Եվս երկու աղբատար Կամազ է հասել Երևան

Երևան է հասել քաղաքապետարանի ձեռք բերած աղբատար մեքենաներից ևս երկուսը․ այս մասին Ֆեյսբուքում գրառում է արել Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

«Շաբաթվա ընթացքում նրանք կսկսեն աշխատել։ Մնացածին սպասում ենք առաջիկա շաբաթների ընթացքում։ Այսօր տեղ կհասնի նաեւ աղբարկղերի առաջին խմբաքանակը՝ շուրջ 400 հատ։ Աղբի խնդիրը աստիճանաբար կմեղմվի։ Համաքաղաքացիներին կրկին խնդրում ենք ըմբռնումով մոտենալ աղբահանության օպերատորի անհամարժեք վարքագծի պատճառով ստեղծված վիճակի համար և զինվել համբերությամբ»,- գրել է նա։

Օրեր առաջ ՍիվիլՆեթի հետ հարցազրույցում աղբահանության խնդրին էր անդրադարձել նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։ Նա նշել էր, որ տենդորեն զբաղվում է խնդրով, որպեսզի աղբատար «Կամազները» ավելի շուտ հասնեն Երևան, քան նույնիսկ նախատեսված է ռուսական ընկերության հետ կնքված պայմանագրով։

Մարիա Եղիազարյան