Ռոբերտ Քոչարյանի գործ․ դատարանը գնաց խորհրդակցական սենյակ

Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ վերսկսվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի վերաբերյալ դատավոր Դանիբեկյանի կայացրած որոշման դեմ դատախազության կողմից բերված բողոքի քննությունը։

Նախորդ նիստին դատախազը չէր ներկայացել, ուստի քննությունը տեղափոխվել էր։ Այսօրվա նիստին ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը ներկա էր։

Նիստի ընթացքում դատավոր Արսեն Նիկողոսյանը որոշ հարցեր ուղղեց դատախազներին։ Մասնավորապես, նա մեջբերեց Ռոբերտ Քոչարյանի առանձնատանը և հարակից շինությունում խուզարկություն իրականացնելու որոշումից, ըստ որի՝ նախաքննական մարմինն ի սկզբանե փնտրել է այն ամենը, ինչն առնչություն ունի Քոչարյանին մեղսագրվող արարքի, այն է՝ սահմանադրական կարգը տապալելու քրեական օրենսգրքի 300․1 հոդվածի հետ։ Խուզարկության ընթացքում հայտնաբերվել և առգրավվել է նաև 27,000 ԱՄՆ դոլար։

– Այդ գումարը ինչո՞վ էր առնչվում մեղսագրվող արարքին,- դատավորը հարցրեց դատախազներին։

– Խուզարկություն ընթացքում հայտնաբերվել է գումար, և քննիչը այդ գումարը վերցրել է,- պարզաբանեց դատախազը։

– Իսկ ուրիշ ի՞նչ թանկ գույք է վերցրել, օրինակ՝ նկարներ, աթոռ, սեղան, եթե թանկ են եղել, դրանք վերցվել էին․ չէ՞ որ եթե նույն տրամաբանությամբ դիտարկենք, ապա դրանք ևս արգելադրված էին, դրանք ևս պետք է վերցնեին,- իր հարցը շարունակեց դատավորը։

Չի վերցվել,- պատասխանեց դատախազը։

Ինչո՞ւ,- դատախազը դատավորի այս հարցին պատասխան չտվեց, ինչն էլ վերջինին եզրահանգման առիթ տվեց, որ պարզաբանում չկա։

ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատարանում ելույթներ ունեցավ:

Նա հայտարարեց, որ քննիչների գործողություններն իրեն զարմացրել են․

– Այնքան սովորական է այս ամենը արվում, պարզապես շշմում էի, որ ոնց է կարելի օրենք խախտել, երբ քեզ ասում են, որ քաղաքացու օրինական իրավունքը խախտում ես։ Զարմանալի էր, օրինակ, կենսաթոշակի հարցով։ Ասում եմ՝ լավ, ես պետք է կոմունալ և փաստաբանական ծախսերը հոգամ, ինչու եք այդպես անում, որ ես ստիպված լինեմ օգտվել իմ հարազատների ու բարեկամների աջակցություններից, արձագանք չկա։ Ենթադրում եմ, որ սա պրակտիկա է, որը եղել է, երբ մարդուն զրկում են բոլոր հնարավորություններից, նաև պաշտպանվելու հնարավորություններից, մեկ նպատակով, որ խեղճացնեն։ Ձեր հարցը հետաքրքիր էր, թե 27,000 դոլարը ինչի՞ են վերցրել, երևի շոկից, երևի քննիչն էլ զարմացավ, թե սա 4 միլիարդ չի, ընդամենը 27,000 է․․․,- ասաց Քոչարյանը։

Խոսք եղավ նաև Ռոբերտ Քոչարյանին պատկանող զենքերի մասին։, Նա այս առնչությամբ շեշտեց, որ բոլոր զենքերը ոստիկանությունում գրանցված են եղել, օրինական են․

– Բացի այդ, այստեղ չկա որևէ մեկ զենք, որը օգտագործված է Մարտի 1-ի ժամանակ։ Պարզապես նվիրատվություն էին տարբեր երկրների ղեկավարների, պաշտոնյաների կողմից։ Այդ զենքերը որևէ առնչություն չունեին քրեական գործի հետ,- ասաց Քոչարյանը։

Դատարանում Քոչարյանը պնդում էր, որ իր իրավունքները շատ կոպիտ ոտնահարվել են նախաքննական մարմնի կողմից։

Այսօր դատաքննությունը ավարտվեց, և դատարանը գնաց խորհրդակցական սենյակ։ Որոշումը կհրապարակվի 16։30-ին։

***

2018 թ․ հուլիսի 30-ին Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրելուց չորս օր անց կալանք է դրվել նրա՝ ինչպես գույքի, այնպես էլ բանկային հաշիվների վրա: Հունիսի 7-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, մասնակի բավարարել էր պաշտպան Հովհաննես Խուդոյանի ներկայացրած բողոքը՝ արձանագրելով Ռոբերտ Քոչարյանի իրավունքների խախտում:

Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել Մարտի 1-ի անջատված գործով։ Նա ներկայում կալանքի տակ է։ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ։

Գևորգ Թոսունյան

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի

Մեկնաբանել