Կյանքից հեռացել է դիվանագետ, պատմաբան Արման Կիրակոսյանը

62 տարեկան հասակում կյանքից հեռացել է նշանավոր դիվանագետ, պատմաբան Արման Կիրակոսյանը։

Կիրակոսյանի մահվան մասին Ֆեյսբուքում տեղեկացնում են նրա գործընկերները, ընկերները՝ հայտնելով իրենց ցավակցությունը։

Արման Կիրակոսյանը 2018-ի նոյեմբերից Մեծ Բրիտանիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանն էր։ 2005-11 թթ․ Կիրակոսյանը եղել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալը։ 1992-93-թթ․ եղել է արտգործնախարարի պաշտոնակատար։

Կիրակոսյանը Հայաստանի դեսպանն է եղել Հունաստանում, ԱՄՆ-ում, Ավստրիայում և Հունգարիայում (համատեղությամբ)։

Կիրակոսյանը Վիեննայում դեսպանի պարտականությունները կատարելիս եղել է նաև Հայաստանի առաքելության ղեկավարը Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունում։

Արման Կիրակոսյանը բազմաթիվ գիտական աշխատությունների և հոդվածների հեղինակ է։ Անգլերեն են թարգմանվել և հրատարակվել նրա «Հայկական ջարդերը 1894-96 թթ.» և «Բրիտանական դիվանագիտությունը և հայկական հարցը» գրքերը։

Արման Կիրակոսյանը Խորհրդային Հայաստանի արտգործնախարար, պատմաբան Ջոն Կիրակոսյանի որդին էր։

Մարիա Եղիազարյան

Մեկնաբանել