Բողոքի ցույց և բախում Իջևանում․ ոստիկանները վնասվածքներ են ստացել

Երեկ՝ հուլիսի 17-ի երեկոյան, բողոքի ակցիա է իրականացվել Տավուշի մարզի Իջևան քաղաքում։ Փայտի գործով զբաղվողները փակել են միջպետական` Մ4 ճանապարհը, ինչի հետևանքով հարյուրից ավելի մեքենաներ խցանման մեջ են հայտնվել: Ցուցարարները պահանջում էին թույլ տալ, որպեսզի գյուղացիները մտնեն անտառ և ծառահատումներ իրականացնեն:

Ակցիայի ընթացքում բախում է տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև: Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանի տեղեկություններով ՝ կեսգիշերի դրությամբ Իջևանի բժշկական կենտրոն է տեղափոխվել 13 անձ։ Տուժողներն անցել են անհրաժեշտ ծավալով հետազոտություններ։ Վնասվածքները հիմնականում քերծվածքների կամ թեթև սալջարդերի տեսքով են եղել։

Ցուցարարներին այցելել է Տավուշի մարզպես Հայկ Չոբանյանը։ Բանակցություններից հետո միջպետական ճանապարհը բացվել է առանց որևէ անօրինական պահանջի կատարման։

Տավուշի մարզպետարանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք․

«որոշ լրատվամիջոցներ իրավիճակը ներկայացրել են այնպես, թե իբր Տավուշի մարզպետը խոստացել է կատարել բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների պահանջները։ Ցուցարարներից մեկը ԶԼՄ-ների հետ զրույցում հայտարարել է, թե Հայկ Չոբանյանը խոստացել է 1 խմ մետր վառելափայտը 6 000 դրամով գնելու հնարավորություն ստեղծել։ Սա իրականությանը չհամապատասխանող տեղեկություն է։

Մի քանի ժամ առաջ տեղի ունեցած բանակցության ժամանակ մարզպետ Հայկ Չոբանյանը ցուցարարներին ներկայացրել է այն բոլոր հնարավորությունները, որոնք բացառապես օրինական են։ Մասնավորապես, մարզպետը նշել է, որ հենց վաղվանից փայտահատները կարող են քամատապալ ծառերի 1 խմ փայտանյութի համար վճարելով 6 000 դրամ, այն անտառից դուրս բերել և ցանկության դեպքում անգամ տեղափոխել մարզի սահմաններից դուրս, վաճառքի»։

Հայտարարություն է տարածել նաև մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը․

«Իջևանում ճանապարհ փակած քաղաքացիների ու ոստիկանների միջև տեղի ունեցած բախումներից հետո Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ստացվել են մի շարք ահազանգեր։

Ահազանգերից 4-ն այն մասին են, որ մարդիկ ընտանիքների, այդ թվում՝ մանկահասակ երեխաների հետ իրենց մեքենաներով կանգնած են ճանապարհին և չեն կարողանում հասնել իրենց անհրաժեշտ վայրերը՝ տեղաշարժի հնարավորություն չունենալու պատճառով։ Այդ ահազանգերից 2-ով նշվել է, որ երեխաներն անհանգիստ վիճակում են։ 1 ահազանգով ներկայացվել են տեղեկություններ այն մասին, որ բախման հետևանքով ոստիկանության ծառայողներ ու ճանապարհը փակած քաղաքացիներ են բուժօգնության համար տեղափոխվել հիվանդանոց։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը կապի մեջ է ոստիկանության հետ։

Պաշտպանի անմիջական ղեկավարությամբ՝ աշխատակազմն այս պահին շարունակում է իր իրավասության շրջանակում ձեռնարկել իրավիճակի հետ կապված անհրաժեշտ քայլեր»։

Լուսանկարը՝ Հետքի

Մեկնաբանել