5 միլիոն մարդ Հայաստանում

Երբ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ 2040 թվականին Հայաստանի բնակչությունը կլինի 4 միլիոն, շատերը դա համարեցին անլուրջ և անիրատեսական, ճիշտ այնպես, ինչպես 5 միլիոն թիվն է համարվում 2050-ի համար անլուրջ ու անիրատեսական, որն օրերս Արցախում բարձրաձայնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Երկու դեպքում էլ կասկածն ու հոռետեսությունը լուրջ հիմքեր ունեն, որովհետև երբ դու հայտարարում ես, որ 20 կամ 30 տարի հետո Հայաստանի բնակչությունը պետք է լինի 4 կամ 5 միլիոն, մարդը բացում է նախորդ 20 կամ 30 տարվա վիճակագրությունը և պարզում, որ 1991-ի անկախությունից ի վեր, պաշտոնական տվյալներով, Հայաստանից հեռացել ու չի վերադարձել ավելի քան 1 միլիոն մարդ, իսկ երիտասարդությունը ձգտում է հաստատվել Արևմտյան Եվրոպայում, ԱՄՆ-ում, այլ բարեկեցիկ անկյուններում։

Մասնավորապես, ինչպե՞ս հավատաս Սերժ Սարգսյանի 4 միլիոնին, երբ նրա նախագահության 10 տարիներին երկրից հեռացել և չի վերադարձել ավելի քան 350 հազար մարդ։

Նիկոլ Փաշինյանի դեպքում իրավիճակը այլ է․ տեղի է ունեցել հեղափոխություն, մարդկանց մոտ կան սպասումներ, ոգևորություն, ապագայի նկատմամաբ հույս ու հավատ, ինչը իր ուղղակի արտահայտությունն է գտել արտագաղթի տեմպերի վրա։ Այսօր, փաստացի, Հայաստանից արտագաղթ չկա, բայց եթե չլինեն կտրուկ փոփոխություններ, ապա այն կարող է նորից սկսվել, ընդ որում՝ մոտ ապագայում և նոր տեմպերով։

Եթե ընդունենք, որ առաջիկայում Հայաստանը կգտնվի զարգացման փուլում, ներքաղաքական ցնցումներ չեն լինի, ապա արդյոք հնարավո՞ր էՀայաստանում, ներառյալ Արցախը, ունենալ 5 միլիոն բնակիչ։ Հարցին հնարավոր չէ ճիշտ պատասխանել, քանի որ մենք չենք կարող կանխատեսել, թե ներքաղաքական, տարածաշրջանային և միջազգային ինչպեսի զարգացումներ կլինեն։ Նշենք, որ ՄԱԿ-ի՝ 2017 թվականի հուլիսի 21-ին հրապարակած զեկույցում կանխատեսվում է, որ 2050 թվականին Հայաստանի բնակչությունը կկազմի մոտ 2 միլիոն 700 հազար մարդ։

Այդուհանդերձ, լավատեսական ցանկություններն ու երազանքը վնասակար չեն։

Բայց, որպեսզի հասկանանք ժողովրդագրական տեղաշարժերի տրամաբանությունը, եկեք հայացք նետենք անցյալին և տեսնենք, թե որքան է եղել Հայաստանի բնակչությունը վերջին 190 տարիներին, երբ իրականությանը մոտ մարդահամարներ կամ մարդահաշվարկներ են անց կացվել։ Առաջին անգամ մարդահաշվարկ անց է կացվել 1831-ին, երբ Ռուսաստանը Պարսկաստանից գրավեց և իրեն միացրեց Արևելյան Հայաստանը և նրա մի մասի վրա ձևավորեց վարչական միավոր հստակ սահմաններով՝ Հայկական մարզը։

Անցյալով, անշուշտ, չես կարող կանխատեսել ապագան, բայց անցյալի միտումները ուսանելի են և կարևոր։

190 տարի առաջ այսօրվա սահմաններով Հայաստան չի եղել։ Երբ ձևավորվեց Հայկական մարզը, բնակչության թիվը 161 747 հոգի էր, որից հայերը՝ 110 671, մուսուլմանները՝ 50 274, այլք՝ 802 հոգի: Հայկական մարզի տարածքը մոտ 20 հազար քառակուսի կիլոմետր էր, կրկնակի պակաս, քան Հայաստան-Արցախը միասին այսօր։

1831-ից հետո հաջորդ մարդահաշվարկը անց կացվեց 1873-ին՝ շուրջ 40 տարի անց։ Առաջին անգամ այդ օրվա Հայաստանի բնակչությանը թիվը հասավ կես միլիոնի գրեթե, այսպիսով, 40 տարվա ընթացքում բնակչության թիվը եռապատկվեց։

1897 թվականին անցկացվեց ցարական Ռուսաստանի առաջին և վերջին մարդահամարը, համաձայն որի, Հայաստանի բանկչության թիվը կազմեց գրեթե 800 հազար։ Այսպիսով, 66 տարիների ընթացքում՝ 1831-ից մինչև 1897-ը, Հայաստանի բնակչության քանակը ուղիղ հնգապատկվեց։

