ՆԱՏՕ-ն ճգնաժամի է առերեսվում՝ Թուրքիայի պատճառով

Թուրքիայի՝ հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) ռուսական համակարգ գնելու պատճառով ՆԱՏՕ-ն ճգնաժամի է առերեսվում, գրում է բրիտանական The Times-ը։

Հանդեսին ԱՄՆ-ի բարձրաստիճան աղբյուրները տեղեկացրել են ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև աննախադեպ տարաձայնության մասին՝ կապված վերջինիս՝ ռուսական ՀՕՊ համակարգեր ձեռքբերելու հետ, ինչը ՆԱՏՕ-ում վերջին տասնամյակի ամենամեծ ճգնաժամի պատճառը դարձավ։

ՆԱՏՕ-ի երկու անդամների միջև հարաբերությունները շարունակեցին վատանալ, երբ Թրամփի վարչակազմը պաշտոնապես չեղարկեց ամերիկական ամենաժամանակակից անտեսանելի կործանիչների վաճառքը Թուրքիային։ Այս քայլը պատասխանն էր Թուրքիայի նախագահ Էրդողանի որոշմանը՝ գնել ռուսական Ս-400 համակարգ, որը համատեղելի չէ ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանության համակարգերի հետ։ Ս-400-ը, որն իր տեսակի մեջ աշխարհում լավագույններից է, կարող է միաժամանակ հետապնդել և խոցել մի քանի թիրախ։

Պենտագոնի պաշտոնյաները հայտարարել են, որ մի քանի միլիարդ արժողությամբ F-35 Lightning II կործանիչների ծրագրին Թուրքիայի մասնակցության դադարեցումը անխուսափելի էր։ Ըստ նրանց՝ Ռուսաստանի տեխնիկական խորհրդատուները, որոնք հինգ տարվա ընթացքում օգնելու են Թուրքիային շահագործել Ս-400 համակարգերը, կարող են հետախուզական տեղեկություններ հավաքել F-35-ի «սթելս» գերանտեսանելի տեխնոլոգիայի մասին։

Անկարայի և Վաշինգտոնի երկկողմանի որոշումները կնշանակեն, որ Ս-400-ը աշխատանքային վիճակի բերելուց հետո (իսկ առաջին բաղադրամասերը արդեն ժամանել են) Թուրքիան այլևս չի լինի լիարժեք մասը ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանության ցանցերի, որոնք վճռորոշ դեր ունեն արևմտյան դաշինքի դեմ ռուսական ռազմական հարձակումը զսպելու գործում։

«ԱՄՆ-ը ճիշտ է F-35-ի վաճառքը չեղարկելու հարցում, սակայն ՆԱՏՕ-ի համար դա իսկական խնդիր է ստեղծում։ Ս-400 համակարգի ձեռքբերումը մարտահրավեր է ռուսական համակարգերի ձեռքբերման դեմ ՆԱՏՕ-ի քաղաքականությանը և անթույլատրելի է։ Տասնամյակներ շարունակ մենք ՆԱՏՕ-ի անդամ երկրների միջև այդպիսի լարվածություն չենք ունեցել»,- Times-ին ասել է ԱՄՆ բանակի շտաբի պետի նախկին տեղակալ և նախագահ Թրամփի անկախ խորհրդական գեներալ Ջեք Քինը։

Բայցևայնպես նա ընդգծել է դաշինքի իսլամական միակ անդամի՝ Թուրքիայի կարևորությունը ՆԱՏՕ-ի համար՝ որպես «կամուրջ դեպի Մերձավոր Արևելք ու Ասիա և դաշինքում առավել ռազմավարական դիրք ունեցող երկիր»։

Թուրքիայում ԱՄՆ նախկին դեսպան Էրիկ Էդելմանն իր հերթին ասել է, որ ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև հարաբերությունները մտնում են լուրջ ճգնաժամի մեջ․ «Ես կասկածներ ունեմ, որ այդ ճգնաժամը կլինի խորը և շարունակական։ Արդեն տևական ժամանակ է, ինչ Թուրքիան ՆԱՏՕ-ի հուսալի դաշնակիցը չէ, սակայն վատ դաշնակիցներին հեռացնելու մեխանիզմ չկա։ Թուրքիան կարևոր երկիր է, և ամբողջովին ժողովրդավար Թուրքիան կարող է և պետք է լինի ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ուժեղ դաշնակիցը»։

Հանդեսի՝ բարձրաստիճան դիվանագիտական աղբյուրի խոսքով՝ Էրդողանի գործարքը նախագահ Պուտինի հետ ՆԱՏՕ-ին վնասելու վերջինիս մտադրության օգտին է եղել։

Թուրքիայի կողմից ռուսական Ս-400 համակարգերի ձեռքբերումը և ամերիկյան Patriot նույնանման համակարգից հրաժարվելը կասկածի տակ են դնում թուրքերի հետ ռազմական հետագա համագործակցությունը։ Պենտագոնի պաշտոնական դեմքերը պնդում են, որ Թուրքիային F-35-ի մատակարարման արգելքի մասին պաշտոնական որոշումը չի փոխի ռազմավարական կարևոր հարաբերությունները։ Սակայն արդեն կան հարցեր հետագա զորավարժությունների մասին, որոնցում Թուրքիայի օդային տարածքների կիրառումը կարևոր դեր է խաղալու։ Հարցեր կան նաև ՆԱՏՕ-ի կողմից Թուրքիայի Ինջիրլիք ավիաբազայի օգտագործման հետ կապված։

Կարդացե՛ք նաև՝

Ռուսաստանը պատրաստ է Թուրքիային Սու-35 կործանիչներ վաճառել

Թարգմանությունը՝ Լուսինե Վարդանյանի

Մեկնաբանել