Սոցիալական ցանցերում ակտիվ քննարկվում է «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» կոնվենցիան։ Այն ստորագրվել է 2011-ին Ստամբուլում, որտեղից էլ ստացել է անվանումը։ Ի՞նչ է պետք իմանալ այս կոնվենցիայի մասին, ի՞նչ է ասում հայաստանյան վիճակագրությունը։
- «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» կոնվենցիան հայտնի է որպես Ստամբուլյան, քանի որ ստորագրվել է Ստամբուլում 2011-ին,
- Կոնվենցիան առաջարկում է համալիր գործողությունների շարք, օրինակ՝ կարգավորել օրենսդրությունը, ստեղծել ապաստարաններ և օգնության հեռախոսահամարներ,
- Մասնակից պետությունը ստեղծում է նաև փորձագիտական խումբ՝ GREVIO,
- Այն վերահսկում է կոնվենցիայի նկատմամբ պարտականությունների կատարումը,
- Ըստ կոնվենցիայի՝ երեխաները ընտանեկան բռնության զոհ են դառնում՝ այդ թվում նաև ընտանիքում բռնությանը ականատես լինելով,
- Կոնվենցիայի ընդդիմախոսներն այն համարում են հակասահմանադրական,
- Ասում են՝ կոնվենցիայում կան վիճահարույց սահմանումներ՝ «Կանանց և տղամարդկանց կարծրատիպային դերաբաժանում», «գենդերային ինքնություն»,
- Մեջբերում են կոնվենցիայի պաշտոնական մեկնաբանությունից հատված․ «Տրանսգենդերը, տրանսֆիստիտը կամ տրանսեքսուալ և այլ անձը չեն համապատասխանում հասարակության կողմից «կին» և «տղամարդ» կատեգորիաներին ներկայացվող պահանջներին»,
- Եվրոպայի խորհրդի անդամ 47 պետությունից կոնվենցիան վավերացրել են 34-ը,
- Ստորագրել են 11-ը, այդ թվում՝ Հայաստանը,
- Ռուսաստանը և Ադրբեջանը չեն ստորագրել այն,
- Բուլղարիան կոնվենցիան հակասահմանադրական է ճանաչել,
- 2018-ին Քննչական կոմիտեն քննել է ընտանիքում բռնության վերաբերյալ 519 քրեական գործ՝ նախորդ տարվա 458-ի դիմաց,
- Վարույթում գտնվող գործերով որպես տուժող ճանաչվել է 493 անձ,
- Քրեական գործերի մեծ մասը վերաբերում է ամուսնու կողմից կիրառված բռնությանը։
Գևորգ Թոսունյան