Ստամբուլյան պարտությունից հետո․ ինչպե՞ս է Էրդողանը վերադարձնելու ժողովրդականությունը

Տնտեսության մեջ բարելավում չկա, միջազգային գործերը դոփում են տեղում, հանրությունը գնալով պառակտվում ու բևեռանում է։ Նշանակում է՝ եկել է իշխանության համակարգը վերաիմաստավորելու ժամանակը։ Թուրքիայի և նրա երկարամյա առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քաղաքականության մասին վերլուծական հոդվածում Մոսկվայի Կարենգի կենտրոնի կայքում հրապարակած հոդվածում վերլուծաբան Կիրիլ Ժառովը ներկայացնում է հնարավոր զարգացումներն այդ երկրում։

«Ով ղեկավարում է Ստամբուլը, ղեկավարում է երկիրը»։ Այսպես ժամանակին ասում էր Թուրքիայի նախագահ Էրդողանը։ Ըստ երևույթին, նա մինչև հիմա այդպես է կարծում, հակառակ դեպքում, մարտին չէր ցանկանա ճնշելով չեղարկել քաղաքապետի ընտրությունները, որոնցում հաղթանակ տարավ ընդդիմությունը։

Սակայն չեղարկելը օգուտ չտվեց․ հունիսին Ստամբուլում նշանակված կրկնակի ընտրությանը իշխանության թեկնածուն նորից պարտվեց, այս անգամ ավելի մեծ տարբերությամբ։ Հիմա Ստամբուլը, ինչպես և Անկարան, Իզմիրը, Անթալիան, Ադանան, ղեկավարում է ընդդիմությունը։ Սրանք Թուրքիայի կարևորագույն քաղաքներն են, զբոսաշրջության, գյուղատնտեսության շրջաններ՝ տպավորիչ ֆինանսական հոսքերով։

Այս տարի նահանգային ընտրություններում Էրդողանը տեսավ, թե ինչպես իրեն երկիրը կպահի, եթե ինքը ծայրահեղության գնա։ Ընդդիմությունն արդեն խոսում է հանրապետության զարգացման նոր դարաշրջանի մասին, Էրդողանի և նրա ղեկավարած Արդարություն և զարգացում կուսակցության (ԱԶԿ) կառավարման մոտալուտ ավարտի մասին։ Եվ իրոք, Թուրքիայի նախագահը բախվել է իր ղեկավարման ամբողջ 17 տարիների ամենալուրջ ճգնաժամին։ Նրան հարկավոր է արդյունավետ միջոցներ ձեռնարկել իր դիրքերի ամրապնդման համար, հակառակ դեպքում, կարող է կորցնել իշխանությունը։

Կուսակցական և նախարարական զտումներ

Ստամբուլի քաղաքապետի նոր ընտրությունները Թուրքիայում ընդունեցին որպես իշխող ԱԶԿ-ի և անձամբ Էրդողանի վստահության հանրաքվե։ Դրա համար էլ, երբ իշխանությունը պարտվեց, բոլորը սկսեցին ակտիվորեն քննարկել խորհրդարանական և նախագահական արտահերթ ընտրությունների հեռանկարը արդեն հաջորդ տարում՝ 2020-ին։

Ըստ ծրագրի՝ դրանք պիտի տեղի ունենային միայն 2023-ին, սակայն Էրդողանին ձեռնտու չէ այդքան երկար սպասել իր ժողովրդականությունը հաստատելու հնարավորությանը․ նրան հարկավոր է դա անել ավելի շուտ, որպեսզի կոտրի ներկայիս միտումները և չթողնի, որ ընդդիմությունը ամրապնդի դիրքերը։

Հաշվի առնելով Ստամբուլի արդյունքները՝ վստահ հաղթանակը երաշխավորված չէ։ Սակայն Էրդողանը դեռ ունի հնարավորություն տատանվող վարկանիշը ամրացնելու։

