Ժամանակն է, որ մենք տեխնիկական զննման և ԱՊՊԱ-ի գործընթացը սինխրոնիզացնենք․ կառավարության հուլիսի 11-ի նիստին նման առաջարկություն արեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ այն հիմնավորելով նրանով, որ ապահովագրության համակարգի միջոցով հնարավոր է վերահսկել մեքենաների տեխնիկական զննումը։
«Սա ամենաարդյունավետ լուծումը կլինի։ Այն մեքենան, որը չունի նորմալ տեխնիկական վիճակ, պետք է ապահովագրություն չստանա, իսկ այդ ԱՊՊԱ ստանալու կամ չստանալու և դա վերահսկելու գործիքակազմը մենք ունենք։ Այս իմաստով ռացիոնալ տարբերակը դա է։ Կոչ եմ անում, որ մոդել մշակենք ու փորձենք խնդիրը լուծել»,- նշեց փոխվարչապետը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունեց առաջարկը և համապատասխան հանձնարարականով հանդես եկավ։
***
2017-ին ՍիվիլՆեթը պարզել էր, որ տեխնիկական զննման գործընթացը ձևական բնույթ է կրում․ վարորդները վճարում են, սակայն տեխզննության չեն անցնում։ Գաղտնի նկարահանումների ժամանակ այդ մասին խոստովանում էին ինչպես վարչական շրջանների աշխատակիցներն, այնպես էլ տեխզննման կետերում աշխատողները։
2018-ի Թավշյա հեղափոխությունից հետո նմանաբնույթ բացահայտում արեց նաև ոստիկանությունը․ «Ընկերությունները 2015-2018 թթ.-ին օգտագործելով տրանսպորտային միջոցների զննության անցկացման թույլտվությունը՝ մեքենաները, փաստացի, տեխնիկական զննության չեն ենթարկվել»:
Գևորգ Թոսունյան