Դատարանը կրկին մերժեց Մանվել Գրիգորյանին կալանքից ազատելու միջնորդությունը

ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի խափաման միջոց կալանավորումը փոխելու հերթական միջնորդությունն ամբողջությամբ մերժվեց։ Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը հուլիսի 9-ին Կենտրոնի նստավայրում հրապարակեց իր որոշումը։

Պաշտպանական կողմը նախորդ նիստին նմանաբնույթ մեկ այլ միջնորդություն էր ներկայացրել։ Կողմը պնդում է, որ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը անհամատեղելի է կալանքի հետ։ Մեղադրողները կրկին առարկեցին, նրանցից մեկն անգամ ասաց, որ պաշտպանական կողմը փորձ է անում չարաշահել միջնորդություններ ներկայացնելու իր իրավունքը։ Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը նաև առաջարկել է դիտարկել գրավի հարցը՝ 10 մլն դրամի սահմաններում։ Այսօրվա նիստին Գրիգորյանը չէր մասնակցում, դատարանում հրապարակվեց «Նաիրի» նժշկական կենտրոնի դիմումը, որտեղ ասվում էր, թե առողջական վիճակի վատթարացման պատճառով ամբաստանյալը չի կարող տեղափոխվել դատարան։

Խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ դատավորը ամբողջությամբ մերժեց Լևոն Բաղդասարյանի միջնորդությունը։ Որոշ ընթացակարգային հարցեր քննարկելուց հետո նիստը հայտարարվեց ավարտված։

Նախորդ նիստին դատարանը որոշել էր, որ Գրիգորյանի առողջական վիճակի միասին եզրակացություն կներկայացնի միջգերատեսչական փորձագիտական խումբը։

Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և պահելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ: Նա կալանավորվել էր 2018-ի հունիսին։

Դեկտեմբերին նա ազատ արձակվեց՝ խափանման միջոցը առաջին ատյանի դատարանը փոխարինեց 25 միլիոն դրամ գրավով։ 2019թ․ հունվարի 22-ին, սակայն, Վերաքննիչ քրեական դատարանը բավարարեց դատախազության բողոքը, և Գրիգորյանը կրկին կալանավորվեց։

Նազիկ Ամիրյանը մեղադրվում է ամուսնու, որդու և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով իրենց պատկանող երեք տներում ռազմամթերթ, պայթուցիկ նյութեր պահելու, ինչպես նաև տարբեր տեսակի հափշտակություններ կատարելու մեջ։

Գևորգ Թոսունյան

Մեկնաբանել