Առաջին հերթին, Թուրքիայի առաջնորդը, հավանաբար կփորձի համախմբել սեփական կուսակցությունը, որպեսզի այն նորից սկսի գործել որպես միասնական օրգանիզմ։ Այժմ ԱԶԿ-ի շարքերում պակաս չէ նրանց քանակը, ում սրտով չեն նախագահի արածները։ Նրանք կուսակցությունից դուրս թռչելու թեկնածուներ են։ Էրդողանի կուսակցությունը միշտ կարողացել է անցնել իր հետ չհամաձայնողների վրայով՝ նրանց փոխարինելով նոր մարդկանցով, որոնք պատրաստ են մեծամասնության բարօրության համար ակտիվորեն լծվել աշխատանքի։

Բացի իշխող կուսակցությունից, նախագահը պետք է կարգի բերի կառավարությունը։ Ներկայիս կազմով Թուրքիայի նախարարների կաբինետը ակնհայտորեն չի կարողանում հաղթահարել երկրում տիրող ճգնաժամը։ Անցած տարվանից թուրքական լիրայի փոխարժեքը ընկել է ավելի քան 30 տոկոս։ Հիմնական ապրանքների գինը միջինը 2-4 անգամ աճել է։ Երկրում ներդրումների հոսքը բավարար չէ, իսկ միջազգային վարկանիշային գործակալությունները Թուրքիայում կապիտալ ներդնելը համարում են վտանգավոր։

Պաշտոնազրկելու գլխավոր թեկնածուն Էրդողանի փեսան է՝ ֆինանսների նախարար Բերատ Ալբայրաքը։ Նրա նշանակումը ժամանակին առաջացրել էր ոչ միայն ընդդիմության, այլև ոչ ծայրահեղ թուրքերի և նույնիսկ ԱԶԿ-ի համախոհների դժգոհությունը։ Հերիք չէ, որ նախագահի մոտ ազգականը հայտնվել էր կառավարությունում, դեռ մի բան էլ նշանակվել էր ֆինանսական ոլորտի կարևորագույն պաշտոնում, չնայած, որ մինչև նշանակումը Ալբայրաքը աշխատանքային նշանակալից փորձ պետական ապարատի բարձր պաշտոններում չէր ունեցել։

Որպես հեռանալու երկրորդ հավակնորդ նշվում է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն։ Նա 2016-ի ամռանը պետական հեղաշրջման փորձի խռովարարների, իրական և հորինված մասնակիցների դեմ դաժան պայքարի խորհրդանիշներից մեկն է։ Նրա ղեկավարության տակ ներքին գործերի նախարարությունը ակնհայտորեն չափից շատ էր ջանում դավադրություններ փնտրել․ այսքան եռանդուն պայքարը դավադիրների դեմ սկսեց սպառնալ ռեժիմի ժողովրդականությանը։

Բանջարեղենի և մրգերի գնի սրընթաց աճի պատճառով իր պաշտոնը կարող է լքել նաև գյուղատնտեսության նախարար Բեքիր Պակդեմիրլին։ Թուրք ֆերմերները ի վիճակի չէին չափավոր գներ առաջարկել և միևնույն ժամանակ չսնանկանալ, և հիմա պետական ապարատում ինչ-որ մեկը պետք է վճարի սոցիալական այս նուրբ հարցում իշխանության անհաջողության համար։

Սպասման գինը

Թուրքիայի տնտեսությունը հետընթաց է ապրում, գնաճը և գործազուրկների թիվը ավելանում է, երկրի ավանդական գյուղատնտեսության ոլորտը խոր ճգնաժամի մեջ է։ Առանց այդ ոլորտներում տեսանելի բարելավումների Էրդողանին դժվար թե հաջողվի կանգնեցնել իր ժողովրդականության անկումը։

Ընդ որում, այդ բարելավումները պետք է ցուցադրել ինչքան հնարավոր է շուտ, քանի որ Թուրքիայի իշխանությունները չեն կարող իրենց թույլ տալ սպասել մինչև 2023-ը՝ ծրագրով նախատեսված խորհրդարանական և նախագահական հաջորդ ընտրություններին։ Երեքուկես տարում ընդդիմությունը կարող է բավականին ապրապնդվել, հատկապես՝ իշխող ԱԶԿ-ի այլընտրանք համարվող պահպանողականները՝ Էրդողանի նախկին համախոհների գլխավորությամբ։

