Ֆրանսիական Le Figaro թերթը գրում է, որ վերջին տասնամյակում մոլորակը գրաված՝ սելֆիներ անելու մոլուցքը հինգ անգամ ավելի շատ մարդ է սպանում, քան շնաձկների հարձակումը։ Եվ ամեն տարի, սմարթֆոնների տարածմանը զուգահեռ ավելի է մեծանում զոհերի թիվը։ Հնդկական Journal of Familiy Medecine and Primary Care հրատարակության տվյալներով՝ 2011-ի հոկտեմբերից 2017-ի նոյեմբեր ամբողջ աշխարհում սելֆիների հետևանքով ամենաքիչը 259 մարդ է մահացել, մինչդեռ շնաձկների հարձակումից՝ ընդամենը 50։
Սելֆի ամենաշատը անում են կանայք, սակայն լուսանկարչական ողբերգությունների երեք քառորդը պատահում է երիտասարդ, իրենց համարձակ պահող տղամարդկանց հետ՝ խեղդվել, տրանսպորտային դժբախտ պատահարներ, վայր ընկնել, հրդեհ կամ զենք։ Հնդկաստանը՝ իր 800 միլիոն բջջային հեռախոսներով, համաշխարհային ռեկորդ է սահմանում․ նրան բաժին է ընկնում մահերի կեսից ավելին (159)։ Հնդկաստանին հետևում են Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Պակիստանը։ Արդյունքը թերևս կարելի է բացատրել խմբակային սելֆիների հանդեպ ունեցած ազգային հակումով և բնակչության երիտասարդությամբ։
Այն բանից հետո, երբ երիտասարդների խմբեր սկսեցին գնացքի տակ ընկնել կամ խեղդվել, երբ նրանց նավը սելֆի անելու ժամանակ սկսեց շուռ գալ, Հնդկաստանը որոշ ժամանակ առաջ ստեղծեց «սելֆիազերծ գոտիներ»։ Դրանք 16-ն են միայն Մումբայ քաղաքում։ Ռուսաստանում միևնույն ժամանակահատվածում գրանցվել էր 16 զոհ։ «Կատարյալ» սելֆիի փնտրտուքի մեջ՝ ռուսները մահացել են՝ ընկնելով կամուրջներից, գերժամանակակից աշտարակներից կամ ատրճանակից կրակելով, ականազերծելով հակահետևակային ականները։ 2015-ին Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը ևս «ապահով սելֆիի» վերաբերյալ ձեռնարկ էր հրապարակել՝ «ընտիր սելֆին կարող է քեզ կյանք արժենալ» նախազգուշացմամբ։
Սակայն հենց ԱՄՆ-ում (14 մահ այդ շրջանում) մահաբեր սելֆիների ավելի մեծ թիվ գրանցվել էր ինքնաձիգների կիրառման պատճառով։ Իսկ Գրանդ Կանյոն ազգային պարկը ականատես է դարձել, թե ինչպես են զբոսաշրջիկները հանուն սելֆիի ընկել և մահացել։
Սելֆիի հետ կապը կարող առնչվել նաև մարդու բարոյական արժեքներին։ Բրազիլիայից Ինֆլյուենսեր Սուելի Տոլեդոն համացանցում զայրույթի պայթյուն էր առաջացրել, երբ 2017-ին ինստագրամում «իմ այսօրվա տեսքը լավագույն ընկերուհուս թաղմանը» գրությամբ սելֆի էր տեղադրել։
Լեհաստանում Օսվենցիմի թանգարանը, որը տարեկան 2,1 միլիոն զբոսաշրջիկ է ընդունում, թույլատրում է սելֆի և լուսանկարներ անել հիշողութունները պահպանելու համար։ Սակայն հուշահամալիրը առանց երկմտելու դիմում է իր այցելուներին, որոնք սոցիալական ցանցերում «ոչ տեղին» լուսանկարներ են հրապարակում։
Վիենան, բախվելով սելֆիների շուրջ տիրող խելագարությանը, ստեղծել է թվային տեխնոլոգիաներից մեկուսացնող ընկերություն։ Այսպես, Գուստավ Կլիմտի «Համբույր» նկարի վերարտադրումը, որը գտնվում է Բելվեդեր պալատական համալիրում՝ բնօրինակից ոչ հեռու, ծածկված է հսկայական կարմիր հեշթեգով՝ «նայիր նկարին դրա հետ լուսանկարվելու փոխարեն» հաղորդագրությամբ:
Լուսինե Վարդանյան