Մամոգրաֆիայի անվճար հետազոտություն՝ Տավուշի, Սյունիքի և Լոռու մարզերի 50-69 տարեկան կանանց համար

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գրառում է կատարել ֆեյսբուքում՝ տեղեկացնելով, որ կնքվել է շարժական մամոգրաֆի պայմանագիրը։ Նախարարի խոսքով՝ «շուտով Հայաստանի երեք մարզերում կիրականացվեն կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման և վաղ հայտնաբերման սքրինինգային հետազոտություններ։

Ծրագրի իրականացումը հնարավորություն կտա ՀՀ Տավուշի, Սյունիքի և Լոռու մարզերի 50-69 տարեկան կանանց անցնել մամոգրաֆիայի անվճար հետազոտություն՝ կանխարգելելով հիվանդությունը:

Սքրինինգը իրականացվելու է Հայաստանի Հանրապետության և Եվրասիական կայունացման և զարգացման հիմնադրամի միջև ստորագրված «Առողջապահության առաջնային օղակում ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կատարելագործում» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում»:

Առողջապահության նախարարության տվյալներով՝ 2017-ի վերջին Հայաստանում եղել է քաղցկեղով հիվանդ 43 830 մարդ, որոնց 25 տոկոսը ունեցել է կրծքագեղձի քաղցկեղ։ Իսկ քաղցկեղ ունեցող կանանց մեջ կրծքագեղձի քաղցկեղ ունեցողները կազմել են 40 տոկոս։