ՀՀ արդարադատության նախարարությունը արձագանքել է Վենետիկի հանձնաժողովին

Հայաստանի արդարադատության նախարարությունը հայտարարել է՝ հաստատակամ է իր մոտեցման մեջ, ըստ որի, դատական բարեփոխման առանցքում լինելու են դատավորի գույքի, եկամուտների, ծախսերի, շահերի հայտարարագրման կատարելագործումն ու բարեփոխումը, դատավորների բարեվարքության ու գույքային դրության գնահատման օբյեկտիվ մեխանիզմների ներդրումը, և այս առումով նախկինում արած հայտարարությունների ու Վենետիկի հանձնաժողովի զեկույցի մեջ որևէ խզում չկա։

Նախարարությունը նման հայտարարությամբ է հանդես եկել՝ անդրադառնալով  Վենետիկի հանձնաժողովի՝ այսօր տարածված զեկույցին։ Վենետիկի հանձնաժողովը իր զեկույցում նշել է, թե «ՀՀ իշխանություններն ընդունել են, որ գործող դատավորների համընդհանուր վեթինգը ոչ անհրաժեշտ է ու ոչ օգտակար։ Վենետիկի հանձնաժողովը նաև ողջամիտ չէր համարել Սահմանադրական դատարանի անդամ-դատավոր բառախաղը»։ 

«Այդուհանդերձ, քանի որ ԵԽ «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) 119-րդ նստաշրջանի զեկույցի բովանդակությունը մամուլում շահարկումների տեղիք է տվել և մի շարք հարցեր առաջացրել, կարծում ենք, որ խնդիրն առավելապես վերաբերում է «վեթինգ» բառի մեկնաբանությանը և այն եղանակներին ու ձևին, որով այդ գործիքը կիրառվել է տարբեր երկրներում»,- նշված է արդարադատության նախարարության պարզաբանման մեջ։

Արդարադատության նախարարությունը հիշեցրել է, որ հանձնաժողովի լիագումար նստաշրջանից հետո կայացել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի այցը Ստրասբուրգ, որտեղ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդի, Եվրոպայի խորհրդի Իրավունքի գերակայության և մարդու իրավունքների հարցերով գլխավոր տնօրեն Քրիստոս Ջիակումոպուլոսի, Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյին ներկայացվել են կառավարության մոռեցումները դատաիրավական ոլորտում փոփոխությունների ու առաջնահերթությունների վերաբերյալ, որոնք հավանության են արժանացել վերջիններիս կողմից։

Նախարարությունն իր տարակուսանքն է հայտնել, որ սահմանափակ հասանելիությամբ զեկույցը հասանելի է դարձել հարցը միակողմանիորեն շահարկող անձանց շրջանակին։ Ինչ վերաբերում է ՍԴ-ում ստեղծված վիճակին, արդարադատության նախարարությունը հայտարարել է՝ այդ հարցով գործադիր իշխանությունը որևէ պաշտոնական դիրքորոշում դեռևս չեն հայտնել, հարցի վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանը առաջիկայում հանդես կգա հայտարարությամբ։

Մկրտիչ Կարապետյան

Լուսանկարում՝ ՀՀ Սահմանադրական դատարանի շենքը