Մարդու իրավունքների պաշտպանն ամփոփել է Իջևանի դեպքերը

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հաղորդագրություն է տարածել՝ հայտնելով, որ պաշտպանն ամփոփել է Իջևանում տեղի ունեցած և դրան հաջորդած իրադարձությունները մարդու իրավունքների տեսանկյունից։ 

2019 թվականի հուլիսի 17-ին Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Իջևան քաղաքի Երևանյան ու Իջևանյան փողոցների հատման խաչմերուկի հատվածը մի խումբ անձանց կողմից փակելու, ճանապարհը փակած անձանց ու ոստիկանության ծառայողների միջև բախումների մասին տեղեկություններից անմիջապես հետո մարդու իրավունքների պաշտպանը սահմանել է շուրջօրյա դիտարկում:

Պաշտոնական պարզաբանումների համաձայն՝ ճանապարհը փակելու և բախումների պատճառ է եղել այն, որ ոստիկանությունն արգելել է ապօրինի ծառահատումները: Այս տեղեկությունների հրապարակումից անմիջապես հետո պաշտպանը սկսել է քննարկման ընթացակարգ սեփական նախաձեռնությամբ:

Պաշտպանի որոշմամբ` 2019 թվականի հուլիսի 18-ի վաղ առավոտյան հատուկ հանձնարարությամբ աշխատանքային խումբ է գործուղվել Տավուշի մարզի Իջևան քաղաք:

Նույն օրը՝ հուլիսի 18-ին բերման ենթարկված կամ արգելանքի վերցված անձանց տեսակցելու, նրանց իրավունքների ապահովման վիճակն ուսումնասիրելու նպատակով մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ևս մեկ աշխատանքային խումբ է այցելել ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն և առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված թվով 19 անձի հետ, իրականացրել նրանց վերաբերյալ փաստաթղթերի ու իրավունքների ապահովման վիճակի ուսումնասիրություն:

Բերման ենթարկված և ձերբակալված անձինք առանձնազրույցների ընթացքում պնդել են, որ ոստիկանության ծառայողներն իրենց անհիմն են բերման ենթարկել, չեն տրամադրել որևէ տեղեկություն բերման ենթարկելու հիմքերի կամ պատճառների մասին. դա արվել է միայն Երևանում՝ ոստիկանության վարչություն բերվելուց հետո: Ավելին, ըստ նրանց՝ արգելանքի վերցնելը տեղի է ունեցել գիշերը, երբ իրենք իրենց ընտանիքների անդամների, այդ թվում երեխաների հետ քնած են եղել, իրենք ոստիկանություն են տարվել գրեթե մերկ վիճակում՝ ներքնազգեստով: Մի քանի դեպքում նշվել է, որ դա տեղի ունեցել երեխաների, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող երեխայի ներկայությամբ՝ բերման ենթարկելը ուղեկցելով ինչպես իրենց, այնպես էլ ընտանիքի անդամների արժանպատվությունը վիրավորող արտահայտութ­յուններով: Այս մասին նշել են նաև արգելանքի վերցվածների ծնողները Իջանում նրանց հետ ունեցած առանձնազրույցների ընթացքում:

Ըստ բերման ենթարկված և ձերբակալված անձանց՝ իրենց գտնվելու վայրի մասին իրենց ընտրած անձին հնարավորություն են ունեցել տեղեկացնել միայն ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչությունում՝ Երևանում: Ըստ պաշտպանի աշխատակազմին փոխանցած տեղեկությունների՝ այս իրավունքի հետաձգման համար պատճառաբանություն չի բերվել և որևէ ակտ չի կայացվել:

Իրականում, այս իրավունքը երաշխավորած է ՀՀ Սահմանադրությամբ և ամրապնդված է երաշխիքներով, եթե անհրաժեշտ է լինում հետաձգել:

Դրանից բացի, ոստիկանությունում մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների մեկօրյա աշխատանքը հնարավորություն է տվել արձանագրել, որ Ոստիկանության համապատասխան մատյաններում ազատությունից զրկման սկզբնական պահ է ֆիքսվում ոչ թե անձին փաստացի արգելանքի վերցնելու, այլ ոստիկանության վարչություն մուտք գործելու պահը և ժամանակն էլ հաշվվում է հենց այդ պահից: Խոսքն, օրինակ, վերաբերում է մինչև 3 ժամով անձին ազատությունից զրկելու օրենսդրական հնարավորությանը: Այս հարցն առավել կարևոր է՝ հաշվի առնելով, որ կոնկրետ դեպքում մարդիկ Երևան էին տեղափոխվում Իջևանից, իսկ այդ ժամանակը նույնպես պետք է հաշվել ազատությունից զրկելու ժամանակի մեջ:

Պաշտպանն ընդգծում է, որ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչությունում գտնվելու ընթացքում բերման ենթարկված կամ ձերբակալված որևէ անձի նկատմամբ ոստիկանների կողմից վատ վերաբերմունք չի արաձանգրվել: Ոստիկանության ծառայողների դեմ բողոք կամ դժգոհություն չի ներկայացվել: Նույն սկզբունքով, խնդիրներ չեն արձանագրվել նաև ոստիկանության Ձերբակալված անձանց պահելու վայրում:

Մարդու իրավունքների պաշտպանը կարևոր է համարում այս ողջ ընթացքում Տավուշի մարզպետի գործադրած ջանքերը և համագործակցությունը պաշտպանի հետ:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում շարունակվում է սեփական նախաձեռնությամբ սկսված քննարկման վարույթը: Կշարունակվեն ձեռնարկվել օրենքով պահանջվող բոոր անհրաժեշտ միջոցները:

*** 

Իջևանի դեպքերի արդյունքում կա 13 ձերբակալված

Բողոքի ցույց և բախում Իջևանում․ ոստիկանները վնասվածքներ են ստացել