Համոզված եմ՝ բոլորդ լավ գիտակցում եք, թե ինչ է իրականում կատարվում․ Դավիթ Գրիգորյան

Դատավոր Դավիթ Գրիգորյանը, որի դեմ մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական կեղծիք կատարելու համար, հայտարարություն է տարածել։ Հայտարարությունը հրապարակել է նրա պաշտպաններից Երվանդ Վարոսյանը։

«Հարգելի հայրենակիցներ, ինչպես արդեն տեղեկացել եք, երեկ ինձ մեղադրանք է առաջադրվել, որը ես անհիմն եմ համարում ու չեմ ընդունում։ Ինձ առաջադրված մեղադրանքի ու հետապնդման մասին դեռ կարծում եմ առիթներ կլինեն արտահայտվել։ Այսօր սակայն ցանկանում եմ հատուկ շնորհակալություն հայտնել շուրջ 100 փաստաբաններին, ովքեր հրապարակային իրենց պատրաստակամությունն են հայտնել պաշտպանելու ինձ քրեական գործի շրջանակներում։

Հարգելի ընկերներ, ձեզնից շատերին ճանաչում եմ անձամբ մեր ընդհանուր աշխատանքի բերումով, շատերիդ չեմ ճանաչում, բայց համոզված եմ, որ բոլորդ շատ լավ գիտակցում եք, թե ինչ է իրականում կատարվում, ու ձեր քայլն ուղղված է ոչ այնքան դատավոր Դավիթ Գրիգորյանին սատարելուն, որքան մեր Հայրենիքում անկախ դատական համակարգի կայացման ճանապարհին ճնշումների ու հետապնդումների բացառմանը։ Հպարտ եմ ու զգացված այն հանգամանքից, որ արդարադատության համակարգի կարևորագույն բաղկացուցիչ մասը հանդիսացող փաստաբանության ներկայացուցիչները անտարբեր չեն մնացել զարգացումներից։

Բոլորիդ միասին ու անհատապես հայտնում են իմ խորին շնորհակալությունը։ Խնդրելու եմ իմ պաշտպաններին ձեզ պարբերաբար տեղեկացնել գործի ընթացքի մասին, հպարտությամբ կընդունեմ յուրաքանչյուրիդ ցանկացած օժանդակություն։

Հայաստանում արդարադատության կայացումն այլընտրանք չունի, ու այդ ճանապարհին միշտ կարևոր է եղել ու լինելու է փաստաբանության դերը»։

Ավելի քան 100 փաստաբան ցանկություն է հայտնել ստանձնելու Դավիթ Գրիգորյանի պաշտպանությունը։ Այդ փաստաբանների ցուցակը հրապարակել է «Իրավական ուղի» կազմակերպության ղեկավար Ռուբեն Մելիքյանը։

***

Հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք է առաջադրել դատավոր Դավիթ Գրիգորյանին՝ պաշտոնեական կեղծիք կատարելու հոդվածով։

Դավիթ Գրիգորյանն այն դատավորն է, որի վարույթում է գտնվել Մարտի 1-ի անջատված գործը։ Այս տարվա մայիսին դատավոր Գրիգորյանը Արցախի ներկա և նախկին նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի երաշխավորագրերի հիման վրա կալանքից ազատել էր այդ գործով անցնող առանցքային մեղադրյալ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և կասեցրել քրեական գործի վարույթը։

Գևորգ Թոսունյան

Մեկնաբանել