Հայաստանը չի կարող միջնորդ լինել Վրաստանի ու Ռուսաստանի միջև․ վրաց փորձագետ

Վրաց անկախ փորձագետ Զաալ Անջապարիձեն ՍիվիլՆեթի հետ զրույցում մեկնաբանում է վրաստանյան վերջին ներքաղաքական զարգացումները՝ «Ռուսթավի 2» հեռուստաընկերության միջադեպը, երկրում քաղաքական ուժերի դասավորությունը, Ռուսաստանի հետ վերջին առճակատումը։

— Կարո՞ղ ենք «Ռուսթավի 2» հեռուստաընկերության ուղիղ եթերում հնչած հայհոյանքները Վլադիմիր Պուտինի հասցեին սադրանք համարել։

— Ես կասեի, որ դա «պատվերով սադրանք» էր, իսկ ՌԴ նախագահի հասցեին հայհոյանքներ հնչեցրած լրագրողը այս խաղի փոքր պտուտակը դարձավ։ Ըստ երևույթին, նրան պետք էր մասնակցել այդ սադրանքին, իսկ սադրանքի նպատակն էր բարդացնել վրաց-ռուսական հարաբերությունները, որոնք վերջին տարիներին հարաբերականորեն կարգավորվել էին։

— Ինչպե՞ս եք գնահատում վրացական իշխանությունների արձագանքը «Ռուսթավի 2»-ում կատարվածին։

— Կարծում եմ, որ արձագանքը փոքր-ինչ հապճեպ և չափազանցված էր։ Նախագահի և վարչապետի մակարդակով այդպիսի բաներին արձագանքելը, անգամ եթե դա սադրիչ հարձակում է, ակնհայտորեն անհամաչափ է։ Ստեղծվել է ինչ-որ ծանր տպավորություն, որ պետության առաջին դեմքերը շարքային սադրիչին ուշադրության են արժանացնում։ Մամուլի ծառայության կամ փոխնախարարի մակարդակով հայտարարությունը նախնական փուլում լիովին բավարար կլիներ։

— Ձեր կարծիքով՝ ինչպիսին էր ռուսական ղեկավարության արձագանքը «Ռուսթավի 2» հեռուստաընկերության միջադեպին։

— Ռուսաստանը արձագանքել է շատ յուրօրինակ կերպով, այսպես ասած՝ «բարի և չար ոստիկանի» սկզբունքով։ «Չար» Պետական դուման որոշեց Վրաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառել, իսկ «բարի» Պուտինը խղճաց վրացիներին և պատժամիջոցներին դեմ արտահայտվեց։ Սա մեկ կրակոցով առնվազն երկու նապաստակ սպանելու ձգտում է՝ Վրաստանում ռուսամետ ուժերին նոր հաղթաթուղթ տալ, հակառուսական ուժերին փակուղի մտցնել, չթողնել, որ Վրաստանում հակառուսական տրամադրությունների նոր ալիք բարձրանա և սեփական միջազգային համբավին լրացուցիչ վնաս չհասցնել, հատկապես՝ Արևմուտքի հետ առճակատման նվազման ֆոնին։

— Ի՞նչ տեսք ունի այսօր քաղաքական ուժերի դասավորությունը Վրաստանում։ Հնարավո՞ր է իրավիճակի հետագա էսկալացիա, և ո՞ւմ է այն օգտակար։

— Բողոքի ակցիաների ճնշման տակ, որոնք հետևել էին հունիսի 20-ի հայտնի դեպքերին, իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը որոշում է կայացրել 2020-ի խորհրդարանական ընտրությունները անցկացնել հարյուրտոկոսանոց համամասնական համակարգով՝ զրոյական անցողիկ շեմով, որից հետո հնարավորությունների պատուհան բացվեց ինչպես փոքր քաղաքական կուսակցությունների, այնպես էլ նրանց համար, ովքեր, որոշակի ռեսուրսներ ունենալով՝ ցանկանում են քաղաքականություն մտնել։ Հիմա դժվարին, բայց ընտրական համակարգի փոփոխությունների շուրջ երկխոսություն կա իշխող կուսակցության և ընդդիմության միջև։ Եթե իշխող կուսակցությանը հաջողվի հասնել կոնսենսուսի քաղաքական խաղացողների մեծամասնության հետ և խորհրդարանում 113 ձայն հավաքի (սահմանադրական փոփոխությունների անցկացման համար անհրաժեշտ), ապա կարելի է ակնկալել քաղաքական ուժերի վերախմբավորման նոր փուլ։ Այդ գործընթացը սկզբունքորեն սկսվել է։ Քաղաքականություն մտնելու մասին արդեն հայտնել է Վրաստանի ամենախոշոր բանկերից մեկի՝ TBC-ի համասեփականատեր Մամուկա Խազարաձեն։ Բացառված չէ, որ մինչև խորհրդարանական ընտրությունները մնացած ժամանակի ընթացքում մենք քաղաքականության մեջ մի քանի նոր սուբյեկտների ի հայտ գալու ականատեսը դառնանք։

— Վերջին բոլոր զարգացումները նշանակաո՞ւմ են արդյոք ժնևյան գործընթացի ավարտ, և իրավիճակի ի՞նչ հանգուցալուծում եք տեսնում։

— Կարծում եմ, որ վերջին շաբաթներին Վրաստանում հայտնի իրադարձությունները Ժնևի միջազգային բանակցությունների վրա չեն արտացոլվի, քանի որ կողմերից ոչ մեկը հետաքրքրված չէ դրանց դադարեցմամբ։ Վրաստանի համար դա միակ միջազգային հարթակն է, որտեղ քննարկվում են իր օկուպացված տարածքների հարցերը, իսկ ՌԴ-ի համար՝ շատ հարմար ձևաչափ, որտեղ նա հանդես է գալիս ոչ թե որպես հակամարտության կողմ, այլ՝ միջնորդ։

— Հնարավո՞ր է, որ Հայաստանը դառնա Թբիլիսիի և Մոսկվայի միջև յուրօրինակ բուֆեր, և եթե այո, ապա ի՞նչ գործողություններ կարող է ձեռնարկել Երևանը այդ ուղղությամբ։

— Չգիտեմ՝ ինչ նկատի ունեք՝ «բուֆեր» ասելով։ Եթե նկատի ունեք միջնորդությունը, ապա այս փուլում դա դժվար իրականանալի է մի շարք քաղաքական պատճառներով։ Վերջ ի վերջո, Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է։ Բացի այդ, Հայաստանը այժմ բավականաչափ ներքին և արտաքին քաղաքական հոգսեր ունի, որպեսզի նման առաքելություն ստանձնի։ Թբիլիսիում, ինչքանով ինձ հայտնի է, նույնպես չեն դիտարկում այդպիսի տարբերակ։

Թարգմանությունը՝ Լուսինե Վարդանյանի

Մեկնաբանել