ՍիվիլՆեթն արժանացել է Fritt Ord և ZEIT-Stiftung հիմնադրամների Ազատ մամուլի մրցանակին

ՍիվիլՆեթ մեդիա հարթակն արժանացել է Fritt Ord (Նորվեգիա) և ZEIT-Stiftung (Գերմանիա) երկու հիմնադրամների Ազատ մամուլի մրցանակին․ այս մասին ասված է Fritt Ord-ի կայքում։ Մրցանակի նպատակն է աջակցել այն լրագրողների անկախ գործունեությանը, որոնք շարունակում են խոսել և խնդիրներ բարձրաձայնել՝ չնայած բռնաճնշումներին ու ֆինանսական դժվարություններին։ Մրցանակակիրների թվում են՝ 7×7 ռուսաստանյան առցանց ամսագիրը, The Insider ռուսաստանյան պարբերականը, ադրբեջանցի հետաքննող լրագրող Հաֆիզ Բաբալին, Novoye Vremya ուկրաինական ամսագիրը։

«Հայաստանյան ՍիվիլՆեթ մեդիա հարթակը կարևոր դերակատարություն է ունեցել անցյալ տարի զանգվածային ցույցերի ընթացքում՝ Հայաստանում և Հայաստանից դուրս մարդկանց տեղեկացնելով քաղաքացիական և քաղաքական հեղափոխության ընթացքի մասին։ ՍիվիլՆեթը զանգվածային ցույցերը լուսաբանել է շուրջօրյա ուղիղ հեռարձակումներով և այն պարբերականներից մեկն է, որն ուշադիր հետևել է հետագա քաղաքական զարգացումներին։ ՍիվիլՆեթը լուսաբանում է այն թեմաները, որոնք սովորաբար անտեսվում են գլխավոր լրատվամիջոցների կողմից՝ կլիմային ու բնապահպանությանը առնչվող հարցեր, կանանց, փոքրամասնությունների և հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքներ, ստեղծագործական ազատություն և այլ հարցեր, որոնք վերաբերում են երիտասարդ սերնդին։ Նրանք լուսաբանում են նաև հարևան Թուրքիայից՝ չնայած երկու երկրների միջև պետական սահմանը փակ է և չկան դիվանագիտական հարաբերություններ։ ՍիվիլՆեթն իր լուրերը հրապարակում է հայերեն և անգլերեն և աստիճանաբար դարձել է տեղեկատվության հուսալի և կարևոր խողովակ հայ հասարակության, ինչպես նաև ԱՄՆ-ի ու եվրոպական երկրների հայկական համայնքների համար։ Դա մեծացրել է միջազգային ներգրավվածությունը հայաստանյան քաղաքականությունում և հայաստանյան կենսակերպում»,- ասված է հիմնադրամի հաղորդագրությունում։

Ազատ մամուլի մրցանակը շնորհվում է ամեն տարի՝ սկսած 2016-ից, անկախ լրագրողներին ու խիզախ մեդիա կազմակերպություններին Ռուսաստանից, Ուկրաինայից, Ադրբեջանից, Բելառուսից, Վրաստանից, Հայաստանից ու Ադրբեջանից։ 2019-ի մրցանակը կշնորհվի Fritt Ord և ZEIT-Stiftung երկու հիմնադրամների հովանու ներքո կայանալիք Ազատ մամուլի մրցանակի համաժողովի ընթացքում, որը կանցկացվի նոյեմբերի 18-19-ը Վիլնյուսում։ Մրցանակը կազմում է 15 հազար եվրո։