Ճանապարհը փակած արճիսցիները համաձայնության են եկել մարզպետի հետ

Լուսանկարը՝ Գարիկ Միսկարյանի

Տավուշի մարզի Արճիս գյուղի բնակիչները համաձայնության են եկել մարզետ Հայկ Չոբանյանի հետ ջրի խնդրի իրենց պահանջը բավարարելու վերաբերյալ։

Վաղ առավոտից արճիսցիները փակել էին Ալավերդիից Վանաձոր տանող ճանապարհը՝ պահանջելով օր առաջ լուծում տալ խմելու ջրի օրհասական խնդրին։ Գյուղում ջրի խնդիրը նոր չէ, սակայն ամեն տարի այն ավելի է սրվում, այս տարի էլ՝ աղբյուրների չորացման պատճառով։ Երկու ամիս առաջ գյուղացիները նույն պահանջով փակել էին ճանապարհը։ Արճիսցներն ասում են, որ մարզպետարանից եկել ու կազմել էին նախահաշիվ, ուղարկել կառավարություն, որպեսզի նախագիծը մտներ գործադիրի օրակարգ և հաստատվեր, սակայն այդպես էլ ոչինչ չի արվել։

Ճանապարհը փակողներից Գարիկ Միսկարյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց․ «Երկրորդ անգամ արդեն այսօր փակել էինք, քանի որ ուզում էինք հասկանալ՝ երբ է ծրագիրը հաստատվելու և պահանջենք, որ հաստատվի։ Մյուս պահանջն այն էր, որ ինչ-որ միջանկյալ լուծում տան հարցին, մինչև այդ ծրագրի մեկնարկը»։

3-4 ժամ ճանապարհը փակ պահելուց հետո, գյուղացիներին է հանդիպել Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, խոստացել, որ ժամանակավոր լուծումը կտրվի հենց այսօր։

«Մեր գյուղի միջով անցնում է ջրի մեծ մագիստրալ, որից գյուղը չի օգտվում։ Մարզպետը խոստացավ, որ գյուղը կօգտվի դրանից, մինչև կառավարությանը ներկայացված այդ հարյուր միլիոնանոց ծրագիրը կհաստատվի և կմեկնարկի»,- ասաց Գարիկ Միսկարյանը։

Ճանապարհն այժմ բաց է։

Սաթենիկ Հակոբյան

Մեկնաբանել