Կամակոր նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուն, էկոնոմիկայի նախկին նախարար Ալի Բաբաջանը և նախկին նախագահ Աբդուլահ Գյուլը մտադիր են ստեղծել իրենց կուսակցությունը։ Այս մարդիկ դավանում են նույն քաղաքական իսլամը, ինչ Էրդողանը, սակայն կենտրոնամետ են և դեռևս չեն ցուցաբերում առաջնորդելու այդքան ուժեղ վարքագիծ, որքան ներկայիս նախագահը։ Նրանք ունեն քաղաքական կշիռ և փորձ։ Նրանց հետևից մարդիկ կգնան, այդ թվում՝ ԱԶԿ-ի շարքերից։ Ընտրողների արտահոսքը կարող է էական լինել, և փաստ չէ, որ քաղաքական այդ գործիչները կցանկանան կոալիցիա կազմել ԱԶԿ-ի հետ։

Այս մասին է վկայում Բաբաջանի և Էրդողանի վերջերս տեղի ունեցած հանդիպումը։ Տնտեսության հարցերով նախկին փոխվարչապետը նախագահին է փոխանցել երկրի ղեկավարման ներկա համակարգի քննդատության և ճգնաժամից դուրս գալու հնարավոր տարբերակների հաշվետվություն։ Ապա տեղի է ունեցել ուշագրավ հանդիպում։ Էրդողանը, ինչպես վստահեցնում է HaberTurk լրատվական կայքը, Բաբաջանին առաջարկել է զբաղվել այդ խնդիրներով՝ մնալով ԱԶԿ-ում։ Վերջինս հրաժարվել է՝ հայտարարելով, որ ծրագրում է իրեն փորձել քաղաքական նոր ուժի մեջ։ Ի պատասխան նախագահը նախազգուշացրել է այդպիսի նախաձեռնության ձախողման հնարավորության մասին։ Նրա խոսքով՝ շատերն են փորձել նոր կուսակցություններ ստեծել, սակայն պարտություն են կրել։

Ցանկացած մրցակցություն Էրդողանի համար խիստ անցանկալի է, լինեն դրանք արտահերթ, թե հերթական ընտրություններ, քանի որ նա համախոհներ չունի։ Նույնիսկ 2017-ին «Ազգային շարժում» կուսակցության հետ դաշինքը, չնայած սկզբում լրացուցիչ ձայներ բերեց, այժմ կորցրել է արդյունավետությունը։

Զինվորական արշավների և քրդերին սիրաշահելու հաշվին ժողովրդականությունը բարձրացնելու Էրդողանի սիրելի միջոցը այլևս չի օգնում։ Նախորդ տարիներին ընտրություններից առաջ նախագահը կա՛մ բանակը Սիրիա էր ուղարկում, կա՛մ էլ սկսում էր հակաահաբեկչական գործողություններ իրականացնել երկրի ներսում, ինչը դրական էր արտացոլվում նրա վարկանիշի վրա։

Ստամբուլի նոր ընտրություններից առաջ նա հավանություն տվեց հարվածելու Հյուսիսային Իրաքում Քրդական բանվորական կուսակցությանը (ՔԲԿ)։ Միաժամանակ, սակայն, իշխանությունները թույլ տվեցին, որ ՔԲԿ-ի ցմահ դատապարտված առաջնորդ Օջալանը հանդիպի փաստաբաններին։ Իսկ հետո պետական ԶԼՄ-ները հրապարակեցին Օջալանի կոչը քուրդ ընտրողներին ընտրություններին չեզոքություն պահպանելու մասին։ Իշխանությունների այսքան հակասական ազդանշանները քրդական հարցում շփոթեցրին ընտրողներին, ինչը ոչ պակաս չափով չնպաստեց ընդդիմության հաջողությանը։

Արտաքին քաղաքականության այլ ուղղությունները ևս նոր հաղթանակների համար մեծ հնարավորություններ չեն թողնում։ Չնայած Օսակայում Մեծ քսանյակի գագաթնաժողովին Էրդողանի և Թրամփի հանդիպմանը՝ Թուրքիայի հարաբերությունները ԱՄՆ-ի հետ մնում են լարված։ Եվրոպական ինտեգրացիայի արդեն մոռացված հարցում Թուրքիայի նախագահը ներկայացնելու ոչինչ չունի։

