Ընտրել եմ երկար, բայց ճիշտ ճանապարհ․ Արա Շիրինյանը՝ Տիգրան Պասկևիչյանին

Համոզված եմ, որ ընտրել եմ երկար, բայց ճիշտ ճանապարհ․ Հանրային հեռուստաընկերության խորհրդի (ՀՌԽ) նախագահ Արա Շիրինյանը ֆեյսբուքյան գրառմամբ արձագանքել է Տիգրան Պասկևիչյանի՝ իրեն ուղղված բաց նամակին։

«Իրականում մեր անհամաձայնությունը եղել է միայն մեկ հարցի շուրջ, ավելի ստույգ՝ մի անձի: Սակայն ինձ համար ընդունելի չէ տասնամյակների ինստիտուցիոնալ մեղքը մի մարդու վրա բարդելը: Հանրայինն ինքն էլ եղել է քոչարյանական-սարգսյանական ռեժիմի զոհը, և պարզունակ վրեժխնդրությամբ փոփոխություններ չեն իրականացվում»,- գրել է Արա Շիրինյանը։

Ըստ նրա՝ «Հանրային հեռուստատեսությունը ձեռնամուխ է եղել փոփոխությունների իրագործմանը, բայց դրա համար ժամանակ է պետք, ջանք և համբերություն»։

Հուլիսի 16-ին Տիգրան Պասկևիչյանը դիմում էր ներկայացրել ՀՌԽ նախագահի խորհրդականի պաշտոնից ազատվելու և Ֆեյսբուքում գրել էր․ «Ցանկացած համակարգ արմատականորեն վերափոխելը ծավալուն և դժվարին աշխատանք է ենթադրում, ինչին տրամադրված չէ ո՛չ նոր նախագահը, ո՛չ հին տնօրենը»։

Ազատման դիմումին հետևել էր բաց նամակ՝ ուղղված Արա Շիրինյանին, որում Պասկևիչյանը վերլուծել էր իր պաշտոնավարման 75 օրերը և ազատման պատճառները։

Լուսինե Վարդանյան

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի

Մեկնաբանել