Այստեղ մեկ կարևոր իրողություն նշենք։ Այդ ժամանակաշրջանում Արևելյան Հայաստանի ամենահայահոծ շրջանները՝ Թիֆլիսի և Ելիզավետպոլի նահանգները, մաս չէին կազմում Հայկական նահանգի։ Այսինքն՝ 800 հազարի մեջ չեն մտնում Թիֆլիսի, Արցախի, Սյունիքի հայությունը։

Առաջին աշխարհամարտի նախօրեին՝ 1914-ին, Հայկական նահանգում բնակչության թիվը անցավ 1 միլիոնից։

Հայաստանի Հանրապետության շրջանում հստակ մարդահամար անց չի կացվել, սակայն տարբեր տվյալների համադրումով՝ 1919-ին ՀՀ-ում բնակչության թիվը կազմել է մոտ 960 հազար, ներառյալ արևմտահայ գաղթականությունը, որ հետևանք էր Հայոց ցեղասպանության։

1926-ին, երբ արդեն Հայաստանը դարձել էր Խորհրդային Հայաստան մոտ 30 հազար քառակուսի կիլոմետր տարածքով, բնակչության թիվը 880 464 էր։ 1926-ին ԽՍՀՄ-ում անց կացվեց առաջին մարդահամարը, այդ պատճառով՝ 880 464-ը համարենք ճշգրիտ թիվ։

1989 թվականին ԽՍՀՄ-ում անց կացվեց վերջին՝ 6-րդ մարդահամարը, համաձայն որի, Խորհրդային Հայաստանի բնակչության թիվը կազմեց 3,304,776 հոգի։ Այսպիսով, 1926-1989 ժամանակաշրջանում, շուրջ 60 տարիների ընթացքում, Հայաստանի բնակչությունը ավելացավ 3,7 անգամ, գրեթե քառապատկվեց։ Եվ սա այն դեպքում, երբ Խորհրդային Հայաստանը Երկրորդ աշխարհամարտում տվեց շուրջ 250 հազար զոհ, այն էլ՝ երիտասարդության և վերարտադրողականության տարիքի բնակչության շրջանում։

Քանի որ թվերը կարևոր են, ներկայացնենք ԽՍՀՄ բոլոր 6 մարդահամարի տվյալները Խորհրդային Հայաստանի համար․

1926 թվական 880 464 ԽՍՀՄ առաջին մարդահամար

1939 թվական 1 282 338 ԽՍՀՄ երկրորդ մարդահամար

1959 թվական 1 763 048 ԽՍՀՄ երրորդ մարդահամար

1970 թվական 2 491 873 ԽՍՀՄ չորրորդ մարդահամար

1979 թվական 3 037 259 ԽՍՀՄ հինգերորդ մարդահամար

1989 թվական 3 304 776 ԽՍՀՄ վեցերորդ մարդահամար

Ինչպես տեսնում ենք, շուրջ 60 տարվա ընթացքում Հայաստանի բնակչությունը գրեթե քառապատկվել է։

Եթե 60 տարվա ընթացքում Հայաստանի բնակչությունը քառապատկվում է, ապա ինչո՞ւ հնարավոր չէ, որ առաջիկա 30 տարվա ընթացքում Հայաստան-Արցախի բնակչությունը 3 միլիոնից հասնի 5 միլիոնի։

Դա, անշուշտ, հնարավոր է, բայց կան հանգամանքներ, առանց որոնց Հայաստանի բնակչությունը ոչ միայն չի հասնի 5 միլիոնի 2050-ին, ինչպես կանխատեսում-խոստանում է Նիկոլ Փաշինյանը, այլ կնվազի մինչև 2,7 միլիոնի նույն 2050-ին, ինչպես կանխատեսում է ՄԱԿ-ը։

Նշենք այդ հանգամանքներից մի քանիսը․ Հայաստանի տնտեսության շարունակական և իրական աճ, որը կստեղծի նոր աշխատատեղեր, սոցիալական հստակ քաղաքականությունը, որը կխրախուսի ծնելիությունը, այսինքն՝ երեք-չորս երեխան մեկ ընտանիքում կլինի շահավետ ընտանիքի համար, ներգաղթ (աշխարհում բնակվող հայերի թիվը հաշվվում է 5-6 միլիոն, չհաշված Հայաստանը), տարածաշրջանային խաղաղություն և կայունություն․․․

Եվ վերջում․ դժվար է կանխատեսել, թե որքան կլինի Հայաստան-Արցախի բնակչությունը 2050-ին, բայց պետք է նպատակ դնել և հստակ քաղաքականություն մշակել, որ 30 տարի անց ունենանք 5 միլիոն բնակիչ, կամ՝ 4 միլիոն բնակիչ։

Մեկնաբանել