Օգանովսկու խմբում եղել են նախկին զինվորականներ. Սեդա Սաֆարյան

Մարտի 1-ի փաստահավաք խմբի անդամ, նույն քրեական գործով տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի համար BBC-ի հրապարակումը նորություն չէ։ Նա ասում է, որ գործում բազմաթիվ ցուցմունքներ կան, որոնք վկայում են այդ մասին։

Այսօր` օգոստոսի 8-ին, BBC-ի ռուսական ծառայությունը հոդված է հրապարակել այն մասին, որ իրենց մոտ են հայտնվել մարտի 1-ի գործի վերաբերյալ Հատուկ քննչական ծառայության փաստաթղթղեր, որոնք փաստում են՝ ցուցարաների վրա կրակել է Ղարաբաղից բերված խումբը՝ գեներալ Սամվել Կարապետյանի (Օգանովսկի) ղեկավարությամբ։

«Բազմաթիվ ցուցմունքներ կան քրեական գործում, այնպես որ դա նորություն չէ։ Իրականում ՀՔԾ-ն քննել է բազմաթիվ մարդկանց, ովքեր վկայել են այն մասին, որ խումբ է եղել, այդ խումբը իրականացրել է մարտի 1-ի հիմնական գործողությունները»,- ասաց Սեդա Սաֆարյանը։

ՍիվիլՆեթը մայիսին հրապարակել էր Մարտի 1-ի քրեական գործի նախաքննական եզրակացությունից հատվածներ, որի համաձայն՝ 2008-ի արյունալի իրադարձություններից առաջ «Երևան քաղաք են տեղափոխվել և «Հրազդան» հյուրանոցում տեղակայվել Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության հատուկ նշանակության ջոկատի շուրջ 20 ծառայողներ»: Սեդա Սաֆարյանից հետաքրքրվեցինք, թե Սամվել Կարապետյանի ղեկավարությամբ գործող խումբը հենց նո՞ւյն ջոկատի ծառայողներից է կազմված եղել. «Ոչ, ԱԱԾ-ից ուժեր եղել են, այն ևս մասնակից է եղել։ Խոսքը գնում է Օգանովսկու կողմից 60 հոգի բերելու մասին․ նրանց շարքում եղել են նախկին զինվորականներ ու կռվածներ, ինչ-որ խումբ է ստեղծվել ու այն Հայաստան է բերվել»,- հայտնեց տիկին Սաֆարյանը։

Նա ասաց, որ փաստահավաք խմբի աշխատանքների ժամանակ նրանք ևս տեղյակ են եղել այս հանգամանքի մասին, սակայն իրավասու չեն եղել գործողություններ իրականացնել. «Մենք գիտեինք, որ Արցախի բանակը մասնակից է եղել, բայց այդ ուղղությամբ քննություն չենք տարել ու չենք կարողացել տանել, բայց ՀՔԾ-ն է խորացրել դրա քննությամբ և նման փաստեր արձանագրել»,- նշեց Սեդա Սաֆարյանը։

Գևորգ Թոսունյան