Քոչարյանի գույքի կալանքի գործով նիստը հետաձգվեց

Հուլիսի 19-ին դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ Վերաքննիչ դատարանում տեղի ունեցավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի կալանքի մասով դատախազության բողոքի քննությունը։

Մեղադրող դատախազները  դատարան չէին ներկայացել։

«4-5 օր առաջ գիտեի այս նիստի մասին, կարծում եմ դատախազությունը նույնպես գիտեր»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։ Ըստ նրա՝ այս ամենը  դատական նիստը ձգձգելու միտում ունի։

Արդյունքում դատարանը որոշում կայացրեց հետաձգել դատական նիստը և այն նշանակեց հուլիսի 24-ին։

Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա կալանք էր դրվել 2018 թ․ հուլիսի 30-ին։ 

Նա մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ։ Ավելի ուշ դրվել էր արգելանք նաև Ռոբերտ Քոչարյանի կենսաթոշակային հաշվեհամարի վրա, ինչը Մարդու իրավունքների պաշտպանի պահանջով հանվել էր։

Գեղեցիկ Ոսկանյան