Վարորդների բալային համակարգից մինչև ձկնագողություն․ ոստիկանապետի ասուլիսի հիմնական մտքերը

Հուլիսի 24-ին տեղ ունեցավ ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի մամուլի ասուլիսը։ Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Օսիպյանը անդրադարձավ հանրությանը հուզող տարբեր հարցերի։ ՍիվիլՆեթն առանձնացրել է ասուլիսին հնչած մի շարք մտքեր։

Իջևանի դեպքերի մասին

Անդրադառնալով Իջևանում վերջին օրերին կատարվող դեպքերին՝ Վալերի Օսիպյանը դրանք անվանեց «անկարգություն և խուլիգանություն»։ Նա նշեց, որ այդ գործով բերման է ենթարկվել 29 անձ, ձերբակալվել՝ 13-ը, իսկ երկու օր առաջ կալանավորվել են 10-ը։ Նրա խոսքով՝ այս ուղղությամբ աշխատանքները շարունակական են լինելու։

Ոստիկանապետը հայտարարեց, որ սկզբունքային են լինելու ապօրինի ծառահատումների հարցում և այլևս թույլ չեն տալու Իջևանում ու Հայաստանի մնացած մասերում այդպիսի արատավոր երևույթի շարունակություն։

Ճանապարհատրասնպորտային պատահարների մասին

Օսիպյանը նշեց, որ վարչապետի հանձնարարությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը շուտով աշխատանքի կանցնի և վեր կհանի առկա խնդիրները։ Ըստ նրա՝ խնդիրը միայն ճանապարհային ոստիկանությունից կամ ՀՀ ոստիկանությունից չէ, որ կախված է, և կան այլ պատճառներ ևս՝ վատ լուսավորություն, վատ ճանապարհներ, նշանների բացակայությունը կամ դրանց չերևալը, գծանշանները, եղանակային պայմանները, տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակին չհամապատասխանելը, մեծ քանակով տրանսպորտային միջոցների ներմուծումը Հայաստան։

Օսիպյանն ասաց, որ մտադիր են վարորդների գնահատման բալային համակարգ ներդնել․ այն օրենսդրական փաթեթով ԱԺ-ում է։ Օգոստոսի 1-ից ճանապարհային ոստիկանությունը կաշխատի նաև շաբաթ և կիրակի օրերին։

Վարորդական իրավունքների մասին

Ոստիկանապետը վստահեցրեց, որ վարորդական իրավունքներ ստանալու գործում այլևս խախտումներ չկան։

Ձկնագողության մասին

Օսիպյանը մտահոգություն հայտնեց սիգի ապօրինի վաճառքի հետ կապված և ասաց, որ պայքարում են դրա դեմ ու պատրաստվում են շարունակել պայքարը, քանի որ Սևանը համարում են ազգային հարստություն։

Ամփոփիչ կետեր

Ոստիկանության շտաբի պետ Արմեն Ղուկասյանը ներկայացրեց տարվա առաջին կեսին կատարված աշխատանքների ամփոփումը։ Ստորև ներկայացված են ամփոփման մի քանի կարևոր կետեր։

Գրանցված հանցագործութունների ընդհանուր թվաքանակը աճել է ինը տոկոսով կամ 1007 դեպքով։

Հանցագործությունների մասին հաղորդումները աճել են 16,2 տոկոսով, ինչը պայմանավորված է նաև ոստիկանության գործողությունների նկատմամբ քաղաքացիների վստահության աճով։

Աճել է նաև նախկինում կատարված, բայց այս տարի հաղորդված դեպքերի քանակը։

Համաներում ստացած 650 անձանցից 88-ը նորից բռնվել են հանցագործություն կատարելիս։

2019-ի առաջին կիսամյակում կատարված լայնածավալ կանխարգելիչ գործողությունների հետևանքով հացագործությունների տեմպը իջել է։

Ծանր հանցագործությունների թիվը աճել է՝ 99-ից դառնալով 134։

Հանցագործությունների բացահայտման աշխատանքներում արձանագրվել է կայուն աճ, հունվար՝ 43 տոկոս, հունիս՝ 60,1 տոկոս։

Ճանապարհատրանսպորտային պատահարները աճել են՝ 1711-ից դառնալով 2088, որի հետևանքով զոհվել է 156 մարդ՝ նախորդ տարվա 138-ի փոխարեն։ Մարմնական վնասվածք է ստացել 3021 մարդ՝ նախորդ տարվա 2517-ի փոխարեն։ Զոհերի թիվը աճել է 18-ով, իսկ վիրավորներինը՝ 504-ով։

Ոստիկանության ծառայողների աշխատանքի վարձատրության բնագավառում ամսական պարգևատրումների նոր համակարգ է ներդրվել, ինչի արդյունքում ոստիկանության յուրաքանչյուր աշխատակցի ամսական դրամական բավարարումը աճել է միջինը 25 տոկոսով։ Նպատակն է մոտիվացնել ոստիկանության բոլոր աշխատակիցներին՝ անկախ զբաղեցրած պաշտոնից։

Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում ՀՀ ոստիկանությունը ընդհանուր առմամբ կատարել է իր առջև դրված խնդիրները, օրենքով վերապահված լիազորությունների շրջանակում վերահսկել է հանրապետությունում օպերատիվ իրավիճակը, ապահովել կայուն հասարակական կարգն ու անվտանգությունը։

Լուսինե Վարդանյան

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի

Մեկնաբանել