Հանրաքվեն որպես ելք

ԱԶԿ-ի ճգնաժամի ևս մեկ կարևոր ախտանիշ է այն, որ իշխող կուսակցությունը գաղափարների հարցում սպառել է նախաձեռնությունը, կորցրել երկրի հետագա զարգացման՝ հասարակության համար գրավիչ նոր գաղափարներով հանդես գալու կարողությունը։

Նոր և կենսունակ գաղափարներ հիմա հղանում են ընդդիմության շարքերում, օրինակ՝ մեծ տարածում ստացած խոսակցությունները, որ Էրդողանը պետք է մտածի իշխանական համակարգում արմատական վերափոխումների, սուպերնախագահական հանրապետությունից ուժեղ խորհրդարանականի վերադառնալու մասին։

Պարզ է, որ դա ընդդիմության ձայնն է, իշխանությանը հրահրելու փորձ, սակայն թուրքական հասարակությունը գնալով ավելի շատ է քննարկում այդպիսի տարբերակը։ Եվ այն Էրդողանին իրոք կարող է բերել զգալի բոնուսներ։

Այո՛, նախագահը հսկայական ջանք է թափել, որպեսզի իր ձեռքում կենտրոնացնի հնարավորինս շատ իշխանություն։ Արտահերթ ընտրությունները ԱԶԿ-ին կարող են տալ անհրաժեշտ ձայները, եթե դրանից առաջ իշխող կուսակցությունը ցույց տա բարեփոխումներ անելու իր պատրաստակամությունը։

Կառավարման նախագահական ձևը ցույց է տվել Թուրքիայի խնդիրների դեմ պայքարելու անկարողությունը։ Տնտեսության մեջ բարելավումներ չկան, միջազգային գործերը դոփում են տեղում, հանրությունը գնալով ավելի է պառակտվում ու բևեռանում։ Նշանակում է՝ եկել է իշխանության համակարգը վերաիմաստավորելու ժամանակը։

Իհարկե, Էրդողանի համար հեշտ չի լինի համաձայնել սահմանադրական նոր բարեփոխման։ Իրավասությունների մի մասից հրաժարվելը հարված է նրա փառամոլությանը, բայց փոխարենը կվերադարձնի ժողովրդականության մի մասը, թուրքական հասարակության զգալի մասի աչքերում նրան կդարձնի խելամիտ և իրապես ժողովրդավար առաջնորդ։ Արժե հիշել, որ 2017-ին սուպերնախագահական համակարգի անցնելու հանրաքվեին կողմ է քվեարկել 51,4 տոկոսը՝ ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցողների 85 տոկոս մասնակցության պայմաններում։ Ճակատագրական այդպիսի որոշման համար դա անցողիկ, բայց ոչ բավարար արդյունք է։

Հանրապետական Թուրքիայի հիմքերին վերադառնալը ի վիճակի է ԱԶԿ-ն և նախագահ Էրդողանին հանել ներկայիս ներքաղաքական փոսից, վերադարձնել նրանց ժողովրդավարական կերպարն ու վարկաբեկել նախկին համախոհների՝ պահպանողական ընտրողներին իրենց կողմը քաշելու փորձերը։

Էրդողանական Թուրքիայում արդեն ձևավորվել է ահմանադրական հանրաքվեների օգնությամբ ամենաբարդ ներքաղաքական ճգնաժամերից դուրս գալու ավանդույթ։ Թուրքիայի հասարակությունը քաջատեղյակ է Սահմանդրության հետ այդպիսի խաղերին և ընդունում է դրանք։ Սահմանադրական հանրաքվեները, որոնք արմատապես փոխել են երկրի հիմնական օրենքը, Թուրքիայում անցկացվել են 2007-ին, 2010-ին, 2017-ին, և Էրդողանը միշտ հաղթող է դուրս եկել՝ ժողովրդավարական գործընթացներով օրենսդրությունը իր կարիքներին հարմարացնելով։ Ներկայիս ճգնաժամից ելք գտնել փորձելով՝ նա կարող է հավատարիմ մնալ այդ ավանդույթին։

Թարգմանությունը՝ Լուսինե Վարդանյանի

Մեկնաբանել