Կառավարությունն Արցախում ՏԻՄ ընտրություններին դիտորդության համար գումար է հատկացնում

Կառավարությունն այսօր որոշեց սեպտեմբերին Արցախում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար 33 մլն դրամից ավելի գումար տրամադրել։ Այդ գումարը կփոխանցվի Հայաստանում գործող և դիտորդական առաքելության փորձ ունեցող երկու կազմակերպությունների՝ «Իրազեկ քաղաքացիների միավորման» Ստեփանակերտի գրասենյակին (16 մլն դրամ) և «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնին (17 մլն դրամ)։

«Սա ըստ էության շատ կարևոր որոշում եմ համարում։ Հայաստանի կառավարությունը և անձամբ ես համարում եմ, որ Հայաստանը պետք է հավելյալ երաշխիքների ստեղծմանը աջակցի, որ երաշխավորվի Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտությունը, և սա այդ միջոցառումների ցանկի մեջ գտնվող գործողություն է, որը նաև աննախադեպ է»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը Ֆեյսբուքում անդրադարձել է կառավարության այսօրվա որոշմանը՝ շեշտելով, որ «սա աննախադեպ որոշում է․ Հայաստանի կառավարությունը ժողովրդավարության համար նախկինում միշտ փող խնդրողի դերում էր, իսկ այժմ՝ հատկացնողի»:

Այս տարվա սեպտեմբերի 8-ին Արցախի ութ համայնքներում տեղի կունենան ընտրություններ, այդ թվում՝ Ստեփանակերտում և Շուշիում։ Կառավարության ֆինանսական հատկացումն ուղղված է լինելու այս ընտրություններին դիտորդական առաքելության իրականացմանը։

2020-ին Արցախում նախատեսվում է անցկացնել համընդհանուր ընտրություններ։ Արցախցիները նույն օրը կընտրեն երկրի նախագահ և Ազգային ժողով։

Գևորգ Թոսունյան

Մեկնաբանել