ԱԱԾ-ն բերման կենթարկի Գագիկ Խաչատրյանին. նա մեղադրվում է տասնյակ միլիոնավոր դոլարների վատնման մեջ

Ֆինանսների նախկին նախարար և Պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի և նրա հետ փոխկապակցված անձանց բնակարաններում ու գրասենյակներում ԱԱԾ-ն այսօր առավոտից իրականացնում է խուզարկություններ, որոնց ավարտից հետո Գագիկ Խաչատրյանը բերման է ենթարկվելու ԱԱԾ՝ քրեական գործի շրջանակում․ օգոստոսի 27-ին լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին տեղեկացրել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։

«Քրեական գործը հարուցված է պաշտոնավարման շրջանում խոշոր չափերի վատնման ու պաշտոնեական դիրքի չարաշահման հատկանիշներով»,- ասել է Վանեցյանը՝ շեշտելով, որ խոսքը տասնյակ միլիոնավոր դոլարների մասին է։ Նա չի բացառել, որ Խաչատրյանին առաջադրվելիք մեղադրանքը կլրացվի։ Հարուցված քրեական գործով Գագիկ Խաչատրյանը մի քանի անգամ որպես վկա հրավիրվել է ԱԱԾ և, ըստ Վանեցյանի, «ապացույցների բավարար համակցությունը թույլ է տալիս նրան մեղադրանք առաջադրել»։

Վանեցյանի խոսքով՝ քրեական գործում ներգրավված է նաև Կարեն Խաչատրյանը՝ Գագիկ Խաչատրյանի եղբորորդին և ՊԵԿ ներքին անվտանգության պետը։ Խուզարկություն է անցկացվել նաև Խաչատրյանի՝ Ծաղկաձորում գտնվող առանձնատանը։ Արթուր Վանեցյանն ասել է, որ օրվա ավարտին քրեական գործի մասին ԱԱԾ-ն հաղորդագրություն կտարածի։

Մկրտիչ Կարապետյան

Մեկնաբանել