Հրայր Թովմասյանը սեփականաշնորհել է Սահմանադրական դատարանը ինչպես մի նոտարական գրասենյակ․ Նիկոլ Փաշինյան

Հրայր Թովմասյանը՝ Սերժ Սարգսյանի և Գագիկ Հարությունյանի օգնությամբ սեփականաշնորհել է Սահմանադրական դատարանը ինչպես մի նոտարական գրասենյակ․ այսպիսի հայտարարություն է արել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազատություն ռադիոկայանի Հրայր Թամրազյանի հետ հարցազրույցում։

Փաշինյանը անդրադարձել Սահմանադրական դատարանի նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանի հայտարարություններին ու լրատվամիջոցներում հրապարակված նամակին և Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին։ Հարցին, թե ի վերջո ինքը ճգնաժամ տեսնում է, թե ոչ, Փաշինյանը պատասխանել է։

Պիտի անկեղծ ասեմ, որ Վահե Գրիգորյանի նամակը ինձ ուղղակի ցնցեց։ Ինչու ցնցեց։ Որովհետև այդ նամակը կարդալով, այդ տրանսֆորմացիայի շրջանում, բոլորս կենտրոնացած լինելով Սերժ Սարգսյանի շուրջ ստեղծվող քաղաքական մանիպուլյացիայի վրա և զբաղված լինելով դրանով, հասկանալիորեն գուցե մասնագիտական ինչ-որ գիտելիքների կամ նրբությունների իմացության պատճառով չենք նկատել նույնամասշտաբ մի մանիպուլյացիա, որ տեղի է ունեցել Սահմանադրական դատարանում։ Իսկ ինչ է տեղի ունեցել։ Երբ 2015-ին սահմանադրական փոփոխությունները նախաձեռնվում էին, ասվում էր, որ սա երկրի ամբողջական ինստիտուցիոնալ բարեփոխման համակարգ է։ Այո՛, մենք նոր կառավարություն պիտի ունենանք, նոր նախագահի ինստիտուտ, նոր խորհրդարանական ինստիտուտ և նոր Սահմանադրական դատարան, որովհետև Սահմանադրության տեքստի հեղինակներն ըստ էության պնդում էին, կամ այդպես է երևում տեքստից, որ «մենք գտել ենք, թե ինչպիսին պետք է լինի Հայաստանի Հանրապետությունում պատկերավոր ասած իդեալական Սահմանադրական դատարանը, որը համապատասխանի մեր այսօրվա կարիքներին»։

Եկեք չմոռանանք, որ Սահմանադրական դատարանը ձեզ հայտնի հանգամանքների բերումով Հայաստանի Հանրապետությունում ամենավարկաբեկված ինստիտուտներից մեկն էր, որովհետև այդ Սահմանադրական դատարանը ի վերջո վավերացրել է 96 թվականից սկսած․․․ լավ չեմ հիշում… այո՛, այո՛, 96-ից սկսած բոլոր ընտրակեղծիքները, և ըստ էության կար վստահության ճգնաժամ նաև Սահմանադրական դատարանի նկատմամբ։ Եվ Սահմանադրության տեքստի հեղինակներն ըստ էության ասում էին, որ՝ ահա՛ սա է, ժողովուրդ ջան, նոր Սահմանադրությունը, և Սահմանադրական դատարանը պետք է լինի այսպիսին, Սահմանադրական դատարանի դատավորները պետք է ընտրվեն ոչ թե ցմահ կամ մինչև 65 տարեկան, այլ 12 տարով։ Երկրորդ, Սահմանադրական դատարանի նախագահը պետք է ընտրվի ոչ թե Ազգային ժողովի, այլ Սահմանադրական դատարանի կողմից՝ վեց տարի ժամկետով։ Այսինքն՝ ամեն վեց տարին մեկ պետք է տեղի ունենա Սահմանադրական դատարանի նախագահի փոփոխություն։

Ունե՞նք մենք այսօր այնպիսի Սահմանադրական դատարան, որ համապատասխանի մեր գործող Սահմանադրության տեքստին, ոգուն, կառուցակարգին; Այսինքն, ունե՞նք մենք այն Սահմանադրական դատարանն այսօր, որը նկարագրված է մեր Սահմանադրությունում։ Մենք չունենք այդ Սահմանադրական դատարանը։ Ինչու չունենք․ որովհետև նոր Սահմանադրությունն ուժի մեջ մտնելուց 40 օր առաջ Սահմանադրական դատարանի երկարամյա նախագահ Գագիկ Հարությունյանը հրաժարական տվեց․․․ ինչպես հետագայում պիտի պարզվեր՝ ներիշխանական մի գործարքի և մանիպուլյացիայի արդյունքում։ Տեղի ունեցավ մեծ առևտուր, որտեղ մի շարք առանցքային դեմքեր ստանում էին իրենց հասանելիքը՝ Սերժ Սարգսյանը՝ վարչապետի պաշտոնը, Գագիկ Հարությունյանը՝ ԲԴԽ նախագահի պաշտոնը,- նոր Սահմանադրությունն ուժի մեջ մտնելուց 40 օր առաջ, որից հետո այս նոր Սահմանադրությունը պետք է ուժի մեջ մտներ, և մենք պետք է ունենայինք նոր կառուցված Սահմանադրական դատարան, հրաժարական տվեց, և նրա փոխարեն Սահմանադրական դատարանի անդամ, հետագայում նաև Սահմանադրական դատարանի նախագահ առաջադրվեց և ընտրվեց Ազգային ժողովի կողմից Հրայր Թովմասյանը։ Մինչդեռ մեր նոր Սահմանադրությամբ նախատեսված է, որ Սահմանադրական դատարանի նախագահ ընտրում է հենց ինքը՝ Սահմանադրական դատարանը։

