Անգլիական ֆուտբոլն է գալիս Հայաստան

Օգոստոսի 8-ը, անկախ «Փյունիկ»-«Վուլվերհեմփթոն» հանդիպման արդյունքից, պատմական օր է լինելու ֆուտբոլային Հայաստանի համար։ Առաջին անգամ Հայաստան է գալիս աշխարհի ամենադիտարժան, ամենաթանկ և ամենաֆուտբոլային երկրի՝ Անգլիայի Պրեմիեր լիգայի թիմերից «Վուլվերհեմթոն Ուանդերերսը», որը 2018-2019թթ․ առաջնությունում հաղթել է Հենրիխ Մխիթարյանի «Արսենալին», նրա նախկին ակումբ «Մանչեսթեր Յունայթեդին» ու աշխարհի մեկ այլ գրանդ ակումբի՝ «Չելսիին»։

Երեկ «Հանրապետական» մարզադաշտում Հայաստանի չեմպիոն «Արարատ Արմենիան» 1-2 հաշվով պարտություն կրեց մեր հարևան Վրաստանի հաղթող «Սաբուրթալո» թիմից։ Ճիշտ է, դեռ կա պատասխան հանդիպում Թբիլիսիում, սակայն Վարդան Մինասյանի թիմի համար չափազանց դժվար կլինի վրացական թիմին հաղթել, և երկու խաղերի արդյունքով դուրս գալ Եվրոպա լիգայի 2019/20թթ. խաղարկության 4-րդ փուլ։

Բայց արդեն իսկ 3-րդ փուլ դուրս գալը նվաճում է հայկական ֆուտբոլի, մանավանդ Երևանի «Արարատ Արմենիայի» համար, որը ստեղծվել է ուղիղ մեկ տարի առաջ և դարձել Հայաստանի հաղթող։ «Արարատ Արմենիան» ձեռագիր ունեցող թիմ է, և նրա հաջողությունները դեռ առջևում են։ Այս թիմի հովանավորը «Տաշիր» ընկերությունն է։

Եվրոպա լիգայի 2019/20թթ. խաղարկության 3-րդ փուլ է դուրս եկել նաև Երևանի «Փյունիկը», որի սեփականատերը ազգությամբ հայ ռուսաստանցի գործարար Արթուր Սողոմոնյանն է։ Հայաստանի անցնող առաջնությունում «Արարատ Արմենիան» և «Փյունիկը» ունեցել են ամենամեծ բյուջեները, ինչը այս թիմերին հնարավորություն է տվել ձեռք բերել մի քանի որակյալ լեգիոներների։

Վաղը «Փյունիկին» դժվար մրցակցություն է սպասվում, մյուս կողմից, սակայն, պետք չէ կանխորոշված համարել խաղի արդյունքը։ Այո, «գայլերը»՝ «Վուլվերհեմփթոնը» բարձրակարգ թիմ է, երեք անգամ նվաճել է Անգլիայի Պրեմիեր լիգայի չեմպիոնի տիտղոսը։ Բայց նաև նման թիմերի հետ խաղերով է, որ պետք է զարգանա հայկական ակումբային ֆուտբոլը։

2019-ը, կարելի է համարել ամենաֆուտբոլային տարին Հայաստանում։

Առաջին, հայկական ակումբային թիմերը 1991-ի անկախությունից ի վեր հասել են ամենամեծ հաջողությանը։ Երկու թիմեր՝ «Արարատ Արմենիան» ու «Փյունիկը», դուրս են եկել Եվրոպա լիգայի 2019/20թթ. խաղարկության 3-րդ փուլ։ Եվրոպական գավաթների 2019-20թթ․ մրցաշարերում Հայաստանի 4 ակումբների ցույց տված արդյունքը աննախադեպ է։ Հայկական թիմերը միասին անկացրած 15 խաղերում 8 հաղթանակ են տոնել, 2 խաղ ավարտել ոչ-ոքի, պարտվել 5-ում: Խաղարկությունից դուրս են մնացել մեր մյուս երկու թիմերը՝ Երևանի «Ալաշկերտը» և «Ուրարտուն» (անվանափոխված «Բանանցը»)։

