Հնարավոր է՝ վթարը իրանական կողմում է եղել․ փոխնախարարը մեկնաբանեց հոսանքազրկումը

Անհանգստանալու կարիք չկա, որևէ տեխնածին աղետ տեղի չի ունեցել․ այսօր հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը՝ մեկնաբանելով հանրապետությունում մասշտաբային հոսանքազրկումը։

Նա ասաց, որ 13։46-ին ամբողջ համակարգում հաճախականության տատանումներ են եղել, որոնց հետևանքով անջատվել է սկզբից Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկը, ապա՝ Երևանի ՋԷԿ-ը, հետո՝ ավելի փոքր կայանները։

Այս պահին պատճառը հստակ ախտորոշված չէ, բայց կայունությունը վերականգնված է։

Մեր համակարգը սինխրոն կապով կապված է իրանական էներգահամակարգի հետ, ու ցանկացած տատանում երկրներից մեկում զգացվում է մյուսում, հայտնեց Վարդանյանը։

Նրա խոսքով՝ վարկածներից մեկն այն է, որ հաճախականության հզոր տատանումները եկել են իրանական էներգահամակարգում տեղի ունեցած վթարից։

«Մենք կապ ենք հաստատել իրանցի գործընկերների հետ, նրանք փաստել են, որ նույն ժամանակահատվածում իրենց մոտ տեղի են ունեցել վթարներ, բայց չենք կարող 100 տոկոսով ասել, որ տատանումները եկել են իրանական կողմից։
Կստեղծվի աշխատանքային խումբ, ուսումնասիրություններ կկատարվեն, մեղավորները կբացահայտվեն»,- նշեց փոխնախարարը։

Նա շեշտեց, որ ատոմակայանին որևէ վտանգ չի սպառնում, այն չի անջատվել, այլ հունիսի 1-ից վերանորոգման է կանգնած։

Մեկնաբանել