Սոցիալական ցանցերում ակտիվորեն շրջանառվում են տրանսպորտային գրպանահատության՝ վերջերս հաճախակի դարձած դեպքերը։ Օգտատերերը տարածում են գրպանահատների նկարները, թեգում իրավապահ մարմինների էջերը։ Այս ամենին արձագանքելով՝ ոստիկանությունն այսօր՝ օգոստոսի 8-ին, ասուլիս էր հրավիրել՝ ներկայացնելու գրպանահատության դեմ պայքարի շրջանակում ոստիկանության կատարած աշխատանքների արդյունքները։
Ոստիկանության գնդապետ Հակոբ Պետրոսյանի խոսքով՝ 2019-ի առաջին կիսամյակում գրանցված գրպանահատությունները նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատությամբ աճել են 70%-ով։ Նման ցուցանիշը մի քանի պատճառ ունի։ Գրպանահատության դեպքերի միայն 10%-ն է քրեորեն հետապնդվում, քանի որ քաղաքացիների մեծ մասը ոստիկանություն չի դիմում կամ հետագայում հրաժարվում է իր բողոքից։
«Ըստ քրեադատավարական կարգավորումների՝ գրպանահատությունը մասնավոր մեղադրանքի գործ է, ինչը բարդացնում է ոստիկանության աշխատանքները: Նման գործերը հարուցվում են միայն տուժողի բողոքի հիման վրա, այսինքն, եթե մենք քրեական գործով չունենք տուժողի բողոք, քրեական հետապնդում չի կարող իրականացվել»,- մանրամասնեց Հակոբ Պետրոսյանը։
Գրպանահատության ռեցիդիվը, ի տարբերություն այլ հանցատեսակների, շատ բարձր է։ Գրպանահատներն իրենց գործողությունները դիտարկում են որպես արհեստ, ուսմունք՝ շարունակաբար զարգացնելով իրենց «հմտությունները»։
«Գրպանահատությունը դասվում է դժվար բացահայտվող հանցատեսակների շարքին, սակայն Հայաստանում դրա բացահայտման տոկոսը բարձր է՝ մոտ 45%»,- ընդգծեց Հակոբ Պետրոսյանը:
Վիճակագրակությունը վկայում է, որ գրպանահատության շուրջ 95%-ը կատարվում է Երևանում՝ հիմնականում հասարակակնան տրանսպորտում։
Ժաննա Պողոսյան