Կառավարությունը 3 մլրդ դրամ կհատկացնի աղետի գոտուն

Աղետի գոտու բնակարանային խնդիրների լուծման նպատակով կառավարությունը կհատկացնի 3 մլրդ դրամ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են 1988 թվականի երկրաշարժի հետևանքների վերացման ուղղությամբ կառավարության անելիքները:

Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ նախորդ տարվա դեկտեմբերի 7-ին Գյումրիում տեղի ունեցած կառավարության արտագնա նիստում որոշվել էր ստեղծել աշխատանքային խումբ, որի հիմնական գործառույթը պետք է լիներ հստակեցնել երկրաշարժի գոտում առկա խնդիրներն ու ծավալները:

Վարչապետը տեղեկացրել է, որ կառավարությունը միջնաժամկետ ծախսային ծրագրով նախատեսում է 3 մլրդ դրամ հատկացնել լուծելու այն քաղաքացիների բնակարանային խնդիրները, որոնց նկատմամբ պետության պարտավորությունը հստակ, դե յուրե արձանագրված է:

«Խնդիրը 3 միլիարդ դրամի ծախս է պահանջում և մենք միջոցները հատկացնում ենք, որպեսզի այդ թեման փակենք մեկընդմիշտ: Իհարկե, այստեղ չենք կարող ասել, որ հարցը վերջնական լուծված է մինչև վերջին դետալը, որովհետև ծագում է երկրորդը հարցը՝ այդ 3 մլրդ դրամն ինչպե՞ս պետք է մարդու համար դառնա կոնկրետ գործնական արդյունք: Եկեք չթաքցնենք, ունենք երկու տարբերակ: Առաջինը՝ ծրագիրն իրականացնել բնակարանների գնման վկայագրերի, երկրորդը՝ շինարարություն իրականացնելու միջոցով: Այս երկու տարբերակներն ունեն իրենց առավելություններն ու թերությունները և մենք այստեղ ունենք շատ լուրջ քննարկման հարց: Իհարկե, ԲԳՎ-ներով լուծման տարբերակն ունի մի մեծ առավելություն, երբ մենք այդ 3 մլրդ դրամը հնարավորինս արագ հասցնում ենք քաղաքացուն, պարտավորությունը կատարում ենք և քաղաքացին արդեն ունենում է որոշակի ճկունություն: Բայց կան նաև այլ տեսակետներ, որոնք նույնպես հնարավորինս արագ պետք է քննարկենք: Մեր այսօրվա ընթացիկ անելիքը հետևյալն է. հստակ պատկերացնել աշխատանքի, խնդրի ծավալը, արձանագրել լուծման ուղիները և հարցը լուծել այնպես, որպեսզի մասնավորապես Գյումրին և այն մյուս բնակավայրերը, որոնք նմանատիպ իրավիճակ ունեն, քաղաքաշինական փակուղուց դուրս գան, որովհետև կարծում եմ, որ այն իրավիճակը, որ ունենք կոնկրետ Գյումրիում, խնդիրը ոչ միայն այն է, որ մեր հայրենակիցները բնակվում են ոչ պատշաճ պայմաններում, այլև Գյումրին ինչ որ առումով հայտնվել է քաղաքաշինական փակուղում: Մենք պետք է ամեն ինչ անենք՝ այդ փակուղին հաղթահարելու համար»,- ընդգծել է վարչապետը:

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը նշել է, որ թեև տվյալների համադրման, ճշտման գործընթացը դեռևս ընթացքի մեջ է, կոմիտեի կողմից 2019-ի հունիսի վերջին ամփոփվել և հավաքագրվել են ստացված տեղեկատվությունները: Մասնավորապես, հունիսի 28-ի դրությամբ հավաքագրվել է Շիրակի, Լոռիի և Արագածոտնի մարզերի 7 հազար 219 ոչ հիմնական շինությունների վերաբերյալ տեղեկատվություն: Դրանցից 3 հազար 530-ը գտնվում են Շիրակի, 3531-ը՝ Լոռու, 158-ը՝ Արագածոտնի մարզերում: Ոչ հիմնական շինությունների հիմնական մասը՝ 4 հազար 940-ը, բաշխված են քաղաքային, իսկ 2 հազար 279-ը՝ գյուղական բնավայրերում: Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողերի վրա տեղադրված ոչ հիմնական շինությունների թիվը 4 հազար 457 է, քաղաքացիների սեփական հողերի վրա տեղադրվածները՝ 2 հազար 762: Հավաքագրված տվյալների համաձայն՝ փաստագրված տնակներում բնակվող ընտանիքների թիվը կազմում է 7 հազար 82: Մնացած տնակներն, ըստ Վահագն Վերմիշյանի, օգտագործվում են այլ նպատակներով:

Խորհրդակցության ընթացքում ներկայացվել է ամփոփված տվյալների հիման վրա մշակված համապատասխան առաջարկությունների փաթեթ՝ ոչ հիմնական շինություններում բնակվող ընտանիքների վերաբնակեցման՝ բնակարանային պայմանների բարելավման, տարածքները ոչ հիմնական շինություններից ազատելու և քաղաքաշինական փաստաթղթերի պահանջներին համապատասխանող շինություններն օրինականացնելու վերաբերյալ: Տեղի է ունեցել առաջարկությունների փաթեթի համապարփակ քննարկում, ներկայացվել են տարբեր դիտարկումներ և կարծիքներ: Առաջարկվել է հավաքագրված տվյալներն ամփոփել էլեկտրոնային հարթակում և մոդուլավորել՝ ըստ բնակավայրերի, ընտանիքների խնդիրների, տեղանքի և այլ չափորոշիչների:

Վարչապետը հանձնարարել է սեղմ ժամկետներում վերջնական տեսքի բերել առաջարկությունների փաթեթն ու ներկայացնել կառավարություն՝ գործընթացն առաջ մղելու նպատակով:

Հաղորդագրությունն ամբողջությամբ՝ ՀՀ վարչապետի կայքում

Մեկնաբանել