«Դիրքերի բարելավում». ՊՆ խոսնակը՝ Տավուշում «140 հեկտար տարածք ազատագրելու» մասին

Ադրբեջանի հետ սահմանին՝ Տավուշի մարզում, տեղի է ունեցել հայկական բանակի դիրքերի բարելավում. այս մասին ՍիվիլՆեթին հայտնեց պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով լուրերը, թե «հայկական բանակը ռազմավարական բարձունքներ է գրավել Ադրբեջանի հետ սահմանին՝ ազատագրելով 140 հեկտար տարածք»։

«Տեղի է ունեցել դիրքերի բարելավում»,- ասաց ՊՆ մամուլի խոսնակը՝ այլ մանրամասներ չհաղորդելով։ Նշեց միայն, որ սա մշտական գործընթաց է։

Երեկվանից մամուլում շրջանառվում է լուրը, որ «տարիներ շարունակ անհանգիստ Չինարին այլև չեն կարողանա գնդակոծել»։ Վերջին օպերացիայի արդյունքում 3 գլխավոր ռազմավարական բարձունքները, որտեղից Չինարի գյուղը ուղիղ նշանառության տակ էր, վերադարձել են Հայաստան, հայկական ուժերի զբաղեցրած գերադաս դիրքերից ուղիղ նշանառության տակ է հայտնվել Ադրբեջան-Վրաստան ավտոմայրուղին:

Այս լուրը սոցիալական ցանցերում տարածում են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները, ինչպես նաև Ազգային ժողովի խոսնակը։

Միևնույն ժամանակ, ադրբեջանական մամուլը պնդում է, որ ադրբեջանական զինված ուժերն են առաջխաղացում գրանցել Հայաստանի հետ սահմանին։

Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ նման հայտարարություններ Արդրբեջանը միշտ էլ արել է․ «Վերջերս էլ հայտարարել էին, թե Նախիջևանի սահմանին մի քանի հազար հա առաջ են եկել և այլն։ Միշտ էլ հայտարարել են։ Նորություն չէ դա, ե՞րբ չեն ասել նման բաներ»։

Աստղիկ Գաուդյան

Մեկնաբանել