Դավիթ Գարեջի վանքի շուրջ կրկին սրվել են վրաց-ադրբեջանական հարաբերությունները

Հերթական միջադեպն է տեղի ունեցել վրաց-ադրբեջանական սահմանի չսահմանազատված մասում՝ Դավիթ Գարեջի վանական համալիրի մոտ, տեղի բնակիչների և ադրբեջանցի սահմանապահների միջև, հաղորդում է Jam-news.net կայքը։

Տեղի վրացական բնակչության դժգոհությունն էր առաջացրել տեղեկությունն այն մասին, որ ադրբեջանցի սահմանապահները վրացական Ուդաբնո տաճարից դուրս են բերել սրբապատկերներն ու փոխանցել վրացի գործընկերներին։

Տեղի վրացիների կարծիքով՝ սահմանապահներն իրավունք չունեին դիպչելու վրացական տաճարի սրբապատկերներին։ Դրա հետևանքով բախում է տեղի ունեցել վրացի բնակչության և ադրբեջանցի սահմանապահների միջև։

Ադրբեջանական մամուլը գրում է, որ տեղացիներից մեկը խլել է սահմանապահի զենքն, իսկ հետո՝ վերադարձրել այն։

Տեղեկությունն այն մասին, որ ադրբեջանական կողմը դուրս է բերել սրբապատկերները մենախցերից, հաստատում է նաև Վրաստանի սահմանային ոստիկանության ղեկավարի տեղակալ Թեյմուրազ Կուպատաձեն։ Սահմանին ադրբեջանցի գործընկերների հետ երկկողմ հանդիպումից հետո Կիգուրաձեն լրագրողներին ասել է, որ սահմանապահները դա արել են, որպեսզի զերծ պահեն սրբապատկերները վնասվելուց։

«Նրանք ասել են, որ սրբապատկերները կարող էին վնասել քամին, անձրևն ու եղանակային այլ պայմաններ։ Եվ որպեսզի սրբատկերների վնասման համար իրենց չմեղադրեն, նրանք դրանք դուրս են բերել և փոխանցել մեր սահմանապահներին»,– ասել է Կուպատաձեն։

Զենքի հետ կապված միջադեպի մասին վրացական կողմը չի խոսում։

Սակայն Բաքվում սուր են արձագանքել կատարվածին։ Ռազմական փորձագետներն, ու ոչ միայն նրանք, հարցադրում են անում, թե ինչպես է հաջողվել անզեն մարդկանց զենք խլել ադրբեջանցի սահմանապահներից։

Ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը հաղորդում է, որ բացատրություննրի համար Ադրբեջանի ԱԳՆ է կանչվել Վրաստանի դեսպանը։ Այդ հանդիպման մանրամասները հայտնի չեն։

Իր պաշտոնական հայտարարությունում Ադրբեջանի ԱԳՆ-ն կատարվածը անվանել է «սադրանք, որն ուղղված է երկու երկրների միջև հակամարտություն հրահրելուն»։

Բաքուն վրացական կողմից պահապնջում է հետաքննել միջադեպը։

***

6-րդ դարի քարանձավային վանական համալիրը, որը Վրաստանում կոչում են Դավիթ Գարեջի, իսկ Ադրբեջանում՝ Քեշիշդաղ, հարևաններ Վրաստանի և Ադրբեջանի միջև մշտական վեճերի և միջադեպերի պատճառ է դառնում։

Սահմանն անցնում է հենց համալիրի միջով։ Վրաստանը պնդում է, որ դա վրացական մշակույթի հուշարձան է։ Ադրբեջանում համարում են, որ համալիրն աղվանական մշակույթի մաս է և վրացիների հետ կապ չունի։

Թբիլիսիի և Բաքվի միջև սահմանի վիճելի հատվածների սահմանազատման և սահմանագծման մասին բանակցություններ են ընթանում։

Մշակութային այդ հուշարձանի շուրջ իրավիճակը ժամանակ առ ժամանակ սրվում է։

Վերջին սրացումը տեղի էր ունեցել ապրիլին, երբ հաղորդումներ եղան, որ ադրբեջանցի սահմանապահները սահմանափակել են Դավիթ Գարեջի համալիրի հասանելիությունը։

Աղբյուրը՝ Jam-news.net

Մեկնաբանել