Դատարանը մերժեց Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի գործով դատախազության բողոքը 

ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի և բանկային հաշիվների վրա դրված կալանքի վերաբերյալ դատախազության կողմից բերված վերաքննիչ բողոքը մերժվեց։ Հուլիսի 24-ին նման որոշում հրապարակեց Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը։

Դատավոր Նիկողոսյանը, վերադառնալով խորհրդակցական սենյակից, հրապարակեց իր որոշման եզրափակիչ մասը, որում մասնավորապես ասվում է․ «Դատարանը որոշել է մերժել դատախազների կողմից բերված բողոքը, և օրինական ուժի մեջ թողնել ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր Աննա Դանիբեկյանի որոշումը՝ հիմք ընդունելով սույն որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումները»։

Տե՛ս նաև՝ Ռոբերտ Քոչարյանի գործ․ դատարանը գնաց խորհրդակցական սենյակ

***

2018 թ․ հուլիսի 30-ին Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրելուց չորս օր անց կալանք է դրվել նրա՝ ինչպես գույքի, այնպես էլ բանկային հաշիվների վրա: Հունիսի 7-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, մասնակի բավարարել էր պաշտպան Հովհաննես Խուդոյանի ներկայացրած բողոքը՝ արձանագրելով Ռոբերտ Քոչարյանի իրավունքների խախտում:

Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել Մարտի 1-ի անջատված գործով։ Նա ներկայում կալանքի տակ է։ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ։ 

Գևորգ Թոսունյան

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի