտագործել (օրինակ՝ նիկոտինային կպչուն ժապավեն)։ Մեկ տարի անց այդ ձևով սովորական ծխախոտից հրաժարվածների քանակը առաջին խմբում երկու անգամ բարձր էր (18 տոկոս՝ 9-ի դիմաց), չնայած, որ մասնակիցների մեծ մասին, ըստ Nature ամսագրի, ոչ մեկն է օգնել, ոչ էլ՝ մյուսը։

Մյուս զանգվածային հետազոտությունը՝ հրապարակված ԱՄՆ-ի մի շարք համալսարանների գիտնականների կողմից (հեղինակները օգտագործել են սոցիոլոգիական տվյալներ, որոնք ստացվել են մի քանի տարվա ընթացքում 10 հազարից ավելի դեռահասների հետևելու արդյունքում), հաստատել է, որ էլեկտրոնային ծխախոտ օգտագործածների համար ավանդականին անցնելու հավանականությունը մի քանի անգամ բարձր է (համեմատած նրանց հետ, ովքեր ընդհանրապես չեն ծխել)։ Այս միտումը, ինչպես նշում են հեղինակները, նկատվել է նաև բավականին բարեկեցիկ դեռահասների մոտ, ինչը, նրանց կարծիքով, կարող է ցույց տալ էլեկտրոնային ծխախոտի կապը «երիտասարդների շրջանում ծխելը սովորականացնելու հետ»։

Լուսինե Վարդանյան