Եվ, որ ավելի կարևոր է,- քանի որ իրենց ձեռքն էր թուղթն էլ, գրիչն էլ,- անցումային դրույթ են գրել, որ՝ ա՛յ, ովքեր ապրիլի 9-ից առաջ են ընտրվել Սահմանադրական դատարանի անդամ, նրանց վրա տարածվում են 2005-ի կարգավորումները։ Այսինքն՝ նրանք ոչ թե 12 տարով են ընտրվում, այլ ըստ էության ցմահ են ընտրվում կամ մինչև 65 տարեկան։ Նույնը վերաբերում է Սահմանադրական դատարանի նախագահին։

Ինչ է ստացվում․ որ մենք ունենք մեր Սահմանադրությունում նկարագրված Սահմանադրական դատարան, բայց այդպիսի դատարան չենք կարող ունենալ մինչև 2035 թվականը, քանի որ Հրայր Թովմասյանը եղել է Սահմանադրության տեքստի հեղինակը, ինքը այնպես գրել է այդ տեքստը,- բնականաբար Սերժ Սարգսյանի ու Գագիկ Հարությունյանի հետ համաձայնեցված,- որ ինքը մինչև 2035-ը մնա Սահմանադրական դատարանի նախագահ՝ չնայած մեր Սահմանադրությունն արդեն նախատեսել է, որ այդպիսին չէ մեր ուզած Սահմանադրական դատարանը։ Սահամանդրի կամքն ուրիշ է․․․

Ստացվում է, որ Սահմանադրության այն դրույթը, որ ունենք Սահմանադրական դատարան վերաբերյալ, չենք կարող կիրառել մինչև 2035-ը, որովհետև Հրայր Թովմասյանը՝ Սերժ Սարգսյանի ու Գագիկ Հարությունյանի օգնությամբ, սեփականաշնորհել է Սահմանադրական դատարանն այնպես, ինչպես կարելի է օրինակ սեփականաշնորհել մի նոտարական գրասենյակ։

Եվ այսօր մենք ունենք իրողություն, որ ունենք 2019 թվականի Հայաստան՝ բառի թե՛ բուն, թե՛ փոխաբերական իմաստով, թե՛ սահմանադրական, թե՛ հեղափոխության, թե՛ ժամանակի իմաստով, բայց ըստ էության ունենք 1995-ի Սահմանադրական դատարան։

Եվ այս պատկերը ցույց է տալիս, որ այսօրվա Հրայր Թովմասյանի կողմից սեփականաշնորհված,- ասում եմ, նոտարական գրասենյակի նման․․․ Լսել եք, չէ՞, որ պետգնումների մրցույթ են անում, պետք է մրցույթի այնպիսի տեխնիկական առաջադրանք գրեն։ Ոնց է կոռուպցիան տեղի ունենում գնումների գործընթացում․ գրում են այնպիսի տեխնիկական առաջադրանք, որ համապատասխանում է մեկ ընկերության հնարավորություններին, որպեսզի ուրիշ ոչ ոք չկարողանա այդ մրցույթին մասնակցել։ Ահա տեղի է ունեցել Սահմանադրական դատարանի այսպիսի սեփականաշնորհում։

Եվ այսօր նույնիսկ Սահմանադրական դատարանը զրկված է ինքն իր համար նախագահ ընտրելու իրավունքից մինչև 2035-ը, չնայած Սահմանադրությունում հստակ գրված է, որ Սահմանադրական դատարանի նախագահն ընտրվում է դատարանի կազմից։ Սահմանադրական դատարանի մյուս ներկայացուցիչները զրկված են Սահմանադրական դատարանի նախագահի կարգավիճակին վեց տարի հետո, որևէ մեկի ընտրությունից հետո, հավակնելու իրենց սահմանադրական իրավունքից։ Չնայած ասում է, որ վեց տարի հետո այս մարդն այլևս Սահմանադրական դատարանի նախագահ չէ։ Նշանակում է մյուսները կարող են ընտրվել։ Այսինքն՝ մինչև 2035-ը Սահմանադրության գլուխն ըստ էության չի գործում, որովհետև դա սեփականաշնորված է։

Հաջորդը, եթե մենք այս տրամաբանությամբ նայենք, ենթադրաբար Սահմանադրական դատարան վերաբերյալ այդ գլուխը, այդ մասը երբեք էլ ուժի մեջ չի մտնի։ Ինչու․ որովհետև Հայաստանի պատմության դինամիկան ցույց է տալիս, որ ամեն տասը տարին մեկ տեղի են ունենում սահմանադրական փոփոխություններ։ Եթե այս տրամաբանությամբ գնանք և նույն տրամաբանությամբ, ասենք տասը տարի հետո սահմանադրական փոփոխություններ տեղի ունենան 2025-ին կամ 2030-ին, կստացվի, որ մեր երազանքների Սահմանադրական դատարանը, որը Վարդան Պողոսյանը, Սերժ Սարգսյանը, Հրայր Թովմասյանը և Գագիկ Հարությունյանը նկարագրել են և այդ մոդելով, համոզել են մեր քաղաքացիներին,- ինչքան են համոզել, այդ խոսակցությունը եկեք մի կողմ թողնենք,- որ՝ ա՛յ, ժողովո՛ւրդ, մենք գտել ենք այս Սահմանադրական դատարանը․․․ այդ Սահմանադրական դատարանը մեր ժողովուրդը երբեք չի ունենալու, չնայած այդ Սահմանադրական դատարանը նկարագրված է մեր գործող Սահմանադրության մեջ․․․

Հարցազրույցն ամբողջությամբ՝ ստորև։

Մարիա Եղիազարյան

Մեկնաբանել