Երկրորդ, Հայաստանի ազգային հավաքականը կարողացավ երկու անընդմեջ հաղթանակ տոնել Եվրո-2020-ի խմբային փուլում՝ նախ սեփական հարկի տակ 3-0 հաշվով Լիխտենշտեյնի, ապա Աթենքում՝ Եվրոպայի նախկին չեմպիոն Հունաստանի նկատմամբ՝ 3-2։ Սեպտեմբերի 5-ին մեկ այլ ֆուտբոլային հավաքական է այցելում Երևան՝ աշխարհի նախկին չեմպիոն Իտալիան։ Եթե մենք կարողանանք միավոր կորզել իտալացիներից, ապա Եվրո-2020-ի եզրափակից դուրս գալու կիսաբաց դուռ կունենանք։ Բայց պետք է հավատալ անիրականանալի թվացող հաջողություններին։

Երրորդ և գուցե սա հաջողությունների շարքում պետք էր առաջինը նշել՝ Երևանում հուլիսին բարձր մակարդակով անցկացվեց մինչ 19 տարեկանների Եվրոպայի առաջնությունը։ Հայաստանի հավաքականը խմբային փուլում երեք պարտություն կրեց աշխարհի լավագույն երեք թիմերից՝ Պորտուգալիա, Իտալիա, Իսպանիա։ Ի դեպ, Իսպանիան դարձավ մրցաշարի հաղթող։

Չորրորդ, Հայաստանի բարձրագույն խմբի 2019-20թթ առաջնությունում մասնակից թիմերի թիվը հասել է 10-ի։ Այսքան թիմ մասնակցել էլ 2002 թվականին։ Ավելացել է Առաջին խմբի առաջնության թիմերի թիվը՝ 17, ընդ որում ստեղծվել են 9 նոր ակումբներ։ Առաջին խմբի թիմերից է Ստեփանակերտի «Լեռնային Արցախը», որը հանդիպումները անց կկացնի Սիսիանի արհեստական խոտածածկով մարզադաշտում, ապա Գորիսի քաղաքային մարզադաշտում, որի վերանորոգումը ընթացքի մեջ է։

Հինգերորդ, հունիսի սկզբին Արցախում անց է կացվել Եվրոպայի չճանաչված ֆուտբոլային երկրների առաջնությունը՝ CONOFA-2019-ը։

Եվ վերջապես վեցերորդ, Երևանի երեք մարզադաշտերը, որոնք համապատասխանում են ՈՒԵՖԱ-ի նվազագույն չափանիշներին՝ «Հանրապետական», «Բանանց» և «Ավանի ակադեմիա», դառնում են մարդաշատ, ընդ որում՝ վաճառվող տոմսերի շնորհիվ։

Այո, ֆուտբոլի համար, ինչպես գրքի, կինոյի, թատրոնի, պետք է վճարել։ Թեև շատ չնչին, սակայն այդ վճարումների արդյունքում ևս պետք է թիմերը հոգան իրենց ֆինանսական կարիքները։ Առանց ֆուտբոլասերի Հայաստանում ֆուտբոլը չի կարող զարգանալ։

Եվ վերջում, հնարավոր է՞, որ Հայաստանի ազգային հավաքականը մինչև 2050 թվականը դառնա ֆուտբոլի աշխարհի կամ Եվրոպայի առաջնության մեդալակիր, ինչպես օգոստոսի 5-ին Ստեփանակերտի իր ելույթում խոստանում-պլանավորում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Մինչ կփորձեք այս հարցի պատասխանը գտնել, ես շտապեմ դեպի տոմսարկղ և գնեմ «Փյունիկ»-«Վուլվերհեմփթոն» հանդիպման 4 տոմս։

Վաղը, օգոստոսի 8-ի երեկոյան, հանդիպում ենք «»Հանրապետականում» և ասում՝ մենք անգլիական «գայլերից» չենք վախենում։

Մեկնաբանել