Հատուկ ջանքեր պետք է ներդնենք, որպեսզի բնությանը վնաս չտանք․ Արմեն Սարգսյան

Նախագահի աշխատակազմը հրապարակել է Արմեն Սարգսյանի հայտարարությունը, որում նա անդրադարձել է բնապահպանական խնդիրներին։ Հայտարարությունում, սակայն, ոչ մի խոսք չկա Ամուլսարի հանքի շահագործման մասին։

«Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հետևողականորեն հանդես է գալիս այն քաղաքական որոշումների ընդունման օգտին, որոնք բխում են հայկական պետականության ամրապնդման և մեր ազգային շահերից։

Թեև Սահմանադրությամբ նախագահը իրավասու չէ միջամտելու իշխանության մյուս մարմինների աշխատանքին, սակայն մշտապես պատրաստակամ է համազգային և համապետական կարևորություն ունեցող հարցերի դեպքում օգտակար լինել իր փորձառությամբ ու խորհուրդներով։

Միևնույն ժամանակ ցանկանում ենք հիշեցնել, որ վերջերս Լոռու մարզ այցելության ժամանակ, կարևորելով բնապահպանության խնդիրը, Հանրապետության նախագահը մասնավորապես նշել էր.

«Հատուկ ջանքեր պետք է ներդնենք, որպեսզի բնությանը վնաս չտանք։ Պետք է հստակ ծրագիր ունենանք, թե ինչ ենք անում՝ և՛ բնապահպանության, և՛ տնտեսության, և՛ զարգացման, և՛ զբոսաշրջության ոլորտներում»,- ասված է նախագահի հայտարարությունում։

Լուսանկարում՝ Արմեն Սարգսյանը Լոռու մարզում

Մեկնաբանել