ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության երեք սկզբունքները։ Նախարարը ծավալուն ելույթ է ունեցել ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովին։ Ելույթից մի հատված ստորև։
ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ
Այս սկզբունքի առանցքը Հայաստանակենտրոնությունն է՝ առաջին հերթին Հայաստանի պետական շահերի, անկախ էթնիկ կամ կրոնական պատկանելության Հայաստանի բոլոր քաղաքացիների պաշտպանությունը: Անկախ արտաքին քաղաքականություն իրականացնելու համար հիմնարար պայմանն է ինքնիշխանության սկզբունքի ամրագրումը: Հայաստանի դիվանագիտական գործունեության մեջ առաջին հերթին հարցերը պետք է հենց այս տեսանկյունից դիտարկել: Հայկական դիվանագիտության մեջ հենքային այս սկզբունքն առավել կարևոր նշանակություն է ձեռք բերում ներկայիս աշխարհակարգի գլոբալ անորոշության պայմաններում, երբ առաջնային անվտանգության և զարգացման հիմնական մարտահրավերները կարող են լուծվել միմիայն ինքնուրույն և ինքնիշխան որոշումների հիման վրա:
ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Սա և սկզբունք է և միջոց: Առաջին հայացքից հավակնոտ թվացող այս սկզբունքը արտացոլում է ոչ միայն Հայաստանի որպես հայության կենտրոն և գործողությունների առանցք լինելու հանգամանքը, այլև Հայկական դիվանագիտության կողմից Հայաստանի Հանրապետությունը, Արցախը և աշխարհասփյուռ հայությունը որպես մեկ միասնական միավոր դիտարկելու անհրաժեշտությունը, դրանից բխող միասնական ազգային օրակարգով: Վստահ ենք, որ այսպիսի գործնական փոխադարձ համագործակցության մթնոլորտի ստեղծումը Հայաստանի և աշխարհասփյուռ Հայության միջև կարող է նպաստավոր միջավայր ապահովել Հայաստանի արտաքին քաղաքականության արդյունավետ իրականացման համար:
Համահայկականության սկզբունքը ենթադրում է մեր ազգային ինքնության պաշտպանությունը, պահպանությունը, զարգացումը, անհատի, համազգային կառույցների, պետության մակարդակներում՝ ուղղված համազգային խնդիրների վերհանմանն ու հետապնդմանը, հայկական ժառանգության, միասնության և համերաշխության պահպանմանը։ Այս սկզբունքն առաջին անգամ է ամրագրվում մեր արտաքին քաղաքականության մեջ և հանդիսանալու է մեր դիվանագիտական գործունեության այն գլոբալ հովանոցը, որն իր մեջ բնականորեն ներառում է համազգային շահերի պաշտպանությունը: Համահայկականության սկզբունքի գործադրումը պետք է ապահովի փոխադարձ աշխարհասփյուռ Հայության ամուր գործնական կապը Հայաստանի հետ:
ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Հայաստանը պատրաստ է իրավահավասար և փոխշահավետ գործակցության ցանկացած պետության հետ:
Հայաստանը շարունակելու է աշխատել տարածաշրջանային խաղաղության, անվտանգության և զարգացման ուղղությամբ և այս նպատակով համագործակցել բարեկամ պետությունների և բոլոր մյուս գործընկներների հետ։
Մենք շարունակելու ենք նաև մեր ներդրումն ունենալ միջազգային անվտանգության և միջազգային համագործակցության մեջ՝ նպաստելով գլոբալ հիմնախնդիրների լուծմանը և սերտ համագործակցելով մեր բոլոր գործընկների հետ երկկողմ և բազմակողմ հնարավոր բոլոր ձևաչափերով:
Ելույթն ամբողջությամբ՝ այստեղ։