Սահմանադրական դատարանը Քոչարյանի գործով դիմել է ՄԻԵԴ-ի և Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվությանը

Սահմանադրական դատարանը Ռոբերտ Քոչարյանի գործի վերաբերյալ խորհրդատվական կարծիք ստանալու վերաբերյալ դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանին և Վենետիկյան հանձնաժողովին, այս մասին ասված է ՍԴ աշխատակազմի տարածած հաղորդագրությունում։

Նշվում է, որ Հայաստանի Սահմանադրական դատարանն ընդունել է աշխատակարգային որոշումներ՝ «Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործերով խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով Մարդու իրավունքների եվրոպական դատարանին և Վենետիկյան հանձնաժողովին դիմելու և այդ կապակցությամբ հիշյալ գործերի վարույթները՝ մինչև պատասխանները ստանալը, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 56-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետի հիմքով կասեցնելու վերաբերյալ:

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և նախկին մի քանի այլ բարձրաստիճան պաշտոնյաների առնչվող սահմանադրական կարգի տապալման մեղադրանքով քրեական գործը Սահմանադրական դատարանը նախատեսել է քննելու օգոստոսի 20-ին։

Մարիա Եղիազարյան

Մեկնաբանել