Խուզարկել են դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակը։ Գրիգորյանը կալանքից ազատել էր Ռոբերտ Քոչարյանին։
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում երեկ՝ հուլիսի 16-ին, խուզարկություն են իրականացնել ՀՀ հատուկ քննչական ծառայության աշխատակիցները։
Այս լուրը Սիվիլնեթի հետ զրույցում հաստատեց ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։
Նրա խոսքով՝ խուզարկությունն իրականացվել է իրենց մոտ քննվող քրեական գործի շրջանակում: Օհանջանյանն ասաց, որ «այս պահին այլ տեղեկություններ փոխանցել չեն կարող»։
Դավիթ Գրիգորյանը քննում էր մարտի 1-ի գործը, որի գլխավոր մեղադրյալը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է։ Մայիսի 18-ին Գրիգորյանը, Արցախի ներկա և նախկին նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի անձնական երաշխավորության դիմաց փոխել էր Քոչարյանի խափանման միջոցը, և նա կալանքից ազատ էր արձակվել։
Գեղեցիկ Ոսկանյան
Լուսանկարում՝ դատավոր Դավիթ Գրիգորյանը, Ֆոտոլուր